«Թուրքիան հայտարարեց օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին, և դա համարում եմ ողջունելի քայլ այն առումով, որ կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն դինամիկան այդ բանակցություններում։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված նա հույս հայտնեց, որ 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար կբացվի սահմանը։
Պարզ հարց է առաջանում՝ ո՞ր երրորդ երկրի քաղաքացիների մասին է խոսքը։ Ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը։
Դատելով թուրք-ադրբեջանական հայատյաց ու ագրեսիվ պահվածքից՝ դժվար չէ ենթադրելը, որ խոսքը Մոզամբիկի քաղաքացիների մասին չէ, այլ այն երրորդ երկրի, որը Հայաստանի հետ թշնամական հարաբերությունների պատճառով մինչև հիմա չի կարողացել մուտք գործել Հայաստան։ Այսինքն՝ Ադրբեջանի։ Ասել է թե ադրբեջանցիները կարող են Թուրքիայով ազատ մուտք գործել Հայաստան։
«Այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլև որ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ հետքրքիր է դառնում, քան նախկինում, ու միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում։
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում։ Ես հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվել այս ճանապարհով»,- նույն թեման արծարծելով՝ նշեց Փաշինյանը։
Նա հայտարարեց նաև երկաթգծի բացման մասին։ Նշենք, որ նախկինում ևս Հայաստանի ղեկավարը շեշտել է, որ ինքը ուրախ կլինի, եթե երկաթուղին բացվի։
«Մենք պատրաստ ենք վերականգնել Երասխ- Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին. պիտի անկեղծ ասեմ, որ շահագրգռված ենք դրանում։
Հայաստանի տարածքով ավտոճանապարհների և բեռնափոխադրումների բացումը՝ արևելք-արևմուտք ուղղություններով, նոր ճանապարհների կառուցումը. սրանով էլ ենք հետաքրքրված։ Միակ բանը, որ սրան խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է միջանցքների մասին։ Պատրաստ ենք իրագործել հայկական խաչմերուկի մեր տեսլականը»,- ի գիտություն մեր չար ու ավելի չար հարևանների՝ ասաց Փաշինյանը։