Դատական ակտերի հարկադիր կատարման արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը անցնող շաբաթ հրաժարական տվեց։ Այսինքն նրան աշխատանքից չեն ազատել, նա ինքն է իր ցանկությամբ դադարեցրել… աշխատելը չէ, Միհրան Պողոսյանը այլ աշխատանքներ էլ ունի, ԴԱՀԿ-ի պետի պաշտոնավարումը։ Իհարկե, չի բացառվում, որ պարոն Պողոսյանը, եթե իր ցանկությանը մնար, երբեք հրաժարական չէր տա, եւ նրա պաշտոնաթողությունն ուղղակի այսպես է սարքվել. իբր հենց ինքն է հեռանում, գլուխը բարձր, հայացքը հպարտ։ Բայց դա այս պարագայում խնդիր չէ եւ, եթե խնդիր էլ է, ապա շատ երկրորդական։ Խնդիրն, իմ կարծիքով, Միհրան Պողոսյանի հրաժարականի տեքստում արտահայտված նրա այս որոշման դրդապատճառներն են։ Մարդը, փաստորեն, էլ չի ցանկանում պաշտոնավարել ԴԱՀԿ-ի պետի պաշտոնում, քանի որ վերջերս հրապարակված Պանայամի թղթապանակի մեջ կա նաեւ իր անունը, բայց դա հեչ, կա իր անունը եւ Իլհամ Ալիեւի անունը։ Հիշեցնեմ, որ Պանամայի թղթապանակում բոլոր այն մարդկանց անուններ են, եւ բոլորն էլ հայտնի անուններ են, ովքեր պանամական օֆշորում ներգրավված են։ Հիմա, ուրեմն, Միհրան Պողոսյանը ոչինչ չի ասում կոնկրետ իր ներգրավածության մասին եւ հրաժարական է տալիս ոչ թե որովհետեւ իր անունն այդ թղթապանակում է, այլ քանի որ այնտեղ ե՛ւ իր անունն է, ե՛ւ Իլհամ Ալիեւինը։
Պատմությունը մոտավորապես հետեւյալն է։ Դուք տանել չեք կարողանում ձեր հարեւան Վալոդին, որը պարբերաբար եւ հրապարակավ վիրավորում է ձեզ, ձեր ընտանիքի անդամներին, երբեմն էլ ֆիզիկապես եք վիճում հետը։ Բայց ե՛ւ Վալոդը, ե՛ւ դուք ունեք սպիտակ Mersedes, նույն դասի։ Վալոդի հետ հերթական վեճից հետո դուք հայտարարում եք, որ հրաժարվում եք ձեր մեքենայից, քանի որ դրանից Վալոդն էլ ունի եւ ձեզ պատիվ չի բերում ունենալ Վալոդի մեքենայից։ Սա լուրջ չէ՞, մանկամտությո՞ւն է. ես էլ եմ կարծում, որ այդպես է։
Բայց թողնենք Վալոդին։ Պարոն Միհրան Պողոսյանը, ով, ի դեպ, նաեւ գեներալ է, ամենեւին չի խոսել իր աշխատանքային թերացումների մասին, գործած սխալների մասին, եւ տպավորություն է առաջանում, որ երեխայի գիշերանոթ վաճառելը ամոթ չէ, բայց այ Ալիեւի անվան կողքին, երբ գրում են քո անունը… Այսինքն, ըստ Միհրան Պողոսյանի, ինքն սկզբունքորեն ճիշտ է աշխատել, այդ Ալիեւն է, որ փողերը բերեց այնտեղ, որտեղ իր փողերն էին։ Ու այստեղ է հենց այս պատմության խնդիրըՙ փողերը։ Դրանք ի՞նչ փողեր են, ո՞ւմն են։ Բանն այն է, որ որեւէ, այս թվում պանամական օֆշորում ներգրավվելը հանցագործություն չէ։ Այսինքն ե՛ւ հայ գեներալը, ե՛ւ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը պանամական օֆշորում փող դնելով ամենեւին էլ հանցագործություն չեն կատարել եւ հանցագործ չեն։ Խնդիրն այն է, թե դրանք ո՞ւմ փողերն են։ Սա խնդիր է, քանի որ այդ փողերն ամենեւին էլ մեկ կիլոգրամ, անգամ մեկ արկղ բանանի փող չեն, դրանք լո՛ւրջ փողեր են։ Անշուշտ, հատկապես Ալիեւի պարագայում, չի բացառվում, որ դրանք հենց իր փողերն են։ Մարդը, ինչպես ասում են, ծնված օրից հարուստ է, կինըՙ հարուստի աղջիկ, այսինքն ինքը եւ հարուստի տղա է, եւ հարուստի փեսա, եւ, եթե անգամ անցած տարիներին եւ հիմա Ալիեւը չխլի ադրբեջանցի ժողովրդի հարստությունը, ինքը ունի բավականաչափ փողՙ Պանամայում էլ, Կիպրոսում էլ դնելու համար։ Այլ հարց է, թե նրա հայրը որտեղի՞ց է կուտակել այդքան փողը, եւ արդյո՞ք չի կուտակել ադրբեջանցի ժողովրդին թալանելով։ Սա, սակայն, թող ադրբեջանցի ժողովուրդը պարզի, փաստն այն է, որ անձամբ Իլհամ Ալիեւը Պանամայում փող դնելու համար պարտադիր չէ, որ թալանի սեփական ժողովրդին։
Այլ հարց է պարոն Միհրան Պողոսյանը։ Նա հարուստի տղա չէ եւ ի տարբերություն Ալիեւ կրտսերի, ամբողջ կյանքում հարուստ չի եղել, հենց ինքն է հարստացել։ Համաձայնեք, որ ԴԱՀԿ-ի պետի աշխատավարձը, եթե անգամ դրան գումարենք գեներալական ինչ-ինչ եկամուտները, չեն կարող այնքան շատ լինել, որ մարդն իրեն թույլ տա ոչ թե Պանամայում փող դնել, այլ տարին գոնե մեկ անգամ Պանամա գնալ։ Կնշանակի, պարոն Միհրան Պողոսյանը կողմնակի եկամուտ ունի, ընդ որումՙ շատ ավելի լուրջ, քան իր աշխատավարձը։ Սա արդեն օրենքի խախտում է։ Թե ի՞նչ կողմնակի եկամուտ կարող է ունենալ գեներալ Պողոսյանը, բարդ հարց է, հուշումներ են պետք։ Դրանցից մեկը հենց այն օֆշորային գոտին է, որտեղ ներգրավված է Պողոսյանըՙ Պանամա։ Կենտրոնական Ամերիկայում գտնվող այս երկիրը օֆշորից բացի հայտնի է նաեւ իր բանաններով։ Ճիշտ է, դրանք այնքան շատ չեն աճում Պանամայում, որքան, օրինակ, Հարավային Ամերիկայում, բայց ամերիկյան մայրցամաքում աշխատող մարդը, եթե ուզում է իր փողերը օֆշոր մտցնել, ապա անպայման դա կանի մոտիկ Պանամայում։ Ուրեմն պարոն Պողոսյանը Հարավային Ամերիկայում գործեր ունի։ Իսկ ի՞նչ գործեր կարելի է անել Հարավային Ամերիկայում, պարզվում էՙ դրանք մի քանիսն են։ Օրինակՙ նավթ (Վենեսվելայում), օրինակՙ ֆուտբոլ (ողջ մայրցամաքում), օրինակՙ բանան (ողջ մայրցամաքում), սուրճ (գրեթե ողջ մայրցամաքում) եւ տանգո (Արգենտինայում)։ Ուրեմն, բացառման սկզբունքով, միանգամից հանում ենք տանգոն, ապա հանում ենք ֆուտբոլը, քանի որ Միհրան Պողոսյանին երբեւէ մարզադաշտում տեսնող չի եղել, հետո հանում ենք սուրճը, քանի որ պարոն Պողոսյանը չէ, որ Հայաստան սուրճ է ներկրում, մնում են նավթն ու բանանը։ Դուքՙ չգիտեմ, բայց ես ընտրում եմ բանանը, այն պարզ պատճառով, որ նավթի բիզնեսն ավելի աղմկահարույց է եւ չեմ կարծում, թե Միհրան Պողոսյանը աղմկահարույց բիզնեսով կզբաղվեր։ Բացի այդ, ճիշտ է, Հարավային Ամերիկայում (Վենեսվելայում) նավթ կա, բայց նավթի բիզնես անողները ամենեւին էլ ամերիկյան մայրցամաք չեն գնում, նրանց ավելի արաբական աշխարհն է ձգում, ինչը, կոնկրետ պարոն Պողոսյանի պարագայում, չենք նկատում։
Ուրեմնՙ բանան։ Հատկապես այն երկրներում, որտեղ բանան չի աճում, սա լուրջ բիզնես է, մանավանդ այն երկրներում, որտեղ դու միակն ես, ով բանան է ներմուծում, սա ավելին քան լուրջ բիզնես է, լուրջ փողերով։ Այսինքն բանանագործությամբ կարելի է կուտակել, եւ քանի որ այդ կուտակածը պետք է ինչ-որ տեղ պահել, եւ որովհետեւ բանանագործներին ծանոթ են ավելի շատ այն երկրները, որտեղ բանան է աճում, ուրեմն ահա եւ Պանամայի կոդի բացահայտումը։
Հիմա, արդյոք Միհրան Պողոսյանը չի՞ կարող Հայաստան բանան ներկրել, եկամուտներն էլ հանգիստ ու ապահով դնել Պանամայում։ Իհարկե կարող է, ավելինՙ պետք է ողջունել պարոն Պողոսյանի բիզնես մտածողությունը։ Իսկ կարո՞ղ է արդյոք պարոն Պողոսյանը միակը լինել, որը Հայաստան բանան է ներկրում։ Սա վատ է, բայց սա Միհրան Պողոսյանի խնդիրը չէ, օրենքը չի արգելում ոլորտում մենաշնորհը, մարդն էլ օգտվում է, ուրեմն Միհրան Պողոսյանը կարող է միակը լինել, որ Հայաստան բանան է բերում։ Բայց բանն այն է, որ ԴԱՀԿ պետը չի կարող Հայաստանում որեւէ այլ գործով զբաղվել, բացի իր աշխատանքային պարտականություններից։ Դա համարվում է օրենքի խախտում, իսկ օրինախախտներին որոշ դեպքերում անվանում են հանցագործ։ Միհրան Պողոսյանն էլ, կանգնելով ընտրության առջեւՙ բանա՞նը, թե՞ ԴԱՀԿ-ը, ընտրել է այն, որից փող է գալիս եւ հրաժարական է տվել ԴԱՀԿ-ի պետի պաշտոնից։ Հայտարարության մեջ էլ գրել է, որ օֆշորի հարցերին ինքը կանդրադառնա արդեն որպես սովորական քաղաքացի։ Որպես սովորական քաղաքացի պարոն Պողոսյանը կարող է եւ չանդրադառնալ օֆշորի հարցերին, եւ քանի որ արդեն շատ ազատ ժամանակ ունի, կարող է գնալ հարազատ ամերիկյան մայրցամաք եւ լրջորեն ուսումնասիրել տանգոն։ Չի բացառվում, որ դրանից հետո Հայաստանում բացվեն Միհրան Պողոսյանի անվան տանգոյի մասնագիտական դպրոցներ, վճարովի անշուշտ։ Եւ հաշվի առնելով, որ մենք բանանի չափ տանգո ենք սիրում, կամ հակառակը, սովորական քաղաքացի Պողոսյանի բիզնեսը միայն կբարգավաճի։ Ի դեպ, բանանն ու տանգոն միմյանց շատ կապված բաներ են, օրինակ փարիզյան հանդեսներից մեկի կողմից աշխարհի լավագույն տանգո պարող ճանաչված արգենտինացի Պաբլո Վերոնը իր հարցազրույցներից մեկում պատասխանելով հարցին, թե ի՞նչն է իրեն օգնում այդպես պարել, պատասխանել է. «Բանն այն է, որ ես ամեն կատարումից առաջ ուտում եմ մի ամբողջ բանան»։ Այնպես որ Միհրան Պողոսյան տանգոյի դպրոցներում կարող են նոր Վերոններ ծնվել։
Բայց այդուհանդերձ, ո՞ւմ փողերն են Միհրան Պողոսյան անվան տակ, Պանամայում։ Սա, թերեւս, ամենակարեւոր հարցն է, որին Միհրան Պողոսյանն անպայման պետք է հիմնավոր պատասխանի, եթե անգամ դառնա Արգենտինայի, կամ Պարագվայի սովորական քաղաքացի։