Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏՎԻՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ

15/04/2016
- 15 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

ԵԱՀԿ-նՙ առանց նոր առաջարկների

Ուշագրավ է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությունը, որն արվեց ԼՂՀ-ում խոցված ադրբեջանական ուղղաթիռի անձնակազմի հուղարկավորության ժամանակ: Նա ասաց, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի ամեն գնով» եւ որ «յուրաքանչյուր սպանված ասկյարի դիմաց կոչնչացվի 100 հայ օկուպանտ» :

Ադրբեջան-Հայաստան բանակցությունները առաջվա պես վերահսկում է Մինսկի խումբը, որին երկուշաբթի օրը վստահություն հայտնեց ՄԱԿ-ը: Կողմերի շփումները վերսկսելու նպատակով համանախագահներն օրերս այցելեցին տարածաշրջան: Դատելով արված հայտարարություններից, միջնորդները նոր առաջարկություններ չունեն: Իրավիճակի վրա ազդելու նոր լծակներ նույնպես չունեն: Հայաստանի հասարակայնությանը հիասթափեցրեց Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն հայտարարությունը, թե խումբը «լիազորված չէ հետաքննելու, թե ով է պատասխանատու տեղի ունեցածի համար» : Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոռլիկը էլ ավելի անորոշ ձեւով ասաց. «Մենք խիստ մտահոգված եւ անհանգստացած ենք իրավախախտումների բոլոր դեպքերից եւ համացանցում ներկայացված դեպքերից» : Միակ նորությունը Պոպովի հաղորդումն էր ԼՂՀ-ին բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու անհրաժեշտության մասին: Բայց տվյալ հարցի լուծման համար հարկավոր է Ադրբեջանի համաձայնությունը:

«Ազգը» ապրիլի 8-ի համարում գրեց, որ Մոսկվան իբր ունի հակամարտության լուծման ծրագիր, որը դեռ չի հրապարակել: Նույն օրը համանման տեղեկություն հրապարակեց մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթըՙ նշելով, որ Մոսկվան չի պարզաբանում կարգավորման նրբերանգները: Լեռնային Ղարաբաղին նվիրված նոր բանակցությունների առնչությամբ թերթը գրում է, որ հակամարտ կողմերից Ադրբեջանը, անկասկած, ակնկալում է ինչ-որ տեղաշարժ իր տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ: ԼՂՀ-ն առաջընթաց է ակնկալում ինքնիշխանության ճանաչման հարցում: Այսինքնՙ ակնկալիքներն իրարամերժ են, ինչպես եղել էին քառօրյա պատերազմից առաջ: Ադրբեջանցի փորձագետների շրջանում գերիշխում է այն կարծիքը, թե Մոսկվան պետք է Հայաստանին համոզի տարածքային զիջումներ անել:

ՌԴ Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը իրադրությունը մեկնաբանելիս «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է. «Ռազմաքաղաքական ծավալուն իրադարձությունների վերլուծության ժամանակ պատմական զուգահեռները սովորաբար վնասակար են եւ մակերեսային: Սակայն հենց դրանք են օգնում ստեղծելու արդի քաղաքական իրողությունը բացատրող տրամաբանական կառույցներ» : Ղարաբաղյան քառօրյա պատերազմը որոշ նմանություն ունի 1973 թ. արաբ-իսրայելական «Վերջին դատաստանի պատերազմի» հետ, որին հաջորդեց Քեմպ-Դեւիդի իսրայելա-եգիպտական համաձայնագիրը: Եգիպտոսը պաշտոնապես ճանաչեց Իսրայել պետությանը: Մինասյանը չի բացառում մի նոր «Քեմպ-Դեւիդի» հնարավորությունը Նովո-Օգարոյովոյի պայմաններում: Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանը ի զորու է թույլ չտալ իրավիճակի վատթարացում: Եվ դա բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ Հայաստանից բացի Ադրբեջանին եւս սեփական աշխարհաքաղաքական ծիրի մեջ ներքաշելու նախկին գիծը կարող է հանգեցնել այն բանին, որ Ադրբեջանը չի դառնա ռազմավարական դաշնակից, իսկ նման դաշնակից Հայաստանին Մոսկվան մի օր կկորցնի:

