Երեկ երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի եւ ՀՀԿ խորհրդի նիստերը քննարկել եւ հավանության են արժանացրել հրաժարական տված Հովիկ Աբրահամյանի փոխարեն` վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին երաշխավորելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Այս մասին լրագրողներին տեղյակ պահեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ քաղաքական որոշում է կայացվել նոր խորհրդարանական ընտրությունների գնալ նոր կառավարությամբ: Նախկինում Երեւանի քաղաքապետ եղած Կարեն Կարապետյանի կառավարության խնդիրը պետք է լինի համարժեք քայլերով կառավարման նոր մշակույթ ձեւավորել: Տնտեսական եւ մնացյալ այլ ոլորտներում բարեփոխումներին զուգահեռ` քաղաքական բարեփոխումների օրակարգ է մեջտեղ բերվել, որը նաեւ հանրային պահանջ է, կառավարության փոփոխությունը նաեւ այդ նոր օրակարգի արդյունք է: Նիստերում ելույթ են ունեցել եւ երաշխավորված թեկնածու Կարեն Կարապետյանը, որին Հայաստանի նախագահն ու ՀՀԿ-ն առաջադրել են` նրա հմտություններն ու փորձը, բնավորության գծերը նկատի ունենալով, եւ հրաժարական ներկայացրած Հովիկ Աբրահամյանը: Իսկ Հայաստանի նախագահն իր խոսքում բերել է այն հիմնավորումները, որոնք Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրման որոշմանն են վերաբերել: Իսկ թե ինչ ծրագիր է ներկայացնելու Կարեն Կարապետյանը եւ ո՞ր ժամանակահատվածի համար, քանի որ նոր խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մեծամասնությունը նոր վարչապետ ու ծրագիր է ունենալու, ըստ Ա. Աշոտյանի, Կարեն Կարապետյանին այդ առումով ստեղծագործական ազատություն է տրվելու: 10 օր հարկավոր կլինի նշանակման, 20 օր` նոր կառավարության ձեւավորման, 20 օր` նոր կառավարության ծրագիրը ներկայացնելու համար:
Հաջորդող վերլուծականը գրվել է ՀՀԿ նիստից մի քանի ժամ առաջ:
Եթե վարչապետի (կառավարության) հրաժարականը հանրությանը շեղելու հերթական քայլ է, ապա մեծ սպասումներ պետք չէ ունենալ կառավարության փոփոխությունից: Շատ երկար տարիների վարքագիծ է` անվստահության, դժգոհության բարձր նշագիծը մի քանի խազ իջեցնել անձերի փոխարինումով, առանց մոտեցումների փոփոխության: Պողոսին փոխարինել է Պետրոսը, հետո Պողոսը նորից հետ է եկել ու Պետրոսի կամ այլ պողոսացուի աթոռին նստել: Ու այդպես տարիներ շարունակ մի շարք պողոսների ու մի շարք պետրոսների ամենատարբեր փոխատեղումներով խաբել են հանրությանը` պետության ու հանրության վիճակը դույզն- ինչ չշտկելով:
Արդյունքը եղել է հասարակության լայն շերտերի դժգոհության հսկա չափաբաժինը, որ երբեմն գարնանային գետ է դառել, անգամ…. ապստամբություն, 5 մլրդ դոլարից ավելի պետական պարտքի կուտակում, գոյատեւման կենսակերպ: Միթե մի նոր, ավելի մանրամասն կոմբինացիա է մտածվել, թե՞, այնուամենայնիվ, հուլիսյան իրադարձություններից հետո կես-բերան ազգային համաձայնության կառավարություն խոստացած Սերժ Սարգսյանը կատարում է իր խոստումը: Միգուցե արտաքին ուղղորդման ինչ-որ երակ էլ կա` նոր հավանական վարչապետը (Կարեն Կարապետյանի անունն է շոշափվում), կոնկրետ երկրում պաշտոն ու բիզնեսներ ունի: Իհարկե, լրատվամիջոցներն անմիջապես վերցնում են պասը եւ զարգացնում թեման` ըստ նպատակահարմարության, հիշելով ե՛ւ Ս. Սարգսյանի ակնարկն ազգային համաձայնության կառավարություն ունենալու վերաբերյալ, ե՛ւ նախընտրական ներկա ժամանակի հրամայականները: Հովիկ Աբրահամյանն էլ իր հրաժեշտի ելույթում ենթադրություններ անելու բազմաթիվ ճեղքեր է թողել` ընդհուպ նոր մոտեցումներով հասարակությանը համախմբելու եւ բազմաշերտ ու բազմադեմ կոռուպցիայի դեմ համապարփակ պայքարելու բազմիմաստ ակնարկներ:
Սակայն ընդամենը կես տարի հետո նոր խորհրդարանական ընտրություններն են…:Ու հանգիստ կարելի է խոսել, իսկապես, նաեւ այն մասին, որ վարչապետի (կառավարության) հրաժարականն ընդամենը խորհրդարանական առաջիկա ընտրություններին նախապատրաստության տրամաբանության մեջ է: Չնայած` ե՛ւ տնտեսության, ե՛ւ սոցիալական վիճակի առումով բոլոր նախադրյալներն են առկա կառավարություն փոխելու համար: Անգամ երեկ հրաժարական տված վարչապետն էր ասում, թե հասարակությունը մնաց բեւեռացված, չնայած պատճառները փնտրում էր «աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական ու ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնությունների», ու ոչ թե կլանային-օլիգարխիական, նրան սերտաճած պաշտոնեական համակարգի մեջ:
Բայց, այնուամենայնիվ, նախընտրական տրամաբանությունն ավելի հավանական արգումենտ է, եթե նկատի առնենք, որ հայրենի իշխանություններն այդպես էլ մինչեւ հիմա կամք չեն դրսեւորել որեւէ բան արմատապես փոխելու, իսկ այդ անելու համար իրերի ներկա դրությամբ, եթե ամենահաջողված տնտեսությունն ունեցող երկրի ամենահաջողված վարչապետն էլ նշանակվի, չի կարողանա բան փոխել` մի շարք առարկայական պատճառներով պայմանավորված` համակարգ, համակարգային մոտեցումներ փոխելու որեւէ նշան չի երեւում, վերեւում արդեն ասել ենք: Այսինքն, զուտ նախընտրական տրամաբանությամբ, արտաքին երեւութականությունն ապահովելու համար գոնե, երեւի պետք է բերվեին նոր մարդիկ, ովքեր փոփոխությունների պատրանք կստեղծեն, մի քանի ամսում կընդունեն ու կսկսեն իրականացնել մի շարք` մինչեւ այժմ երբեւէ չկատարված քայլեր, որոնք նախկին վարչապետ(ներ)ին ու նրա(նց) թիմ(եր)ին թույլատրված չէր իրականացնել մի կողմից, մյուս կողմից էլ նա չէր կարող իր միջավայրի դեմ դուրս գալ: Բացի այդ` Հայաստանում ամեն ինչ ուղղագիծ, վերեւից, առաջին դեմքից եկող կամարտահայտությամբ է իրականություն դառնում, իսկ ինքնագործունեությունը չի ներվում ոչ մեկին: Եթե անգամ ուղղագիծը չի ստացվում` օբյեկտիվ պատճառներով, կամ առկա դիմադրությունը հաղթահարել չկարողանալու պատճառով, սա եւս նույն ուղղագծի թերությունների մեջ է մտնում: Գումարվում է նաեւ եւրասիական տնտեսական ծանրագույն իրողություններից բխող նեգատիվը, եւ պատկերն ամբողջանում է: Ակնհայտ է, որ ժողովուրդն այս կերպ այլեւս չի ցանկանում ապրել, իսկ մոտեցող ընտրությունները կարող են սառը լոգանք դառնալ իշխանությունների համար, այնպես որ նրանք ստիպված են մի փոքր փոխել վարքագիծը, որոշ փոփոխությունների, այնուամենայնիվ, գնալ:
Եթե դիտարկենք նոր օրենսդրությունը, ըստ որի Ազգային ժողովը կառավարություն է ձեւավորվելու, ապա անկախ նրանից, թե ով է կառավարողը, անկախ նրանից, թե ով եւ ինչ նպատակով էր զորաշարժել «Սասնա ծռերին» (երեւութապես, ի դեպ, կարող է թվալ, թե նրանց ասած ազգային համաձայնության կառավարությունն է ստեղծվում), ապա իշխանության շարունակականություն ապահովողն արդեն պետք է հիմա բերեր այն մարդկանց, որոնք եղանակ կստեղծեն, հանրության վստահության վերականգնման քայլեր կանեն, ապա եւ նոր Ազգային ժողովը, կառավարությունը կձեւավորեն: Սակայն եկող տարվա վարչապետը պարտադիր չէ, որ այժմ նշանակվելիք անցումային վարչապետը լինի: Այնպես որ` այն, ինչ գոնե ԶԼՄ-ների առումով սենսացիա է, որոշ վերլուծաբաններ էլ կարող են սղղացնել ազգային համաձայնության կառավարության ձեւավորման գաղափար որպես` պարզապես տեղավորվում է նոր օրենսդրությանը մեր կյանքը հարմարեցնելու ու մոտակա ընտրություններին նախապատրաստության տրամաբանության մեջ:
Նոր Սահմանադրությամբ Հայաստանի նախագահի նախագահության ժամկետն ավարտվում է 2018-ին, իսկ խորհրդարանական ընտրություններն 2017-ի գարնանն են:Նոր ԱԺ-ն պետք է գործել սկսի հին ԱԺ-ի լիազորությունների ավարտի վերջին օրը: Մի խոսքով` նոր խորհրդարանական ընտրություններն եկող տարվա ապրիլի սկզբին են, այսինքն` կես տարի հետո: Դե իսկ նորընտիր Ազգային ժողովը, լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին, որին Ազգային ժողովն ընտրում է անվանական քվեարկությամբ:
Պարզ է, որ այդ նոր վարչապետը, որ նոր Սահմանադրությամբ օժտված է սուպերլիազորություններով, չի կարող այս օրերին նշանակվելիք վարչապետը լինել: Կարեն Կարապետյանին, օրինակ, պատկերացնո՞ւմ եք անսահմանափակ այն լիազորություններով, որով մեր Սահմանադրությունն է օժտել եկող տարվանից մեր վարչապետներին: Երկրի սիմվոլիկ նախագահին ամեն ինչ արդեն այդ սուպերվարչապետն է առաջարկելու. առանց նրա ոչինչ տեղի չի ունենում` ոչ զինված ուժերի հրամանատարի ու հրամանատարության, ոչ դեսպանների նշանակում, ոչ դիվանագիտական աստիճանների շնորհում, նա է գլխավորելու ազգային անվտանգության խորհուրդը, զինված ուժերի կիրառման մասին իր կառավարությամբ որոշում է ընդունելու, պատերազմի ժամանակ էլ զինված ուժերի հրամանատարն է լինելու (այսքան լիազորությունից մեկ մարդը կարող է եւ գժվել): Նոր վարչապետին նոր ԱԺ-ն գումարման առաջին օրերին անհապաղ պետք է ընտրի` մեծամասնության ներկայացմամբ, դեռ քսանօրյա ժամկետում էլ նոր վարչապետն ԱԺ պետք է ներկայացնի իր ծրագիրը: Անգամ այս օրենսդրական նորմերից է պարզ դառնում,, որ այդ վարչապետը չի կարող լինել այժմ նոր վարչապետի թեկնածու համարվող Կարեն Կարապետյանը: Նախ` եկող տարվա նոր վարչապետի ծրագիրը ամիսներով պետք է նախապատրաստվի, ինչպես, ի դեպ, վարչապետի թեկնածությունն է երկար նախապատրաստվում (դա մերոնք արել են` օրենսդրությունը ձեւելով կոնկրետ մարդու հագով), քանի որ նա է լինելու փաստացի երկրի առաջին դեմքը, դա չի կարող լինել երկնքից իջած մեկը, որը նոր պետք է նստի, ծրագիր գրի: Իսկ հիմա ով էլ նշանակվի վարչապետ` նա նախորդ, արդեն ընդունված ծրագիրն է կատարելու, կամ դրանի՛ց բխող ծրագիր է ներկայացնելու ԱԺ:
Մի խոսքովՙ ամեն ինչից երեւում է, որ նախընտրական եւ անցումային վարչապետ է գալիս, որը պետք է ընտրողներին առաջարկի փոփոխություններ, նոր, չանվանարկված նախարարներ բերի, գրավի հանրությանն այնպես, որ վերջինս հավատա փոփոխություններին եւ խորհրդարանական ընտրություններին ձայն տա այն ուժին, որն այդ փոփոխությունների առարկայացումն արդեն սկսած կլինի: Այսինքն` ճամփա հարթող վարչապետ են բերում: Եթե, իհարկե, էլի ենք կրկնում, արտաքին տեխնոլոգիաներ չեն փորձարկվում մեր գլխին, որից ոչ մի լավ բան չի կարելի ակնկալել:
Մյուս կողմից` դեռ չկա այն հարցի պատասխանը, թե այսքան շատ լիազորությունները ոնց է կիրառելու նորընտիր խորհրդարանի առաջադրած վարչապետը, ով էլ նա լինի, եթե դեռ մեկ տարի այդ լիազորությունների զգալի մասը դեռեւս մինչեւ 2018 թվականը գործող նախագահինն է:
Գումարած` երկրի նոր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելուց հետո, 2018 թվականին կառավարությունը կրկին հրաժարական է տալու` նոր առիթ տալով էլի մի ուրիշ անձի վարչապետ դարձնելու: Այսինքն` միայն օրենսդրությամբ, տեսականորեն, եկող երկու տարիների ընթացքում կարող ենք նվազագույնը երկու վարչապետ ունենալ: Լավ, էլի, էլ ո՞վ չի աշխատել վարչապետ: Ընդհանրապես` մի շարք օրենքներ գործելու են նոր նախագահի ընտրությունից հետո:
Այսպիսի խուճուճ օրենսդրությամբ զանազան նախընտրական ու հետընտրական հնարքներ մտածելը տեխնիկայի խնդիր է, այդ թվում` վարչապետ ու կառավարություն փոխելը, իսկ թե իսկապես իշխանության ճյուղերի տարանջատում կլինի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես նոր կարգը պաշտպանած ուժերն են կարծում, թե՞ ամեն ինչ թղթի վրա կլինի միայն` քիչ ժամանակ մնաց դիտարկելու:
Որպես վարչապետացու շրջանառվող Կարեն Կարապետյանի անվան հետ կապված էլ կարող ենք ասել, որ նա, այո, նոր մոտեցումների մարդ է, շատ լուծումներ նա ավանդականից տարբեր է տեսնում, դրա համար ժամանակին լրատվամիջոցներով լավ կազակերպվում էր նրա դեմ արշավը: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե որտեղից է գալիս այդ մարդը, որ երկրում հետաքրքրություններ ու բիզնես ունի. չենք գտնում, էլի, երկիրը ներսից մանրամասն սիրող, տեղի մտայնությունը կրող մեկին, հա՞: Մի ինտրիգ էլ կա` Կարեն Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը նույն գյուղից են, մանկության ընկերներ: Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարզարույցը երկու օր առաջ չի խոսում այն մասին, որ նա հանգստացել է եւ կառավարման վերադառնալու իր ցանկությունները հանգցրել: