Կարեն Ճշմարիտյանը գրում է.
Գլխավոր կռիվը
Էներգետիկ, տարածքային և այլ ռեսուրսների համար աշխարհով մեկ ընթացող պայքարը զուտ տեսանելի հատվածն է։
Պայքարի հիմքում գաղափարական պայքարն է։
Գաղափարական պայքարը մարդկությանը կառավարելու երկու մոտեցումների միջև է։
Առաջին մոտեցումը.
քանի որ հնարավոր չէ կառավարման մեկ մոդելի մեջ ներառել և ճշգրիտ հաշվարկել էթնիկ յուրահատկության գործոնը, ապա պետք է աշխարհով մեկ ստեղծել ունիվերսալ մարդու մեկ մոդել` առանց ազգային, մշակութային, լեզվական, կենսաբանական և էթնիկ հոգեբանական, այսինքն՝ արժեքային առանձնահատկությունների և տարբերությունների: Այլ կերպ ասած` ստանալ պարզագույն կենսաբանական միավորների բազմություն, և կառավարել մեկ մոդելով։
Բնական է, որ միայն այդ դեպքում տեսանելի կլինի ողջ մարդկության կառավարման այնպիսի միատեսակ բանաձևումը, որի դեպքում գլխավոր գործող անձի, գլխավոր արդյունք ստեղծողի, այսինքն մարդու կենսաբանական և էթնիկ առանձնահատկություններից բխող հատկանիշները այլևս ոչ մի ազդեցություն չեն ունենա նրա վարքագծի, հետևաբար, նաև ակնկալվող արդյունքի վրա:
Մոդելավորելը կդառնա շատ դյուրին գործ, բայց էականորեն կսահմանափակվեն մարդ էակի ներուժի ստեղծարար, արագ և անսահմանափակ իրացման հնարավորությունները։
Երկրորդ մոտեցումը.
քանի որ հնարավոր չէ կառավարման մեկ մոդելի մեջ ներառել և ճշգրիտ հաշվարկել էթնիկ յուրահատկության գործոնը, ապա պետք է տեղայնացնել կառավարման տեսական ու գործնական հարուստ փորձն ու ռեսուրսը՝ հաշվի առնելով, համադրելով, ադապտացնելով ու ներդաշնակեցնելով մարդու կենսաբանական, տեսակային և արժեքային առանձնահատկությունների հետ:
Այս դեպքում կառավարման մոդելի ընտրությունը համեմատաբար ավելի բարդ է թվում, բայց ապահովում է մարդ էակի ներուժի առավել ստեղծարար, արագ և անսահմանափակ իրացումը։
Ստացվում է, որ աշխարհում հիմնական «կռիվը» երկու ուղղությունների միջև է.
առաջին`
բոլոր ազգերը հրաժարվում են իրենց պետություններից, պատմությունից, մշակույթից, լեզվից, կրոնից, իսկ մարդը՝ սեռից ու մնացած արժեքներից, և միանում են ունիվերսալ «մարդ» ստանալու «համաշխարհային շարժմանը»,
երկրորդ`
պահպանվում են պետությունները, տեսակներն ու արժեքները, և ազգերն ընտրում են իրենց տեսակին և արժեքային համակարգին համահունչ զարգացման ուղին, օգտվելով կառավարման տեսական ու գործնական բավականին հարուստ ռեսուրսից:
Սա է հիմնական կռիվը։
Մնացածը՝ ռեսուրսներն ու տարածքները գաղափարն իրացնելու միջոցներ են, իսկ սառը, տաք, կամ ինֆորմացիոն պատերազմները՝ նպատակին հասնելու մեթոդներն են։
ՀԳ
Թե ինչու են «Կառավարում» գիտությունը ներառել «Տնտեսագիտության» մեջ՝ անհասկանալի է։