Մարտին քննարկվելու են Միության ներսում ավելացված արժեքի հարկման հարցերը
ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար, ԵՏՄ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան հայտարարել էր, որ թեեւ ԵՏՄ տարածքում ոչ տարիֆային պատնեշներ դե յուրե չկան, սակայն կան երկրներ, որ դրանք կիրառում են: Որպես օրինակ նա նշել էր Հայաստանում ԵՏՄ երկրներից ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի գանձումը: Ըստ Վալովայայի, նման պատնեշները «հստակորեն արգելված են օրենսդրությամբ, եւ դրանք պետք է վերացվեն»:
Բնականաբար, այս հայտարարությունը լայն արձագանք գտավ Հայաստանի լրատվամիջոցներում: Շահարկումների պակաս նույնպես չեղավ: Ընդ որում, ուղղված թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ ԵՏՄ կառույցի դեմ: Չուշացավ նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության արձագանքը:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հեռուստատեսային հարցազրուցում հայտարարեց. «Պաշտոնապես հայտարարում եմ` այստեղ որեւէ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան»: Շարունակելով պարզաբանել, փոխնախարարը հետեւյալը հայտնեց. «ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, սակայն գանձվում է ԱԱՀ: Տարբերությունն այն է, որ եթե Գերմանիայից է ներմուծվում, ապա այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, իսկ երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել ներմուծման ամսվան հաջորդող ամսի (մինչեւ) 20-ը»: Ըստ Արմեն Ալավերդյանի, անցումային դրույթներով սահմանին ԱԱՀ գանձելու իրավունքը Հայաստանն ունի եւ մեր երկիրը ԵՏՄ օրենսդրությունը չի խախտել:
Այդուհանդերձ, ԵՏՄ պաշտոնյաները շարունակեցին պնդել, որ Հայաստանը խախտում է միության օրենսդրությունը, իսկ Հայաստանի պաշտոնյաներըՙ թե ամեն ինչ օրենքով է կատարվում:
Իրականում, ԵՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրում իսկապես կա անցումային շրջանՙ 1-8 տարի ժամկետով, որի ընթացքում պետք է միասնականացվեն եւ հստակեցվեն մաքսային հարկային օրենսդրության եւ դրանց կիրառման հետ կապված հարցերը: Այդ շրջանում ԵՏՄ անդամ երկրներն իրավունք ունեն հատուկ կարգ սահմանել իրենց տարածք ներմուծվող ապրանքների համար: Այսինքն, իրականում Ռուսաստանից ներմուծած ավտոմեքենաները հարկելիս, Հայաստանի Հանրապետությունը օգտվում է անցումային շրջանից: Իրավիճակի պարզաբանման նպատակով հավելյալ տեղեկատվություն տրամադրեց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը:
Նախարարության երկարաշունչ եւ տերմիններով լի հայտարարությունից հիմնականը, որ հարկ է հստակեցնել շարքային քաղաքացու համար այն է, որ ԵՏՄ-ի համապատասխան կառույցների հետ այս եւ մի քանի այլ հարցեր քննարկվում են եւ առաջարկներ լինելուն պես կներկայացվեն ՀՀ կառավարություն: Միաժամանակ, փորձենք հնարավորինս պարզեցված անդրադառնալ նախարարության բացատրություններին այս հարցի վերաբերյալ:
Ըստ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության, ԵՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման հարցին հարկ է անդրադառնալ ԵԱՏՄ շրջանակում առեւտրի խոչընդոտների առավել լայն համատեքստում: Նշվում է, որ Միությունում առկա են նմանատիպ մոտ 400 խոչընդոտներ, որոնցից 2015 թվականի ընթացքում համատեղ աշխատանքների արդյունքում վերացվել է ավելի քան 80 խոչընդոտ:
Այժմՙ ավելի կոնկրետ: «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար անհրաժեշտ է, որ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ներմուծողի կողմից ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունըՙ հաստատված ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից: Ընդ որում, այդ հայտարարությունն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնի ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում: Հակառակ պարագայում, ապրանքներ արտահանողի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (ինչպես համապատասխան ապրանքը ՀՀ տարածքում օտարելու դեպքում) առաջադրվում են ԱԱՀ-ի հարկային պարտավորություններ»: Այսինքն, եթե Հայաստանից ապրանք ես արտահանում ԵՏՄ երկրներ, ապա արտահանողը պետք է ներկայացնի այդ ապրանքը ներմուծողի կողմից հարկերի վճարման մասին հայտարարությունըՙ տվյալ դեպքում Հայաստանի հարկային մարմիններին: Այս պարագայում արդեն ԵՏՄ ներսում կգործի զրոյական հարկումը: Հակառակ պարագայում, ավելացված արժեքի հարկը գանձվում է այնպես, ինչպես կգանձվեր ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկրի ներսում գործարք կատարելիս:
Խնդիրն այստեղ այն է, որ միշտ չէ, որ ներմուծողները պատշաճ կատարում են իրենց ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման պարտավորությունները, ինչով էլ պայմանավորված` մեր արտահանողներն ընկնում են լրացուցիչ հարկային պարտավորությունների, այդ թվումՙ տույժերի տակ:
Ինչ վերաբերում է մյուս խնդրինՙ կապված ԵՏՄ-ից Հայաստան ներմուծման հետ: ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծման դեպքում արտահանողը, վստահ չլինելով, որ հայկական կազմակերպությունը կկատարի իր հարկային պարտավորությունները, ապրանքը վաճառում էՙ գնի մեջ ներառելով ԱԱՀ-ն: Սա առաջացնում է ԱԱՀ-ով կրկնակի հարկում, որը վճարվում է ե՛ւ արտահանող երկրում, ե՛ւ Հայաստանում: Սա վերաբերում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց: Հետեւաբար, «ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման պարագայում Հայաստանում ԱԱՀ-ով չհարկումը կստեղծեր անհավասար մրցակցային պայմաններ»:
Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության տեղեկացմամբ, ԵՏՄ անդամ մյուս երկրների եւ ԵՏՄ հանձնաժողովի մասնակցությամբ մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել արձանագրության նախագիծ, որով նախատեսվում է հստակեցնել եւ պարզեցնել ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացը: Մարտին ԵԱՏՄ հարկային հարցերի խորհրդատվական կոմիտեի նիստի օրակարգում արդեն իսկ ընդգրկված են թե՛ ավտոմեքենաներ ներմուծելիս, թե՛ ընդհանուր ԱԱՀ կիրարկման հարցերը, որոնց լուծումների հիման վրա էլ առաջարկություններ կներկայացվեն ՀՀ կառավարություն:
Այսինքն, առաջիկայում այս խնդրին հանգուցալուծում կլինի, որը հուսով ենք բացասաբար չի անդրադառնա պետական բյուջեի մուտքերի վրա, միաժամանակ չի առաջացնի հավելյալ կամ կրկնակի հարկում ԵՏՄ-ից ավտոմեքենաներ ներմուծելիս եւ ընդհանրապես միության ներսում արտահանման եւ ներմուծման ժամանակ:
Հ.Գ.- Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ ԵՏՄ երկրներից ՀՀ քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ հարկման խնդրին: Նա հետեւյալն ասաց. «Խնդիրը ԵՏՄ համար նոր չէ: Ղազախստանում նույնպես գործել է նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր չէ նաեւ մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը անընդհատ ու ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ-ի իր գործընկերների հետ, առեւտրի հիմնական խոչընդոտ հանդիսացող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ` մենք որոշել ենք վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը»: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանի առաջարկով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը մտցվեց նիստի օրակարգ, որով նախատեսվում է Եվրասիական տնտեսական միությունից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկը չգանձել:
Ըստ վարչապետի, քաղաքացին տարին մեկ մեքենա կարող է ներկրել իր օգտագործման համար եւ այդ դեպքում 2017 թվականի հունվարի 1-ից պետք է ազատվեր ԱԱՀ-ի վճարումից: «Հիմա մենք կրճատում ենք այդ ժամկետը», հայտնեց Հովիկ Աբրահամյանը:
Հարցը ներկայացրեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ առաջարկեց նախագիծն անհետաձգելի ճանաչել եւ երկու օր ժամանակ տրամադրելՙ վերջնական մշակման համար: