ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ
Ապրիլյան այս կարճատեւ պատերազմը մեզ բոլորիս կանգնեցրեց նոր եւ անսպասելի իրավիճակի առջեւ:
Մի կողմից մեծ հայրենասիրական պոռթկում, որը առաջին հերթին հիմնված է մեր հերոս տղաների լուռ, վճռական եւ անձնուրաց պահվածքի վրա, իսկ մյուս կողմից, հոգեբանական, հուզական եւ անշուշտ քաղաքական գործընթացները, որոնցից ամեն մեկը լինելով տեղին, ճիշտ, սակայն աշխատում են ներկա ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ-ի վերացմանը:
Ես ի նկատի չունեմ Արցախում ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ-ն: Խոսքս վերաբերում է մեր հանրապետության ներքին քաղաքական ստատուս-քվոյին:
Գոյություն ունեցող քաղաքական ալեկոծումները հիմնականում սնվում են այն մեծ հիասթափության վրա, որը ունենք մենք բոլորս Ռուսաստանի հանդեպ:
Փաստորեն, երկար տարիներ ազերիները չէին համարձակվում նման պատերազմի, քանի որ չէին հասկանում, թե ինչ կարելի է սպասել Ռուսաստանից: Դա պատճառներից մեկն էր, անշուշտ, թեեւ ոչ ամենակարեւորը, որ ազերիները մշտապես մտահոգված էին այն հարցով, թե ինչպես թույլ չտան Ռուսաստանին լինել Հայաստանի ռազմական դաշնակիցը այդ պատերազմում, կամ առիթ չտան Ռուսաստանին խաղաղության կարգախոսներով զինուժ մտցնելու Ղարաբաղ եւ մնալ այնտեղ եւս 70 տարի:
Հիմա արդեն հասկանալի է, որ Ռուսաստանը այլեւս հայ-ադրբեջանական հակամարտության մեջ որպես ռազմական դաշնակից երբեք չի կանգնի Հայաստանի կողքին: Դա հասկացանք մենք, դա հասկացան ազերիները:
Ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, որը ապրել է նման հիասթափություն, մենք էլ պատրաստ ենք կտրուկ գործողությունների: Մանավանդ, որ առիթները իրար հետեւից գալիս ու գնում են:
Բայց եկեք գոնե մեր սեփական պատմության դասերը վերհիշենք ու խուսափենք այնպիսի սխալներից, որոնց համար ապագայում մեր սերունդները կա՛մ կամաչեն, կա՛մ էլ կաշխատեն չհիշել:
Եկեք հիշենք 1918-1920 թվականները:
Ռուսաստանը փլուզվում է: Դա չի արվում հատուկ հայերին վատ վիճակի մեջ դնելու համար: Կայսրությունն է փլուզվում սեփական ծանր «հիվանդությունների» պատճառով: Չմոռանանք, որ այդ ամենը կատարվում է Մեծ պատերազմի պայմաններում, կատարվում է այն ժամանակ, երբ թուրքը փորձում է վերջնական լուծում տալ Հայկական հարցին:
Եթե որեւէ մեկը մոռացել է, ապա հիշեցնեմ, որ այդ ժամանակ մեր ժողովուրդը ապրում էր ոչ պակաս հիասթափություն Ռուսաստանի նկատմամբ, քանի որ երբ Ռուսաստանը հերթական անգամ փլուզվում է, ապա իր զորքերը կորցնելով կենտրոնական կառավարումըՙ սկսում են անկանոն տեղաշարժվել դեպի հայրենիք, թիկունքում թողնելով լաց ու կոծ, պատերազմ, արմակեդոն…
1918 թվականին ապրելով մեծ հիասթափությունՙ Ռուսաստանի հանդեպ մեր ժողովուրդը եւ մեր երկրի ղեկավարները շրջվում են դեպի Արեւմուտք… Ճիշտ նույն պատճառներով, որոնք ներկայացնում են մեր այսօրվա Արեւմուտքի կողմնակիցները: Ճիշտ նույն…
Իսկ Թուրքիան Սեւրի պայմանագրից հետո ըմբոստանում է Արեւմուտքի դեմ եւ «փրփուր» որոնելով դիմում է Ռուսաստանին:
Ո՞վ կարող էր գնալ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԴԵՄ: Ո՞ր կարճատեսը եւ հիմարը կարող էր Ռուսաստանի վրա հույս դնել: Դե պարզ է` դրանց ցուցակում մենք չկայինք… Սկզբից չկայինք…
Արդյունքում, մեր երկիր, մեր տարածաշրջան եկավ խաղաղություն: Գրեթե 70 տարի խաղաղություն… Ի՞նչ գնով: Այո, մեր հայրենիքի, մեր կորուստների գնով… եկավ խաղաղություն: Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմը չկարողացավ քանդել մեր տարածաշրջանի այդ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ:
Հիմա եկեք հիշենք 1988 թվականը:
Սկսվեց ղարաբաղյան մեծ շարժումը: Մեր ժողովուրդը մեկ մարդու նման ոտքի կանգնեց: Սակայն Ռուսաստանը նորից մեզ «խաբեց»: Նորից մենք հիասթափություն ապրեցինք: Եվ նորից նայեցինք դեպի Արեւմուտք…
Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց մեզ բոլորիս. Ռուսաստանի (Խորհրդային Միության) հետ հնարավոր չէ լուծել Ղարաբաղի հարցը: Այս հարցը կարելի է լուծել միայն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ միջոցով, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ճանապարհով: Հիշո՞ւմ եք… Ինչ ոգեւորություն ապրեց մեր ժողովուրդը: Իսկապես հիշո՞ւմ եք… Բոլորը քաջ գիտակցում էին, որ այդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ «խոմ լավ գիտի» թե ով է ճշմարիտը:
Բայց, ի տարբերություն ոգեւորված մեր պարզ ու անմիջական ժողովրդի, Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտակցում էր, որ այդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ դժվար թե լուծի մեր խնդիրները: Բայց նա այդ մասին չբարձրաձայնեց…
Չբարձրաձայնեց, բայց սկսեց աշխատել… Օր ու գիշեր աշխատել:
Առաջին հերթին Ժելեզնովոդսկում նա պարտավորվեց չեղյալ անել ՀՀ Անկախության Հռչակագրի այն բոլոր կետերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին: Պարտավորվեց ու արեց:
Երկրորդՙ նա ձեւավորեց Հայաստանի Հանրապետության այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դա Ադրբեջանի ներքին հարցն է եւ պիտի լուծվի միջազգային իրավունքի հիման վրա:
Երրորդՙ նա ազդակներ սկսեց ուղարկել Թուրքիային, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը լուրջ զիջումներ արդեն արել է եւ պատրաստ է շարունակել այդ գործը: Բացի դրանից, Հայաստանը պատրաստ է վերահաստատել 1921 թվականի Կարսի պայմանագիրը, իսկ Ցեղասպանության հարցում Հայաստանը պատրաստ է լրջորեն նվազեցնել Թուրքիայի մտավախությունները (նաեւ դրանով էր պայմանավորված նրա հետապնդումները դաշնակցականների հանդեպ): (Իսկ ռամկավարների՞…- Խմբ.):
Թուրքերը կարծում էին, որ եթե ոչ այսօր, ապա վաղը վերջին հայը կլքի Հայաստանը, հետեւաբար ի՞նչ կարիք կա պայմանավորվելու: Կարծում եմ, որ իրենք շատ են ափսոսում, որ չլսեցին մեր նախագահին: Իհարկե, կարող էր լինել եւ այնպես, որ թուրքերը շատ լավ գիտակցում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ քաղաքականությունը ուշ թե շուտ կհանդիպի լուրջ դիմադրության Հայաստանի վերնախավի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ու ժողովրդի կողմից:
Եվ վերջապես չորրորդՙ Հայաստանից լրիվ հանվեց այն զինուժը, որը պատկանում էր Ռուսաստանին:
***
Մեր առաջին նախագահը գործում էր ճիշտ այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հայ ղեկավարները 1921 թվականին ստորագրում էին Կարսի պայմանագիրը, այսինքնՙ Հայաստանի անվտանգությունը եւ ապագան անմիջականորեն կապված է թուրքերի հետ նորմալ հարաբերությունների անհրաժեշտության հետ, որը հնարավոր է միայն զիջումների միջոցով:
Փաստորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր ստորագրել Կարսի 2-րդ պայմանագիրը:
Բայց նա չհասցրեց… Հայաստանում փաստորեն հեղաշրջում կատարվեց «ձեզ հայտնի ուժերի կողմից», ժողովրդի ահռելի չքավորության եւ իշխանությունների հանդեպ հիասթափության պայմաններում: Իշխանության եկան նրանք, որ դեմ էին Կարսի պայմանագրին, դեմ էին Լեռնային Ղարաբաղը թուրքին տալուն եւ կողմ էին Ռուսաստանի վերադարձին մեր տարածաշրջան:
***
Ինչ կլինի ապագայում, ոչ ոք չգիտի: Ես էլ չգիտեմ: Բայց չեմ զարմանա, եթե շուտով (Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, եթե իհարկե ավելի արագ չզարգանան քաղաքական գործընթացները) մեզ մոտ ամենահայրենասիրական կարգախոսներով Ռուսաստանին «տեղը դնող» քաղականության կողմնակից ուժերը գան իշխանության… եւ ստորագրեն ԿԱՐՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, մեր առաջին նախագահի գործը հասցնելով իր տրամաբանական ավարտին եւ ապահովելով եւս 70 տարի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ մեր տարածաշրջանում: