Ինչպես արդեն տեղեկացրել էր «Ազգ»ը (2022, նոյեմբերի 11), այս տարվա նոյեմբերին Կահիրեում՝ Արծվի Բախչինյանի եւ Հայկ Ավագյանի նախաձեռնությամբ, որպես տեղի «Ջահակիր» երկշաբաթաթերթի հավելված լույս տեսավ ուշագրավ մի ժողովածու, որը ներառում է «Վահագնի ծնունդի» թարգմանություններն աշխարհի 50 լեզուներով, ինչպես նաեւ բանաստեղծության արեւելահայերեն եւ արեւմտահայերեն տարբերակները: Կահիրեի Գալուստյան-Նուպարյան վարժարանի Պըլըգտանյան սրահում կայացած շնորհանդեսին դեկտեմբերի 15-ին հաջորդեց երեւանյան շնորհանդեսը՝ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրընկալ հարկի ներքո: Միջոցառման ընթացքում ժողովածուին հանգամանորեն անդրադարձավ դրա հեղինակ-կազմողներից Արծվի Բախչինյանը: Բազմաբեղուն հայագետ-բանասերը նախ ներկայացրեց ժողովածուի ստեղծման պատմությունը: Նրա խոսքերով՝ եգիպտահայ երաժշտագետ եւ բանասեր Հայկ Ավագյանը տարիներ շարունակ հավաքում է մեր մշակույթին ու պատմությանը նվիրված մեծարժեք նյութեր, որոնք տպագրվում են որպես «Ջահակիրի» հավելվածներ եւ տեղադրվում առցանց՝ բոլոր հետաքրքրվողների համար:
Եվ ահա, Հայկ Ավագյանի հերթական մտահղացումն է եղել մեկտեղել Մովսես Խորենացու շնորհիվ փրկված Գողթան բանաստեղծության այդ գողտրիկ նմուշի՝ նախկինում արված բոլոր թարգմանությունները: 20 թարգմանություն գտնելուց հետո նա խնդրել է Բախչինյանին օգտակար լինել այս հարցում, վերջինս էլ ի պատասխան առաջարկել է չբավարարվել արդեն կատարված թարգմանություններով, այլ նախաձեռնել նորերը՝ դիմելով աշխարհի տարբեր երկրներում բնակվող իր ընկերներին եւ նույնիսկ ընկերների ընկերներին, որոնց կյանքում երբեւէ չի տեսել: «Նրանց մեջ կան բանաստեղծներ, օրինակ՝ ալբաներենը թարգմանեց ալբանագիր հայ բանաստեղծ Էմիլ Աստուրյանը, կան եւ հայագետներ. գնչուերենը թարգմանեց իտալացի հայագետ Անդրեա Սկալան, մոնղոլերենը՝ մոնղոլուհի հայագետ Բայարսայխան Դաշդոնդոգը»: Նա հպարտությամբ նշեց, որ այս ժողովածուով հայ գրականության մի նմուշ առաջին անգամ հնչեց նաեւ մի քանի լեզուներով՝ թայերեն, քմերերեն, լաոսերեն, Կոնգոյի լինգալա լեզվով (թարգմանել է կես հայ, կես կոնգոլեզացի Կարո Նանիկյանը): Այսպիսով, ներկայումս սա ամենից շատ թարգմանված հայկական բանաստեղծությունն է:
Բախչինյանը ներկայացրեց հայկական միջավայրում բավականին տարածված բազմալեզու հրատարակությունների ավանդույթը, նշելով, որ նույնիսկ աշխարհի խոշորագույն երկրների համար դա անսովոր, հազվադեպ պատահող երեւույթ է: Դեռեւս 1810-ին Վենետիկի Մխիթարյանները վեց լեզուներով հրատարակել են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը, թարգմանությունների թիվը 1871-ին հասել է 36-ի: Նման փորձեր կատարել է եւ ինքը՝ Բախչինյանը. 2010 թ. 35 լեզուներով հրատարակել է Էլդա Գրինի «Ձեռքերը» պատմվածքը, իսկ 2012 թ.՝ Հովհաննես Փիլիկյանի անգլերեն բանաստեղծությունը՝ 19 լեզվով: Իսկ այս նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել ընկերական եւ բարեկամական մղումների շնորհիվ, երբ կամավորները սիրով միացել են եւ առանց վարձատրության իրականացրել այս պատվաբեր գործը: Բախչինյանը նշեց, որ ժողովածուն վերջնական համարելու հավակնություններ չունի եւ հաջորդ հրատարակության դեպքում այն կարող է համալրվել նոր տարբերակներով ու թարգմանություններով:
Ներկա գտնվող հայաստանաբնակ հինգ թարգմանիչները կարդացին իրենց թարգմանությունները. լիտվերեն՝ Օլգա Արզումանյանը (Լիտվայում ծնված երեւանաբնակ ռուս), ասորերեն՝ Թեհմինա Թումասովան, հոլանդերեն՝ Նանե Ջերահյանը, ճապոներեն՝ Ռուզան Խոժիկյանը եւ չինարեն՝ Դավիթ Գրիցենկոն: Ցերեկույթի ընթացքում «Վահագնի ծնունդը» հնչեց այլ լեզուներով եւս՝ լեզվակիրների կամ լեզուների մասնագետների կողմից: Գալինա Ադամյանը, լինելով ուկրաինական լեհուհու դուստր, կարդաց բանաստեղծությունը ուկրաիներեն, լեհերեն, ռուսերեն, Իտալիայում ծնված Սառա Մխիթարյանը՝ իտալերեն, Ֆրանսիայում բնակված ծնունդով իրանահայուհի Լուսանա Հովհաննիսյանը՝ ֆրանսերեն եւ պարսկերեն, մոր կողմից հույն Դիանա Սմբատյանը՝ հունարեն, Ալիսա Եփրանոսյանը՝ վրացերեն, Սոնա Մարտիրոսյանը՝ արաբերեն, իսկ Արծվի Բախչինյանը՝ շվեդերեն, անգլերեն եւ լինգալերեն: Վերջին ընթերցումը՝ աֆրիկյան էկզոտիկ լեզվով, որը հրապարակայնորեն մեզանում հնչեց առաջին անգամ, առանձնակի աշխուժություն առաջ բերեց դահլիճում: Տարբեր լեզուներն իրենց յուրահատուկ հնչողությամբ եւ առոգանությամբ մի երփներանգ համանվագ կազմեցին, որը չէր կարող անտարբեր թողնել ներկաներին:
Միջոցառումը եզրափակեց գրող, երգիչ եւ երգահան Արսեն Համբարյանը՝ «Վահագնի ծնունդը» բանաստեղծության հիման վրա իր գրած ոգեշունչ երգի կատարմամբ:
Ցերեկույթը վարեց եւ հայերեն մի շարք տարբերակներ ներկայացրեց ասմունքող Գայանե Սամվելյանը:
Արծվի Բախչինյանի եւ Հայկ Ավագյանի այս ողջունելի նախաձեռնությունը հայ գրականության հանրահռչակման, տարբեր ժողովուրդներին այն հասու դարձնելու եւս մի ազդեցիկ ու արդյունավետ միջոց է, որն ապացուցում է, որ եթե կա իրական նվիրում, ապա ոչինչ չի խոչընդոտի ծրագրված մեծարժեք գործի իրականացմանը:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարում` ձախից աջ՝ Դավիթ Գրիցենկո, Նանե Ջերահյան, Ռուզան Խոջիկյան, Թեհմինա Թումասովա, Արծվի Բախչինյան: