ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կոպենհագեն-Բորնհոլմ-Պրահա
Հունիսի 16-ի երեկոյան Դանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի անկախության 25 ամյակին նվիրված ընդունելություն, որին մասնակցում էր աշխատանքային այցով Կոպենհագենում գտնվող ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Նախ Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը դեսպանության, Դանիայի ու Նորվեգիայի հայկական համայնքների անունից ողջունելով Արցախի արտգործնախարարին, շեշտեց, որ նախարար Միրզոյանի այս այցը նոր խթան կահանդիսանա ԼՂՀ-ն իր ցանկանալի հանգրվանին հասցնելու գործում: «Սկանդինվայան հողի վրա մի անգամ եւս հաստատում ենք մեր հավատարմությունը խաղաղությանը, մարդասիրությանն ու անվտանգությանը»,- ասաց դեսպան Աղաջանյանը, ընդգծելով ժողովուրդների ազատությունն ու ազատ ինքնորշման իրավունքը:
Այնուհետեւ Արցախի արտգործնախարարն իր ելույթում նշեց, որ նախապես ծրագրել էին տարբեր միջոցառումներով նշել Արցախի անկախության 25 ամյակը, այդ թվում ձեռնարկներ էին նախատեսված սփյուռքում, ու թեեւ ապրիլյան իրադարձությունների պատճառով շատ ծրագրեր չիրականացան, բայց ոչ մի ուժ չի կարող Արցախի ժողովրդին ստիպել հրաժարվել իր պայքարից: «Մենք միայնակ չենք այդ պայքարում, քանի որ մեզ հետ են Հայաստանը, սփյուռքը եւ մեր բարեկամները»,- ասաց արտգործնախարար Միրզոյանը: Արցախը կառուցում է ազատ պետություն եւ ապրում է հանուն իր տեսլականի ու գաղափարի: «Վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին եւ Արցախը լինելու է անկախ պետություն, դրանով իր նպաստը բերելով ոչ միայն տարածաշրջանի, այլեւ միջազգային խաղաղությանը»,- եզրափակեց իր խոսքը Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտգործնախարարը:
Ներկաներին ողջունելու էր եկել նաեւ Դանիական «Վոքս Վիվա» երգչախումբը, որը կատարեց ոչ միայն դանիական, այլեւ հայկական երգեր: Հյուրերը ճաշակեցին նաեւ արցախյան Ժինգյալով հացը եւ խմիչքը: Ընդունելությանը ներկա էին դանիական գիտական ու հասարակական շրջանակների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ամփոփելով, նշենք, որ Արցախի արտգործնախարարի այցը կարեւոր տեղեկատվական նշանակություն ունեցավ Դանիայի հատկապես հասարակական ու քաղաքական շրջանակների համար, այցը լուսաբանվեց նաեւ տեղական մամուլում:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կոպենհագեն-Բորնհոլմ-Պրահա