Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը պատասխանել է «Լուրեր»-ի հարցմանը` տեղեկացնելով, որ Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելությունում ներգրավված կլինի մինչև 100 աշխատակից, ներառյալ՝ փորձագետներ և ԵՄ դիտորդներ:
«Առաքելության գործողության գոտին կընդգրկի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքը, ներառյալ՝ Նախիջևանի հատվածը»,- տեղեկացրել են Եվրամիության պատվիրակությունից:
2022 թվականի հոկտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ առաջին դիտորդական խումբը տեղակայվեց երկու ամիս ժամկետով, Եվրոպական խորհրդի երեկվա որոշմամբ Հայաստան ուղարկվող առաքելությունը տեղում կաշխատի երկու տարի:
ԵՄ քաղաքացիական առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի սահմանին և իրավիճակի մասին զեկույցներ կներկայացնի Եվրամիությանը: Ըստ հարցման պատասխանի՝ առաքելությունն ամբողջությամբ կսկսի գործել առաջիկա շաբաթներին։
Այս կապակցությամբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է. «Եթե ԵՄ դիտորդները ցանկանում են փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ»։