ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում կողմերի շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել 36 ժամով. հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հունվարի 6-ի ճեպազրույցի ժամանակ։
«Համաձայն ՌԴ նախագահի հանձնարարականի և ՌԴ պաշտպանության նախարարի ցուցումների՝ հատուկ ռազմական գործողության շրջանում ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումում հրադադար է հայտարարվել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն՝ Ուկրաինայում կողմերի շփման գծի ամբողջ երկայնքով», – հայտնել է Իգոր Կոնաշենկովը։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ուկրաինան շարունակել է գնդակոծությունները։
«Չնայած ռուսական զորքերի կողմից այսօր՝ հունվարի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից հրադադարի ռեժիմի պահպանմանը, Կիևի վարչակարգը շարունակել է գնդակոծել բնակավայրերն ու ռուսական զորքերի դիրքերը», – ասել է Կոնաշենկովը։
Նա հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծություններ է իրականացրել Կրասնի Լիմանի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Բելոգորովկա բնակավայրի ուղղությամբ։
Ինչպես հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, «ռուսական զորքերի պատասխան կրակով ճնշվել են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, որտեղից իրականացվել է հրետակոծությունը»։