Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համարվում է համաշխարհային քաղաքականության հակասական դեմքերից մեկը, որն հայտնի է իր ավտորիտար (մեկ անձի դիկտատուրա) գործելակերպով թե՛ արտաքին քաղաքականության մեջ, թե՛ Թուրքիայի ներսում: 2014թ. օգոստոսի 10-ին, Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքում երկրի 12-րդ նախագահը դարձավ 60-ամյա Ռ. Թ. Էրդողանը: Նրան հաջողվեց հավաքել ձայների 52%-ը:
Ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո Էրդողանն ընտրազանգվածին խոստացավ, որ կդադարեցնի Թուրքիայի ներսում ամեն տեսակի քաղաքական հակասությունները: Ինչպես մեկնաբանում էին հենց Թուրքիայի վերլուծաբաններն ու քաղաքական փորձագետները, Էրդողանի իշխանության գալը պետության մեջ հիշեցնում էր «սահմանադրական հեղաշրջում», եւ իհարկե Էրդողանը շարունակում էր ակտիվորեն պաշտպանել 2002թ-ից իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության շահերը: Եվ իրոք, նորընտիր նախագահին շատ քիչ էին հետաքրքրում պետության սահմանադրական սկզբունքները, նա ստեղծում էր իր սեփական կարգուկանոնը:
Նախագահ ընտրվելուց հետո Էրդողանի առաջնահերթ խնդիրներից մեկը դարձավ վերափոխել համաշխարհային քարտեզը, ուժգնորեն ազդելով միջազգային քաղաքականության վրա՝ վերաստեղծել Օսմանյան կայսրությունը: Սրանով հանդերձ նորընտիր նախագահը բարձրացնում էր իր ժողովրդականությունը եւ փորձում էր ընկալվել որպես սուլթան:
Էրդողանի իշխանության տարիներին Թուրքիայի զինված ուժերը ներգրավվել են մահմեդական մեծամասնություն ունեցող բնակչությամբ տարբեր երկրներում զինված հակամարտություններում, ինչպիսիք են Լիբիան, Իրաքը, Սիրիան, Ադրբեջանում՝ Արցախը, եւ այլն:
Էրդողանին հաջողվում էր եւ հաջողվում է իր հռետորաբանության միջոցով ստանալ հասարակ ժողովրդի աջակցությունը, միեւնույն ժամանակ նա հաջողությամբ քանդում էր ժողովրդավարությունը: Օգտագործելով պոպուլիստական մարտավարություն՝ Էրդողանը ամեն գնով պահպանում էր իր դիրքերը եւ իրականացնում իր նպատակները: Այսպիսով, ունենալով ժողովրդի աջակցությունը, քաղաքական այս գործիչը Թուրքիան վերածում է ավտորիտար, վրեժխնդիր պետության, որի իշխանությունը կենտրոնացվում է մեկ անձի շուրջ:
Սկզբնական իր համեստ պահվածքի շնորհիվ Էրդողանին միշտ հաջողվել է ներկայանալ որպես ժողովրդի մարդ եւ առանձնանալ ռազմա-քաղաքական վերնախավից: Թուրք ժողովրդի մեջ շատերը տեսնում են նրան որպես ընտրյալ «խալիֆ», որը ձգտում է միավորել ամբողջ մահմեդական աշխարհը եւ հիմնել «Նոր Թուրքիա»:
Այժմ որոշ տեղեկատվություն նրա վաղ տարիների մասին:
Էրդողանը ծնվել եւ մեծացել է բանվորի ընտանիքում, Ստամբուլի աղքատ թաղամասում՝ Սեւ ծովի շրջան, Ռըզա նահանգում, Քասիմփաշա թաղամասում, այնուհետեւ ուղարկվել է կրոնական ուղղվածություն ունեցող Իմամ-Հաթիփ դպրոցը:
Դեռեւս դպրոցական տարիքում Էրդողանը միացել է Նեջմեթթին Էրբաքանի «Ազգային փրկության» կուսակցության երիատսարդական թեւին, որը կրոնական շարժում էր եւ պանիսլամական բնույթ էր կրում: Շարժման հիմնական գաղափարախոսությունը այն է, որ Թուրքիան կարող է զարգանալ իր սեփական մարդկային եւ տնտեսական ռեսուրսներով, պաշտպանելով իր հիմնական արժեքները: Պատանի Էրդողանին ոգեւորում էր այն միտքը, որ վստահելով Ալլահին՝ պետք է մրցակցել արեւմտյան երկրների հետ, արագ քայլելով առաջ շարժվել եւ համահունչ լինել մահմեդական երկրների հետ:
1994թ. Էրդողանն ընտրվեց Ստամբուլի քաղաքապետ: Փաստորեն նա առաջին իսլամիստ քաղքապետն էր:
Այդ պոստում նա որոշակի ժողովրդականություն ձեռք բերեց, քանի որ նրան հաջողվեց որոշ խնդիրների լուծում տալ այդ քաղաքում: Օրինակ՝ ջրամատակարարումը, աղբահանությունը, քաղաքի կանաչապատումը: Բացի այդ, խթանելով իսլամական արժեքները, Էրդողանը սահմանեց ալկոհոլային խմիչքների օգտագործման սահմանափակումներ:
1998թ. Էրդողանը հեռացավ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից:
Իր ելույթներից մեկի ժամանակ, որը տեղի ունեցավ աղքատ Սիիրթ (Սղերդ) քաղաքում, Էրողանը արտասանեց մահմեդական-ազգայնական բանաստեղծություն:
Այդ բանաստեղծությունը, որը պետության օրենքների համաձայն բռնություն հրահրող էր, հիմք տվեց մեղադրանք առաջադրելու նրա դեմ: Բանաստեղծությունը գրել էր XX դարի սկզբի պանթուրքիստական ակտիվիստ Զիյա Գյուլկապը: Դատարանը դատապարտեց Էրդողանին 10-ամսյա կալանքի: Սակայն նա բանտում գտնվեց ընդամենը 4 ամիս եւ մի քանի օր (1999թ. մարտի 24-ից մինչեւ հուլիսի 27-ը) եւ վաղաժամկետ ազատ արձակվեց:
2001թ. Էրդողանը հիմնեց եւ գլխավորեց «Արդարության եւ զարգացման կուսակցությունը» («Justice and development»): Այդ կուսակցությունը միավորում էր իսլամական պահպանողականներին, աջ կենտրոնամետներին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին:
2002թ. նոյեմբերին վերոհիշյալ կուսակցությունը պառլամենտական ընտրություններում ստացավ 34,3% ձայն եւ հնարավորություն կառավարություն ձեւավորելու:
Սակայն կառավարությունը գլխավորեց ոչ թե Էրդողանը, որը դատվածություն ուներ, այլ կուսակցության փոխնախագահը՝ Աբդուլլահ Գյուլը: Էրդողանը դեպուտատ դարձավ 2003թ., երբ օրենքի փոփոխություն տեղի ունեցավ եւ նախկինում դատված քաղաքացիներն իրավունք ստացան ընտրվել օրենսդիր մարմնի անդամ: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ այդքան աջակցում իրեն, Էրդողանը պատասխանեց. «Ես Ստամբուլի իմամն եմ»:
2003թ. մարտի 14-ին Էրդողանը Թուրքիայի պառլամենտի կողմից նշանակվեց վարչապետ: Այդ պաշտոնը նա զբաղեցրեց մինչեւ 2014թ. օգոստոսի 28-ը: Նրա կառավարման ընթացքում (որպես վարչապետ) երկրի ընդհանուր համախառն արտադրանքն աճեց 2,7 անգամ, լիրայի ինֆլյացիան կրճատվեց 45%-ից մինչեւ 7,5%: Բացի այդ, Էրդողանը խիստ հսկողություն սահմանեց երկրի Զինված ուժերի նկատմամբ, ձերբակալության ենթարկեց հարյուրավոր սպաների: Չէ՞ որ իր կյանքի ընթացքում (ծնվել է 1954թ. փետրվարի 26-ին) Էրդողանն ականատես է եղել 9-ը հեղաշրջման եւ հեղաշրջման փորձերի:
«Նոր սուլթան Էրդողանը եւ ժամանակակից Թուրքիայի ճգնաժամը» գրքի հեղինակ Չագափթայը պնդում է, որ Էրդողանը 21-րդ դարի պոպուլիզմի գյուտարարն է: «Նա օրինակն է այն բանի, թե մեկ մարդը ինչ ազդեցություն կարող է ունենալ մի ամբողջ երկրի վրա: …Նա ամեն կերպ հեռացրեց Թուրքիան աշխարհիկ շերտից»:
Այստեղ մեջբերում է արվում Էրդողանի նշանավոր արտահայտությունը Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ. «Ժողովրդավարությունը չի կարող նպատակ լինել, դա ընդամենը գործիք է… ժողովրդավարությունը նման է տրամվայի» («Democracy can t be an objective, but only an instrument… democracy is like a tram»). դու քշում ես այն, մինչեւ հասնում ես քո նպատակներին, հետո իջնում ես»:
Իր վարչապետության, ինչպես նաեւ նախագահության տարիներին, Էրդողանը շարունակում էր իր իսկ մշակած քաղաքականությունը՝ երկրի իսլամիզացիան, ղեկավարելու պոպուլիստական ոճը, որով սատարում էր թուրք պահպանողական սուննի զանգվածների դժգոհությունները՝ ընդդեմ «քեմալիստական» վերնախավին:
Էրդողանի պոպուլիստական օրակարգերից մեկն էր նաեւ ներկայանալ որպես «լավ մահմեդական» եւ վերացնել կանանց ինքնավարությունն արգելող կանոնները: Օրինակ՝ եթե նրանք ցանկանում են գլխաշոր կրել պետական գրասենյակներում, ապա ոչ ոք նրանց արգելել չի կարող:
Էրդողանին անհրաժեշտ էր նաեւ ամեն կերպ թուլացնել զինվորականների ազդեցությունը թուրք հասարակությունում, որը հանգեցրեց ռազմական հեղաշրջման փորձի 2016թ. հուլիսի 15-ին: Հեղաշրջման հիմնական շարժիչ ուժը Թուրքիայի ԶՈՒ Ռազմա-օդային ուժերի սպայական վերնախավն էր: Սակայն բնակչության, իրեն լոյալ զորամասերի, ոստիկանության եւ հատուկ ծառայությունների միջոցով Էրդողանին հաջողվեց ճնշել այդ հեղաշրջման փորձը: Ըստ որոշ տվյալների, այդ օրերին Էրդողանը իր կնոջ հետ հանգստանում էր Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Բոդրում քաղաքի «Մարմարիս» հյուրանոցում: Նրան զանգահարում է իր «խորհրդավոր բարեկամներից» մեկը, զգուշացնում է պատրաստվող հեղաշրջման եւ անձամբ իր դեմ պատրաստվող մահափորձի մասին: Տեղեկատվության ռադիոալիքակապումը իրականացվել էր «Ինջիրլիք» ավիաբազայից 200կմ հեռավորության վրա գտնվող Խմեյմիմ (Սիրիա) ռուսական ավիաբազայում գործող ռուսական գլխավոր (ռազմական) հետախուզական վարչության էլեկտրոնային ստորաբաժանման կողմից: Ռեզիդենտուրան զեկուցել էր Մոսկվա, դե իսկ Կրեմլում, կշռելով բոլոր դրական եւ բացասական կողմերը, որոշում էր կայացվել հայտնել Էրդողանին եւ փրկել նրա կյանքը: Կրկնում եմ, սրանք չճշգրտված տվյալներ են, բայց եւ հավանական:
Իսկ հեղաշրջման փորձի ամբողջ պատասխանատվությունը վերագրվեց հանրահայտ կրոնական քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:
Թուրքիայում հայտարարվեց արտակարգ դրություն մինչեւ 2018թ. հուլիսի 19-ը: Մոտավորապես 15 000 մարդ ազատազրկվեց (հիմնականում զինծառայողներ) հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով:
Կարեւոր փոփոխություն կատարվեց պետության զինված ուժերի կառավարման համակարգում: Զինված ուժերը դուրս բերվեցին գլխավոր շտաբի ենթակայությունից եւ անցան Պաշտպանության նախարարության վերաստորադասման տակ:
2016-2018թթ. Էրդողանի նախաձեռնությամբ Թուրքիայի զինված ուժերը մի քանի ռազմական օպերացիաներ անցկացրին Սիրիայի տարածքում: Սակայն Էրդողանի վարած արտաքին քաղաքականության հիմնական ռազմավարությունը Եվրամիության կազմ մտնելու խնդիրն էր, որը Եվրոպան չի ընդունում, մեղադրելով Անկարային մարդու իրավունքների ոտնահարման, լրագրողների, իրավապաշպանների հետապնդման մեջ եւ այլն:
Էրդողանը հայտնի է նաեւ իր հռետորաբանությամբ: Լսարանը կլանվում է նրա ելույթներով, Էրդողան-հռետորը անմիջապես կարողանում է ստեղծել միասնության եւ համերաշխության զգացում, հպարտության զգացում թուրք ազգին պատկանելու համար, ինչպես նաեւ խորը ատելություն ներքին եւ արտաքին թշնամու նկատմամբ: Իր հետընտրական ելույթում Էրդողանը հայտարարեց, որ հաղթել է ոչ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այլ ազգային կամքն ու ժողովրդավարությունը:
Էրդողանին հաջողվել է կերտել նոր ազգային ինքնություն, որը հիմնված է իսլամիզմի, ավտորիտարիզմի եւ իր անձի պաշտամունքի վրա:
Էրդողանն ունի պարգեւատրումներ օտարերկրյա պետություններից՝ Պակիստան-2009թ., Վրաստան-2010թ., Կոսովո-2010թ., Ղրղզստան-2011թ.:
«Time» շաբաթահանդեսը 2005թ. եւ 2010թ. Էրդողանին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:
Էրդողանը գիտի անգլերեն եւ արաբերեն: Տիրապետում է թաջվիդի տեխնիկային (կարդալ Ղուրանը երգեցիկ ձայնով):
Էրդողանն ունի 2 որդի եւ 2 դուստր:
***
Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես եւ Վլ. Պուտինի եւ Ռ. Թ. Էրդողանի հարաբերությունները երկարատեւ, հակասական եւ բարդ բնույթ են կրում: Պատմության ընթացքում Ռուսաստանը եւ Թուրքիան միշտ եղել են բարիկադների հակառակ կողմերում, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում հակասություններն երկրորդ պլան են մղվել (նրանք երբեք չեն վերանա), առաջ է եկել բարեկամություն, նույնիսկ սիրախաղ:
Փորձագետները գտնում են, որ այս «ջերմ բարեկամությունը» Էրդողանի եւ Պուտինի միջեւ սկսվեց նրանց պատմական հանդիպումից, որը տեղի ունեցավ 2016թ. հունիսի 27-ին Սանկտ-Պետերբուրգում, երբ Թուրքիայի ղեկավարը ներողություն խնդրեց 2015թ. նոյեմբերի 24-ին իրենց կողմից խոցված (Սիրիայի օդային տարածքում) ռուսական կործանիչի համար:
Եվ այսպես, Ռուսաստանը Թուրքիայի տարածքում կառուցում է միջուկային ռեակտորներ 30 մլրդ արժողությամբ, այդ երկրին տրամադրել է C-400 3 հրթիռային համակարգ (չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է): ՌԴ մատակարարում է Թուրքիայի բնական գազի պահանջի 45%-ը, մեծ քանակությամբ նավթ, ցորեն, եգիպտացորեն եւ այլ ապրանքներ:
Թուրքիան իր հերթին մեծ քանակությամբ գյուղատնտեսական ապրանքներ է առաքում Ռուսաստան, թուրքական ընկերություններն իրացնում են Ռուսաստանում կարեւոր հարյուրավոր ծրագրեր, իսկ Թուրքիայի տուրիստական սեկտորը տարեկան մինչեւ 10 մլն ռուս տուրիստներ է ընդունում իր ծովափնյա քաղաքներում:
Քաղաքական հարթությունում Մոսկվայի եւ Անկարայի հետաքրքրությունները համընկնում կամ առճակատվում են Կովկասում, Միջին Ասիայում, Մերձավոր Արեւելքում: Այս պահին ՌԴ եւ Թուրքիայի հարաբերություններում ամենաբարդ խնդիրը Ուկրաինական ճգնաժամն է, նամանավանդ Ղրիմի հարցում:
Պատմության էջերում նշվում է, որ Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների միջեւ 16 կատաղի պատերազմներ են տեղի ունեցել, որոնցից 11-ում հաղթել են ռուսները: Մնացյալ 5-ում թուրքերը հաղթել են ֆրանսիացիների եւ անգլիացիների ռեալ օգնությամբ:
***
Իսկ այժմ պարոն Էրդողանի մի այլ մտերիմ կապի մասին, որը, կարծում եմ, շատ կհետաքրքրի հայ ընթերցողին: Խոսքս 2020թ-ից Մեծ Բրիտանիայի հետախուզության (MI) պետ, Ստամբուլի «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու, Մառախլապատ Ալբիոնի ամենահավասարակշռված պաշտոնյաներից մեկի, 2014թ-ից մինչեւ 2017թ. Միացյալ Թագավորության հավատարմագրված դեսպանը Թուրքիայում, 59-ամյա Ռիչարդ Մուրի մասին է:
Ի միջի այլոց, անգլիական Ջեյմս Բոնդերի այս ղեկավարի մասին ես հոդված եմ գրել դեռեւս 2020թ-ին (տե՛ս «ԱԶԳ» 25; 21 օգոստոսի 2020թ.), որտեղ նշել եմ նրա մտերմության մասին նախագահ Էրդողանի, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային հետախուզության պետ Հաքան Ֆիդանի եւ Ադրբեջանի նախագահի եւ արտաքին հետախուզության պետ Օրխան Սուլթանովի հետ:
Ինչպես նշել եմ հոդվածիս սկզբում, 2016թ. հունիսին Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարվեց եւ տապալվեց: Ռիչարդ Մուրը, այդ պահին Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը Թուրքիայում, առաջիններից էր, որ սատարեց Էրդողանին եւ մեղադրանքի սլաքներն ուղղեց դեպի Ֆեթուլլահ Գյուլենը (որը բնակվում էր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում):
Ի միջի այլոց նշեմ, որ ինչպես Անգլիայի, այնպես էլ Թուրքիայի հետախուզությունները մեծ ներդրում ունեն Ադրբեջանի եւ Վրաստանի հետախուզությունների կայացան գործում:
2020թ. նոյեմբերի 11-ին, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռիչարդ Մուրը, այսպես կոչված Միացյալ Թագավորության «Խորքային պետության» ղեկավարներց մեկը, ժամանեց Թուրքիա եւ շտապ հանդիպում ու քննարկումներ ունեցավ Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինի հետ:
Քննարկվել են հարցեր, կապված Արցախի եւ Լիբիայի հետ: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
2022թ. դեկտեմբերի 16-ին Ռիչարդ Մուրը ժամանեց Հայաստան: MI-ի ղեկավարը Հայաստանում՝ պատմական երեւույթ է… Բայց դե ի՞նչ կա որ, եթե Հայաստան են ժամանում ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսը, Իրանի հետախուզության ղեկավարները, Ռուսական արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինը, ապա ինչի՞ չեն կարող Հայաստան ժամանել Սիրիայի, Իսրայելի կամ Ֆրանսիայի ու Անգլիայի հետախուզության պետերը: Սա միայն խոսում է այն մասին, որ Հայաստանը դեռեւս մնում է աշխարհաքաղաքական իրադարձությունների թատերաբեմ, որ Հայաստանում եւ Արցախում դեռեւս կան չլուծված հարցեր եւ հարկավոր է հնարավորինս շուտ տեր կանգնել այդ հարցերին:
Այստեղ կարեւորը՝ ցույց տալ բոլորին, որ մեր հարցերի տերը մենք ենք, իսկ մնացած բոլորը (որոնք, անկասկած, Հայաստանում ունեն հետախուզական ռեզիդենտուրաներ եւ կետեր) ունեն միայն խորհրդատվական ձայն…
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Անվտանգության գծով մասնագետ