Ապրիլի սկզբին Արցախի դեմ սանձազերծված քառօրյա պատերազմի պատճառների առնչությամբ կան տարբեր վարկածներ: Դրանցից մեկի համաձայն, հարձակվելու որոշումն ընդունել է հենց Իլհամ Ալիեւը, որպեսզի սեփական ժողովրդի ուշադրությունը շեղի նավթի էժանացման պայմաններում «համակարգային ճգնաժամի առաջացրած տնտեսական դժվարություններից»: Սակայն «Նեզավիսիմայա գազետայի» մեկնաբան Յուրի Ռոքսը կարծում է, որ Սիրիայի պատճառով Մոսկվայի դեմ հարձակումներ սկսած Վաշինգտոնի մատը խառն է տվյալ որոշմանը: ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապված Stratfor ամերիկյան փորձագիտական գործակալությունը դեռ անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակել էր Լեռնային Ղարաբաղին նվիրված զեկույց, որտեղ պնդում էր, թե «մոտակա ամիսներին» տարածաշրջանում իրադրությունը կարող է կտրուկ փոխվել:

Ընդսմին ամերիկացի փորձագետները պնդում էին, թե Մոսկվան փորձում է Բաքվին համոզել, որ անհրաժեշտ է ռուսաստանցի խաղաղարարներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ (եւ Մերձդնեստրի նման վերահսկողության տակ առնել տարածաշրջանը): Ամերիկացի խորհրդականները պնդում էին, որ այդ ծավալմանը դիմակայելու եւ միաժամանակ Հայաստանի դիրքորոշման վրա ազդելու միակ հնարավորությունը ԼՂՀ բանակի ստորաբաժանումների դուրսմղումն է ռազմավարական կարեւոր բարձունքներից:

Ադրբեջանը հենց դա էր փորձում անել ապրիլի սկզբին (եւ էլի կփորձի): ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ Ստեփանակերտը պատրաստ է բանակցությունների, եւ որ «հակառակորդը առավելության չի հասել, եւ ռազմաքաղաքական զուգակշռությունը չի խախտվել» :

Բաքվի սանձազերծած պատերազմը անարդյունք է, եւ հիմա Ադրբեջանի համար էլ ավելի դժվար կլինի խոսել Երեւանի եւ Ստեփանակերտի հետ, կարծում է Յուրի Ռոքսը: Թուլացան նաեւ Մոսկվայի դիրքերը, որը երկար ժամանակ խուսավարում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ի դեպ, զենք եւ մարտական տեխնիկա մատակարարելով երկու հակամարտ կողմերին: Իսկ ահա Վաշինգտոնը շահող դուրս եկավ խաղից, Մոսկվայի համար, Ուկրաինայից ու Դոնբասից բացի, եւս մեկ գլխացավանք ստեղծելով նրա ռազմավարական շահերի գոտում:

Մոսկվան մանեւրելու մեծ հնարավորություն չունի: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանըՙ հին գործընկեր, որի հետ հարաբերությունները Իլհամ Ալիեւի օրոք հասել են բավական բարձր մակարդակի: Սակայն փաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղում նոր զինված հակամարտությունը ծագեց հենց այն պահին, երբ Ռուսաստան-Արեւմուտք հակասությունները հասել էին իրենց բարձրակետին: Նման զուգադիպությունը դժվար թե պատահական լինի: Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւի կարծիքով Բաքուն թերեւս համապատասխան ազդանշան է ստացել Վաշինգտոնից: Նման նախադեպեր արդեն եղել են: Օրինակ, Հարավային Օսիայի պատերազմից առաջ Սաակաշվիլին հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Թե ապրիլի սկզբին Իլհամ Ալիեւը Վաշինգտոնում ինչի մասին է խոսել ամերիկացիների հետՙ դիվանագիտական գաղտնիք է: Եվ քանի որ Ալիեւը Սաակաշվիլու համեմատությամբ ավելի պատասխանատու քաղաքական գործիչ է, ապրիլյան պատերազմի սանձազերծման հետ կապված հարցերը եւս ավելի շատ են: Որոշ փորձագետներ, օրինակ, չեն բացառում, որ ԼՂՀ-ի հետ զինված հակամարտությունը Սիրիայի պատերազմը Կովկաս տեղափոխելու փորձ լինի: Եթե դա հաջողվեր, ապա Մոսկվան հաստատ չէր կարողանա մտածել Բաշար Ասադին օգնելու մասին:

Եվս մեկ կարեւոր հարց է Թուրքիայի ղեկավարության մասնակցությունը ԼՂՀ-ի դեպքերին. Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդարովը վստահ է, որ զինված հակամարտության պատվիրատուն Թուրքիան է: Նա հիշեցնում է, որ նոյեմբեր-դեկտեմբերին Ադրբեջան մի շարք այցելություններ կատարեցին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, իսկ նախագահ Էրդողանը մեկ-երկու անգամ փորձեց այցելել: «Հետո Ալիեւը թռավ Անկարա: Եվ նրան ուղղակիորեն ասացինՙ թող սկսի մարտական գործողություններ, իրենք կօգնեն» , ասում է Բաղդասարովը:

Նույն տեսակետն է արտահայտում ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը , հիշեցնելով Ալիեւի այցի ժամանակ Ղարաբաղի ազատագրման եւ եղբայրության վերաբերյալ թուրքական կողմի արած պանթյուրքական հայտարարությունները: Այդ ամենը վկայում է, որ Թուրքիան շահագրգիռ կողմ է:

Ադրբեջանցիների (իմաՙ կովկասյան թաթարների) հետ արյունակցական կապը նկատի ունենալովՙ Էրդողանը թերեւս մշակում է մեծ Թուրքիայի նախագիծ: Սկզբնական փուլում Անկարան եւ Բաքուն ծավալել են բանակների համագործակցություն:

Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնախմբի անդամ Ջահիդ Օրուջի հայտարարության համաձայն, Անկարան եւ Բաքուն արդեն ձեռնարկել են միասնական զինված ուժերի ստեղծումը: Օրուջը գտնում է, որ հարկավոր է «Մեկ ազգ, երկու պետություն» դաշինքը խորացնել եւ դարձնել «Մեկ ազգ, մեկ բանակ»…

Միակ բարդությունն այն է, որ Թուրքիայի ռազմական տեխնիկան հիմնականում գերմանական է եւ ամերիկյան, իսկ Ադրբեջանինըՙ առավելապես ռուսական եւ խորհրդային: Սակայն Ադրբեջանն ավելի ու ավելի է մոտենում Արեւմուտքին, եւ Անկարան այդ հարցում օգնում է նրան: Բաքվին մատակարարվում են մասնավորապես Otokar Kobra զրահամեքենաներ եւ զենքի տարբեր համակարգերի նշանառության ջերմադիտողական սարքեր: Թուրքերն ու ադրբեջանցիները համատեղ արտադրում են 107 եւ 122 միլիմետրանոց ռեակտիվ հրետանի: Բացի դրանից, Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանին մատակարարել 155 միլիմետրանոց Firtina ինքնընթաց հաուբիցներ:

Թուրք զինվորական խորհրդականներն Ադրբեջանի զինված ուժերում վաղուց յուրայիններ են: Նրանք մասնկացում էին Արցախի դեմ սանձազերծված քառօրյա պատերազմին:

Արցախի վրա հարձակման պատճառ կարող էր լինել նաեւ այն, որ Էրդողանին շտապ կարգով լծակ էր պետք Ռուսաստանի վրա ազդելու համար, որը ձախողեց Թուրքիայի դիտավորությունները Սիրիայում: Անկարան դրանով նաեւ ձգտում էր Մոսկվային դրդել ինքնաբերաբար երկարաձգելու 1921 թ. ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության պայմանագիրը, ըստ որի Հայաստանը կորցրեց իր տարածքի կեսը, ներառյալ ազգային խորհրդանիշ Արարատ լեռը:

Ի դեպ, Սիրիայի հյուսիսում ռուսական «Սու-24»-ի ոչնչացումից հետո Պետդումայի որոշ պատգամավորներ առաջարկեցին չեղարկել այժմեականությունը կորցրած այդ փաստաթուղթը: Եթե դա տեղի ունենա, ապա Թուրքիան կարող է կորցնել երկրի ներկա տարածքի 30 տոկոսի իրավաբանական իրավունքը, նշում է «Նեզավիսիմայա գազետան»ՙ հավելելով, որ չեղարկման դեպքում, հավանաբար, ոչինչ տեղի չի ունենա: Վրաստանը Կարսի պայմանագիրը չեղարկեց 2005 թ., բայց սահմանային սյուները մնացել են նախկին տեղերում: Մինչդեռ ռուս-թուրքական հարաբերությունների վատացման հետեւանքով երկկողմ տնտեսական կապերի թուլացումը ներքին հակաքրդական պատերազմի պայմաններում լուրջ գլխացավանք է Էրդողանի համար:

Մարտի 31-ին Էրդողանը Վաշինգտոնում հայտարարեց Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտության մասին: Նույն օրը թուրքական ԶԼՄ-ներում հայտնվեցին հաղորդումներ խփված «Սու-24»-ի անձնակազմի հրամանատար Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը ստանձնած գրոհային Ալփարսլան Չելիքի ձերբակալման մասին: Իսկ բառացիորեն մեկ օր անց նա ողջունում էր Արցախի դեմ ռազմական գործողությունների ծավալումը: Արդ, ո՞րն է Էրդողանի իրական նպատակը…

Քառօրյա պատերազմի սանձազերծման մեջ յուրաքանչյուր երկրի դերակատարությունը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա, քանզի հավերժական գաղտնիքներ չեն լինում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱԲԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ԱՆՐԻ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ԱՆՐԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական