Դի Կապրիոյի երկրկպագուների կողմիցՙ ժողովրդական արձանիկի համար
Լեոնարդո Դի Կապրիո. գեղեցկադեմ հոլիվուդյան դերասանը, որի մեջ հոսում են ամերիկացու, իտալացու, գերամանացու եւ ռուսի արյուն, սիրում են բոլորը: Կարծես փառքի գագաթնակետին հասած դերասանին էլ ոչինչ հարկավոր չէ, սակայն…
Ա՜խ այդ «Օսկարը»…
Արդեն վեցերորդ անգամ հոլիվուդյան դերասանն առաջադրվել է «Օսկար» մրցանակին, որը նախկինում երբեւէ չի ստացել, չնայած….
Նշենք, որ Դի Կապրիոն այս տարի առաջադրվել է Ալեխանդրո Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում խաղացած դերի համար «Լավագույն դերասան» անվանակարգում:
Դերասանն այդ առթիվ ասել է, որ ուրախ է եւ հուզված վեցերորդ անգամ հեղինակավոր «Օսկար» մրցանակի առաջադրվելու համար. «Ես հուզված եմ, իրոք հուզված եմ»:
Դի Կապրիոյի հուզմունքը վստահ ենք կկրկնապատկվի, երբ իմանա, որ իր երկրպագուները Յակուտիայում ավարտել են արծաթի եւ ոսկու հավաքումըՙ դերասանին ժողովրդական արձանիկ հանձնելու համար:
Ծրագրի կազմակերպիչ Տատյանա Եգորովան տեղեկացրել է, որ հավաքվել Է 1 կիլոգրամ 386 գրամ արծաթ եւ 3,49 գրամ ոսկի եւ արձանիկը պատրաստ կլինի շուտով:
«Ակցիային մասնակցել են դերասանի 144 երկրպագուներ Յակուտսկից եւ հանրապետության այլ շրջաններից: Բացի դրանից, մենք անցկացրել ենք ժողովրդական արձանիկի անվանման մրցույթ: Նախնական տարբերակն Է «Աստղերի հետ խոսողը»,- նշել Է Եգորովան:
Ի դեպ, ներկայում կազմակերպիչները որոշում են Յակուտսկից ժողովրդական մրցանակը դերասանին հասցնելու հարցը, եւ դեռ հստակեցված չէ, այն կհանձնի ԱՄՆ-ի «20-րդ դար Ֆոքս» կինոընկերությունը, թե՞…
Նշենք, որ Լեոնարդո Դի Կապրիոն առաջին անգամ «Օսկար» մրցանակի է առաջադրվել 1994 թվականինՙ «Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին» ֆիլմում մարմնավորած դերի համար: Այնուհետեւ 2005-ին «Ավիատորը», 2007-ին «Արյունոտ ադամանդ» ֆիլմերում մարմնավորած դերերի համար, 2014-ին «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի համար միանգամից երկու անվանակարգում «Լավագույն պրոդյուսեր» եւ «Լավագույն դերասան»:
Հիշեցնենք, որ Դի Կապրիոն իրեն համարում է կիսով ամերիկացի եւ կիսով ռուս: