Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցումՙ լրագրող Հակոբ Պողոսյանի անունը կրող լսարանում կայացավ «Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ» շարադրությունների ամենամյա մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը (իսկ մրցույթը կայացել էր հոկտեմբերի 12-ին Թեքեյան կենտրոնում):
Ձեռնարկը, որը նվիրված է հայ ականավոր հրապարակախոս, լրագրող, քաղաքական մեկնաբան, Կալիֆոռնիայում հրատարակվող ՌԱԿ պաշտոնաթերթ «Նոր Օր»ի խմբագիր, թարգմանիչ Հակոբ Պողոսյանի հիշատակին, նախաձեռնել եւ 2002թ. սկսած իրականացնում է նրա այրինՙ ԱՄՆ-ում բնակվող Անի Պողոսյանը: Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների առաջադիմության բարձրացմանը, խրախուսել հայոց լեզվի իմացությունն ու ստեղծագործական աշխատանքը, նոր լիցք ու ոգեւորություն հաղորդել աշակերտներին, ինչպես նաեւ առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ պատանիներին դրսեւորելու իրենց գիտելիքները:
Այս տարվա մրցութիՙ ստեղծագործական շարադրությունների թեմաներն էինՙ «Հայաստան աշխարհ», «Կարոտի կանչով» եւ «Իմ աղոթքի լեզուն»: Մասնակիցներն էին դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանի աշակերտները, որոնցից վեցը լավագույն աշխատանքների համար արժանացան դրամական պարգեւներիՙ
I մրցանակ – Մոնիկա Մելիքսեթյան (9-րդ դասարան)
II մրցանակ – Միլենա Սիսայն (9-րդ դասարան)
III մրցանակ – Աստղիկ Ղազարյան (9-րդ դասարան)
IV (խրախուսական) մրցանակ – Հասմիկ Կարապետյան (9-րդ դասարան)
V (խրախուսական) մրցանակ – Աստղիկ Բաբաջանյան (9-րդ դասարան)
VI (խրախուսական) մրցանակ – Լուսինե Բաբաջանյան (8-րդ դասարան)