ՌԴ արտգործնախարարի հայտարարության մեջ որևէ նորություն չեմ տեսնում, որովհետև այդ երկիրը բոլոր տարիներին և հատկապես վերջին 10 տարիների ընթացքում անընդհատ խոսել է ողջ Արցախի ադրբեջանապատկանության մասին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնելով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Հայաստանը երկար տարիներ «օկուպացրել է» Ադրբեջանի 7 շրջան, և Բաքուն վերադարձրել է իրեն պատկանող հողերը։
«Եթե Ռուսաստանն իր նախագահի բերանով անգամ այսպես կոչված ԼՂԻՄ-ը, որն ընդամենն Արցախի պատառիկն է, միշտ համարել է Ադրբեջանի մաս, ապա նույն Ռուսաստանը մնացյալ տարածքները ևս պետք է համարեր Ադրբեջանի մաս, քանի որ դա բխում էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր դաշնակցային հարաբերություններից։
Հետևաբար սխալ եմ համարում այն կարծիքը, որ Լավրովի տվյալ հայտարարությունը և Հայաստանի նկատմամբ ռուսական դիրքորոշման վատթարացումը կապված են ՀՀ ապիկար, ապաշնորհ և ըստ էության՝ դավաճան կառավարության գործունեության հետ»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Քաղաքագետի խոսքով՝ եթե մենք ի վերջո ցանկանում ենք լուծել Արցախի հարցը, ինքներս մեզնից պետք է սկսենք։
«Արցախը 1989 թվականից անկախացող Հայաստանի Հանրապետության մաս էր։ Բայց 1991 թվականից սկսած՝ Արցախը Հայաստանի ինքնիշխանության գոտուց օտարելու դավադիր քաղաքականությունը հանգեցրել է ներկա իրավիճակին, որովհետև եթե Հայաստանը հրաժարվում է Արցախի նկատմամբ իր ինքնիշխանությունից և արցախյան խնդիրը փոխադրում է այսպես կոչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դաշտ, ապա դրանով իսկ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, հնարավորություն տալիս խոսելու հայկական «ագրեսիայի» մասին»,- նշեց մեր զրուցակիցը։ Վերջում քաղաքագետն ընդգծեց՝ Ռուսաստանը վաղուց խիստ անբարյացակամ դիրքորոշում է որդեգրել Հայաստանի նկատմամբ , իսկ 2010 թվականից սկսած՝ գրեթե բացահայտ դարձել է հայ ժողովրդի, հայկական պետականության և ՀՀ ինքնիշխանության թշնամին, հետևաբեր պետք է համապատասխան վերաբերմունք ստանա։