ԳԵՎՈՐԳ ՍԱՐՅԱՆ
Մեր սիրելի առաջին նախագահը այլեւս գուրգուրանքի պետք ունի: Սիրելի` շատերիս համար ընդհանրապես, քանի որ մեր նորագույն պատմության մեջ դեռեւս միակն է, որ մերՙ ԸՆՏԱՆԻՔ-ԺՈՂՈՎՈՒՐԴԻ արդար ընտրությունն էր, այն օրերուն մեր ամենալավը: Նաեւ, սիրելի մասնավորապես իմ համար, քանի որ իր մտածելակերպով, ձեւի մեջ, նոր որակ բերեց մեր ընդհանուր քաղաքական միտքին եւ հավատք ներշնչեց (այն օրերուն) մեր մեջ ապագայի հանդեպ, այնքան, որ դեռ 2002 թվականին չհրապարակած գրություն մը ունէի «Լռություն, որ այլեւս ոսկի չէ» վերնագրով, ուր կդիմեի իրեն, որ խզե իր տարիներու լռությունը ու ամենայն անկեղծությամբ, ինքնամաքրման խորին մղումով խոսի մեր ՏՈՒՆ-ՀԱՅՐԵՆԻՔԻ անկախության գործընթացի բոլոր ծալքերի, անձնական եւ խմբային սխալների, երկքաղաքացիության արգելքի, 1996 թվականի ընտրությունների, իր նախագահության ժամանակ սկիզբ առած փտախտի (կոռուպցիա) պատճառների եւ ընդհանրապես մեր ակնկալիքների եւ անհամապատասխան հուսախաբությունների մասին եւ մասամբ նորին: Ես այսօր էլ ներքին համոզմունք ունեմ, որ 1998 թվականի իր հրաժարականը ավելի շատ կապված էր 1996 թվականի անարդար ընտրությունների, քան «Պատերազմ եւ խաղաղություն» հոդվածի հետ:
Եվ հիրավի, Լեւոն Տեր-Պետրոսյանը այն մի քանի քաղաքական գործիչներից է, որոնց անունը երբեք չի հիշատակվիրՙ անօրեն հարստացման մասին խոսելիս:
Սակայն օրերս, իր վերջին ելույթըՙ ՀԱԿ-ի համագումարի ընթացքին եւ այդ առթիվ իրեն քննադատողներուն ուղված անդրադարձը իրենց բովանդակությամբ ու ձեւով, ավելի շատՙ ուշադրության արժանանալու մղումից գրված լինելու տպավորություն թողեցին, քան լուրջ քաղաքական գործիչի ելույթ-վերլուծություն, որովհետեւ դրանք լի են հակասություններով, անհամատեղելի փաստարկներով, անճշդություններով եւ ոչ խորքային վերլուծություններով: Նույնիսկ, եթե փորձենք ելույթը նախընտրական քարոզարշավի հարթության մեջ տեղավորելով արդարացման հիմքեր փնտրել, պիտի չհաջողինք, քանի որ ըստ իս առաջադրված մոտեցումը մեր ԺՈՂՈՎՈՒՐԴ-ԸՆՏԱՆԻՔԻ անկնկալիքներուն հետ անհարիր է:
Այնպես որ մեր երբեմնի սիրելի նախագահը ուշադրությանՙ գուրգուրանքի պետք ունի, այնպեսՙ ինչպես տարեց ծնողները: Եվ առհասարակ, մեր բոլոր նախագահները հատուկ վերաբերմունքի եւ ուշադրության պետք է արժանանան, անկախ իրենց գործունեության գնահատականից, քանի որ մենք որպես ԸՆՏԱՆԻՔ-ԺՈՂՈՎՈՒՐԴ յուրաքանչյուրի ժամանակահատվածում ուրիշը չենք կարողացել ունենալ, այլ հենց իրենց:
Դառնալով պրն. Լ. Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին, հիմնավորեմ մատնանշումներսՙ
1. Նախ, Լ. Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ կնշե, որ «Հայաստանի բոլոր չարիքներիՙ սոցիալական ծանրագույն վիճակի, բնակչության աղքատության, զանգվածային արտագաղթի, բանակի թերզինվածության, ապօրինի ընտրությունների, արդարադատության չգոյության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան էՙ պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը», որն ընդամենը «այսբերգի միայն տեսանելի մասն է: Անտեսանելին 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասածՙ Ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու եւ հարյուր տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը», քիչ հետոՙ «Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թալանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր այսօր 300000 բնակչությամբ Ղարաբաղ եւ գերժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար»: Ուրեմն, շրջափակման պայմաններում մենք կարողացել ենք եւ կարող ենք մեծ հարստություն ստեղծել, որ սակայն թալանված է եւ թալանվում է:
Իրականության մեջ շրջափակման գործոնը մեր տնտեսության վիճակին վրա այդքան մեծ ազդեցություն չունի, ինչը չենք կարող ասել պատերազմի պարագային. ապացույցՙ
Ա. Աշխարհում շատ երկիրներ կան, որոնք դեպի ծով ելք չունեն եւ իրենց բեռնափոխադրումները առավելապես կիրականացնեն հարեւան երկիրներից մեկի կամ երկուքի տարածքներով միայն, ինչպես մենքՙ Վրաստանի եւ Պարսկաստանի տարածքներով :
Բ. Ոչ մեկ հաշվարկ ունենք, որը ի ցույց կդնի շրջափակման պատճառով մեր տնտեսությանը հասած վնասի չափը:
Գ. Ոչ պատերազմ-ոչ խաղաղություն իրավիճակը բացարձակապես կապ չունի օտար ներդրումների ծավալի փոքրության հետ, հակառակ պարագային ոչ մի օտար ներդրում պիտի չլիներ աշխարհի շատ թեժ կետերում. օրինակները շատ են:
Դ. Նույն շրջափակման պայմաններում, 1998-2008 թվականների ժամանակահատվածում, առարկայական եւ ենթակայական պատճառներով կարողացանք լուրջ տնտեսական աճ արձանագրել, ընդհուպ արժանանալով «Կովկասի տնտեսական վագր» բնութագրումին:
Եվ ավելին, շրջափակման գործոնը պետք է խթան հանդիսանար, կառավարման ճիշդ քաղականություն որդեգրելու պարագային, որ զարգանար մեր ներքին արդյունաբերությունն ու տնտեսությունը, փոխարինելով թանկ փոխադրածախսով ներկրվող ապրանքներին:
2. Բոլորիս հայտնի է ՀՀ առաջին նախագահի տեսակետը ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ մասին. բայց իր ելույթում իր իսկ համոզմունքին հակասող փաստարկ կվկայակոչէ, նշելով որ Մոնղոլական կայսրությունը 4 մասի բաժանվելու պատճառներից է նաեւՙ «կայսրությունը միավորող գաղափարախոսություն ձեւավորելու» անկարողությունը, այսինքնՙ Մոնղոլական ազգային գաղափարախոսություն:
3. Պարոն նախագահը «ազգ-բանակ» ծրագրին անդրադառնալիս, մեր ռեսուրսների սակավությունը որպես խանգարող փաստարկ է նշում, քիչ հետո ավելացնելով սակայն, որ Իսրայելը 1948 թվականին ընդամենը 600000 բնակչություն ուներ, երբ որդեգրեց «ազգ-բանակ» համակարգը: Իրականության մեջ, «ազգ-բանակ» համակարգը ամենահարմարն է մարդկային եւ նյութական սակավ ռեսուրսներ ունեցող երկիրների համար. նայինք նույն 3 օրինակներին, զորս ներկայացնում է առաջին նախագահը, երեքն էլ փոքր ռեսուրսներով երկիրներ էին «ազգ-բանակ» համակարգին անցնելիս:
Այստեղ պետք է նշեմ, որ «ազգ-բանակ» համակարգի ջատագովներից լինելով հանդերձ, լուրջ վերապահություն ունեմ ծրագրի որդեգրման մեկնարկը 1000 դրամներով սկսելու քայլի առնչությամբ:
4. Սիրիա ծնած-ապրած եւ շրջանի պատմությանը քաջատեղյակ լինելով, վստահորեն կարող եմ ասել, որ անհամատեղելի են արաբ-իսրայելական եւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտները, չնայած պրն. Նախագահի ամեն առիթի համեմատելու ճիգերին: Թերեւս միակ համեմատության եզրը մեզ եւ պաղեստինցիներին նույն կողմում դիտելով հետեւյալն է. 1993 թվականին, երբ Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը (PLO) ամեն ինչ զիջեց, ընդհուպ Իսրայել պետության գոյության ճանաչումը, դիմացը ստանալով (փուլային տարբերակով) խոստումներ, Պաղեստինյան պետության ստեղծման, Երուսաղեմի կարգավիճակի հստակեցման («Երկու պետության»), որոնցից ցայսօր ոչինչ իրագործված է: Բոլորս գիտենք, թե ինչպես Իսրայել կշարունակե շրջափակել պաղեստինյան տարածքները, կխժռէ Երուսաղեմի արեւելյան եւ արեւմտյան պաղեստինյան հողերըՙ հրեական բնակեցումներով, քանի որ, իսրայելյան ազգայնական ուժերը, որոնք այսօր ալ կիշխեն, տակավին չեն հրաժարած ԳԵՏԻՑ-ԳԵՏ (Նեղոսից Եփրատ) երազից, ճիշդ այնպես, ինչպես թրքական ցեղերն ու մանավանդ թուրք ազգայնականները չեն հրաժարած ՄԵԾՆ ԹՈՒՐԱՆԻ գաղափարից, որուն սեպի պես կխանգարե Հայաստանը:
5. Խոսելով նաեւ «ազգ-բանակ» համակարգի ստեղծման դրդապատճառների մասին, Առաջին նախագահը զանց է առնում միջնադարյան, մեր հետ ամենահամեմատելի օրինակըՙ Շվեյցարիայի փորձը, միջնադարում ստեղծված լինելու պատճառով եւ մեզ է հրամցում իսրայելյան պետությունը, որը ստեղծվել է միջազգային օրենքի ուժով, ավելացնելով որՙ «միջնադարն ավարտվել է, եւ պետությունների հարաբերություններն այսօր կարգավորվում են միջազգային իրավունքի բոլորովին այլ սկզբունքներով»: Միթե միջնադարը ավարտվա՞ծ է: Նայեցեք Սիրիային, պրն. Նախագահ, արդյոք միջնադարը իր բոլոր ճոխությամբ այնտեղ չի՞: Արդյոք միջազգային օրենքներով ճանաչված սիրիական պետությունը, միջազգային օրենքներով ճանաչված ՍԻՐԵԼԻ հարեւանների կողմից, իմա Իսրայելի եւ Թուրքիայի, միջազգային օրենքի ամենաթողությամբ, միջնադարյան ոճի եւ ոգիի թիրախ չի՞: Աշխարհի ո՞ր տարածաշրջանում միջնադարը չի գործում. Եվրոպայո՞ւմՙ վերջին բազմահազար գաղթերը միջնադար չե՞ն: Ասիայո՞ւմ. Եմենում, Միանմարում, Աֆղանիստանում, Իրաքում, Սիրիայում ջարդերը միջնադար չե՞ն: Աֆրիկայո՞ւմ. Սոմալիում ծովահենությունները, սովամահությունները միջնադար չե՞ն: Մինչեւ այսօր, այս րոպե, աշխարհում տիրում է միայն ուժի օրենքը: Եվ ես, որպես հայրենի հող, տուն կորցրած արեւմտահայի սերունդ, կնախընտրեմ միջազգային օրենքն ու հարաբերությունները արհամարհելով իմ նոր տան եւ հողի տերը մնալ, քան քաղաքակիրթ երեւալովՙ միջազգային օրենքն ու հարաբերությունները հարգելովՙ կորսնցնել զանոնք:
6. Հարեւաններին անդրադառնալիս պրն. Նախագահը նշում էՙ «Մյուս երկու հարեւաններիՙ Վրաստանի ու Իրանի հետ իսկզբանե հաստատված են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք փոխշահավետության եւ աշխարհաքաղաքական նկատառումներով, ոչ միայն բնավ խաթարելի չեն, այլեւ խորացման ու ավելի արդյունավետ համագործակցության հեռանկար են ցուցանում»: Այսօր, ճիշտ է, միանգամայն, բայց վաղը՞, հարյուր տարի հետո՞, ո՞վ կարող է ապահովագրել: Հետեւաբար, մեր միակ ապահովագրումը մեր հզոր պաշտպանական բանակ ունենալն էՙ «ազգ-բանակ»:
7. Չափազանց անճիշդ տեսակետ է նաեւ «Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերացումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցիՙ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից (…): Չպետք է անկարեւոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջափակումից բացի, Հայաստանի դեմ որեւէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել եւ ոչնչով չի կարողացել խանգարել Ղարաբաղի տարածքային ընդարձակմանը: Ավելին, գուցե պարադոքսալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշնչելով ու դրանով անզիջողականության մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է արցախյան բանակի արձանագրած հաջողություններին»: Պարոն Նախագահը շատ լավ գիտի, որ եթե անձամբ ինքը, Ռուսաստանի հետ փոխպաշտպանության համաձայնագիր չկնքեր, Թուրքիան պատրաստվում էր Հայատանը ռմբակոծել, միջազգային հանրության առաջ պատրվակելով Հայաստանում Քրտական աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական ճամբարների առկայության սուտՙ իրականությանը չհամապատասխանող իրողությունը: Այս տեղեկությունը ես անձամբ ճշտել եմ Հայաստանի առաջին արտգործնախարար պրն Ր. Հովհաննիսյանից, երբ այն ժամանակ այցելել էր Հալեպ: Ես ավելին պիտի ասեմ. եթե Արցախի հակամարտությունը գոյություն չունենար, Թուրքիան անպայման պիտի այլ պատրվակներ գտներ, որպեսզի խոչընդոտեր Հայաստանի եւ հայ ժողովուրդի բնականոն զարգացումը:
8. «Այս ամենից բացի, իսրայելյան փորձի ընդօրինակումը խոցելի է նաեւ մի այլՙ մեթոդաբանական առումով: Ամենեւին պարտադիր չէ, որ որեւէ երկրում կիրառված արդյունավետ համակարգը կիրառելի լինի նաեւ ուրիշ երկրներում»: Բայց որտեղ է գրված հայկական «ազգ-բանակի» մոտելի նկարագրությունը, որպեսզի ասենք թե այն «իսրայելյան փորձի ընդօրինակումն» է:
9. Հասնելով բուն հիմնախնդրինՙ հայտնի «Պատերազմ կամ խաղաղության» հարցին, ելույթը ընթերցողի մոտ աներկբա տպավորություն է առաջացնումՙ
Ա. Որ Ադրբեջանը 19 տարի անընդհատ խաղաղություն է խնդրում, իսկ մենք չէ ու չէ, պատերազմ ենք ուզում :
Բ. Ադրբեջանը ռացիոնալ ղեկավար ունի, իսկ մենք ազգովին իռացիոնալ ենք: (Ի դեպ, Ալիեւի ռացիոնալության հարցն էլ շատ զարմանալի է, եթե ըստ պրն. Նախագահիՙ «ռացիոնալ մտածողության եղանակը հատուկ է մարդկության մեծամասնությանը», ինչ կարիք կար իր ելույթում շեշտելու, որ Ալիեւը մարդկության մեծամասնության մաս կկազմէ, եթե այնտեղ ուրիշ իմաստ չկա…):
Գ. ԵԱՀԿ-ի բոլոր առաջարկներին Ադրբեջանը դրական պատասխան է տալիս, իսկ հայկական կողմը կմերժե:
Դ. Բանակցություն կնշանակէ զիջիլ եւ վերջ: Բայց իրականության մեջ, եթե զիջելու որոշում ունիս, բանակցելու կարիք չես ունենա:
Եթե քաղաքականությունը հնարավորի արվեստն է, բանակցությունը փոխզիջման միջոցով տվյալ իրավիճակում առավելագույնն ստանալու արվեստն է:
10. Ինձ ամաչեցրեց առաջին Նախագահի ցինիզմը մեր հասարակության լայն շրջանակներու մոտ հավատք ներշնչող, իմաստ եւ պատմություն ունեցող արժեքների հանդեպ: Անձամբ, Արեւմտյան Հայաստանը ազատագրելու կոչեր հնչեցնող մեկը չեմ, բայց եթե ինձ պարտադրեն հայտարարել, թե Արեւմտյան Հայաստանը այլեւս հավերժ թրքական տարածք է, կպոռթկամ: Չէ՞ որ, եթե վնասել ես, կարող ես նաեւ շահել, եթե կորցրել ես, կարող ես նաեւ գտնելՙ եթե հավատք ունիս: Եվ ով կարող է այսօր պնդել, որ 100, 200, 300 տարի վերջ ծովից-ծով Հայաստան չի կարող լինել. Հայաստանը այսօր մերն է, վաղըՙ մեր սերունդներինը. իսկ յուրաքանչյուր սերունդ, ինչպես յուրաքանչյուր հայր, պարտավոր է իր հաջորդին հավելյալ արժեք փոխանցել, փողի տեսքով կամ գույքի, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ եւ ՀՈՂԻ՛:
09.02.2017