Հունվարի ցուցանիշները եւ համադրումները անցած տարիների հետ
Ադրբեջանի այս տարվա առաջին ամսվա տնտեսական ցուցանիշներն է հրապարակել այդ երկրի վիճակագրության պետական կոմիտեն: Համաձայն դրանց, Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը 2017-ի հունվարին աճել է 0,8 տոկոսով: Նախորդ տարվա հունվարի համեմատ արդյունաբերությունում աճը կազմել է 0,8 տոկոս, առեւտրում եւ տրասնպորտային միջոցների նորոգման ճյուղումՙ 1,3 տոկոս, զբոսաշրջությունումՙ 0,3 տոկոս, գյուղատնտեսությունումՙ 3,5 տոկոս: Ըստ կոմիտեի, 5,3 մլրդ մանաթ կազմող համախառն ներքին արդյունքի 3 մլրդ մանաթի ավելացված արժեքը ստեղծվել է ոչ նավթային հատվածում, 2,3 մլրդ մանաթինըՙ նավթայինում: Այսինքն, նավթագազային հատվածը կազմել է Ադրբեջանի ՀՆԱ-ի 43,7 տոկոսը:
Այս ցուցանիշներ համադրենք անցյալ տարվա հունվարի հետ, երբ նավթի (Brent տեսակի) գները անկման նվազագույն մակարդակին էին հասելՙ 29 դոլարի, իսկ միջին գինը ամսվա ընթացքում մոտ 30 դոլար: Այս տարվա հունվարին վերոնշյալ տեսակի նավթի միջազգային միջին գինը գտնվել է 55-56 դոլարի միջակայքում: Այսինքն, մեկ տարվա ընթացքում արձանագրվել է նավթի գների մոտ 90 տոկոսանոց աճ: Դա բերել է Ադրբեջանի տնտեսության միայն 0,8 տոկոսանոց աճի: Վերոնշյալ ցուցանիշներից երեւում է, որ արդյունաբերության մեջ, այսինքն նավթագազային հատվածում, աճը եղել է դարձյալ նույն 0,8 տոկոսը: Թեեւ մեկ ամսվա, այն էլ հունվարի հիման վրա, ճիշտ չի հստակ եզրակացություններ անել, բայց համեմատությունները նախորդ տարվա հետ որոշակի պատկերացումներ են ձեւավորում: Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական եւ արդյունաբերության ցածր աճը Ադրբեջանում, այն դեպքում, երբ նավթի գների աճը մեկ տարվա ընթացքում զգալի է եղել:
Անցյալ տարվա հունվարին Ադրբեջանի տնտեսության մեջ նավթային հատվածի բաժինը կազմել էր 67,2 տոկոս, այժմՙ 43,7 տոկոսը: Այսինքն, նավթի գների նվազման հետ նվազել է նաեւ դրա մասնաբաժինը ՀՆԱ-ում: Սա առաջին փաստն է: Երկորդը շաղկապված է առաջինի հետՙ նվազել են ոչ միայն նավթի գները, այլեւ Ադրբեջանի կողմից նավթի արդյունահանման ծավալներըՙ հունվար ամսին օրական 35 հազար բարելով կամ 4,2 տոկոսով: Դա նույնպես նվազեցնում է ՀՆԱ-ի ծավալը եւ հետեւաբար տնտեսական եւ արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշները: Երրորդըՙ վերոնշյալ գործոններով պայմանավորված, ազգային արժույթիՙ մանաթի արժեզրկումն է: Անցյալ տարվա հունվարի համեմատ, այն մոտ 15 տոկոսով արժեզրկվել է, չհաշված նախորդող 2014-2015 թթ.ին արձանագրվածՙ ազատ անկում հիշեցնող արժեզրկումը ավելի քան 2 անգամ: Վերջինս այն հիմնական գործոնն է, որի միջոցով ադրբեջանական վիճակագրությունը մանեւրում է:
Բնական է, որ տվյալ երկրի տնտեսական ցուցանիշները ներկայացվում են ազգային արժույթով: Սակայն Ադրբեջանը զուգահեռաբար չի ներկայացնում դոլարային արտահայտությամբ իրերի կացությունը, ինչը նշանակում է թաքցնելու կամ գոնե հրապարակային չարտահայտվելու խնդիրներ ունի: Դոլարային արտահայտությամբ տվյալները անհրաժեշտ են հատկապես այն պատճառով, որ այդ երկրի հիմնական ռեսուրս նավթը միջազգային շուկայում վաճառվում է դոլարով:
Այսպիսով, մի քանի տարի շարունակ, ադրբեջանական մանաթի կայունությունը հնարավոր էր լինում ապահովել նավթի բարձր գների եւ միլիարդավոր դոլարների ներհոսքի շնորհիվ: Սակայն նավթի գների անկումը փոխեց իրավիճակը: Արդյունքում 1 դոլարի դիմաց 0,7 ադրբեջանական մանաթը 2-3 տարվա ընթացքում դարձավ 1 դոլարի դիմաց 1,7 մանաթ (անցած տարվա ընթացքում եղել է, երբ փոխարժեքը հասել էր 2 մանաթի 1 դոլարի դիմաց): Սա պաշտոնական փոխարժեքն է, իսկ ամբողջությամբ անցումը լողացող փոխարժեքի այդ երկրում դեռ տեղի չի ունեցել: Հիմք ընդունելով փոխարժեքի պաշտոնական ցուցանիշը, կարող ենք արձանագրել, որ մանաթը վերոնշյալ ժամանակահատվածում արժեզրկվել է մոտ 2,5 անգամ:
Հետեւաբար, երբ, նավթի գների 2-3 անգամ նվազման պարագայում, Ադրբեջանի տնտեսական անկումը մանաթով արտահայտված ընդամենը 3,8 տոկոս է ներկայացվում, ինչպես դա եղավ 2016-ին, կամ 1,8 տոկոս աճ է ներկայացվում, ինչպես 2015-ինՙ նավթի գների կրկնակի անկման ժամանակ, ապա դոլարային արտահայտությամբ պատկերն ամբողջովին տարբեր է: Դրա համար համեմատենք 2013-ի ադրբեջանական տնտեսության ցուցանիշները, երբ նավթի (Brent տեսակի) գները չէին սկսել իջնել եւ կազմում էին միջինը 110 դոլար 1 բարելի դիմաց, 2016-ի տվյալների հետ, երբ միջին գինը 40-45 դոլար էր 1 բարելի դիմաց:
2013-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն 73 մլրդ դոլար էր, 2016-ին արդենՙ 34 մլրդ դոլար: Դոլարային արտահայտությամբՙ ավելի քան 2 անգամ անկում: Ադրբեջանի բյուջեի եկամուտները 2013-ին մոտ 24,5 մլրդ դոլար էին կազմել, 2016-ինՙ մոտ 9,5 մլրդ դոլար: Դարձյալ ավելի քան կրկնակի անկում դոլարային արտահայտությամբ: Պատկերն էապես չի փոխվել մյուս ցուցանիշների դեպքում, իսկ տնտեսության ճյուղեր կան, որտեղ բազմակի անգամներով մեծ անկում է արձանագրվել, օրինակ շինարարությունում: Մի խոսքով, մանաթով արտահայտված Ադրբեջանի տնտեսությունը կարծես թե մեծ անկում չի արձանագրել, բայց իրականում շեշտակի անկում է ունեցել: Ելնելով այս իրողությունից, կարող ենք արձանագրել, որ 2017-ի առաջին ամսվա 0,8 տոկոսանոց աճն, ըստ էության, ոչ մի փոփոխություն չի մտցրել ընդհանուր պատկերի մեջ:
Եթե ամփոփելու լինենք, ապա կարող ենք եզրակացնել, որ թշնամի երկիրը դեռեւս տնտեսական անկման մեջ է գտնվում, բայց նավթի գների որոշակի աճը թույլ է տվել կայունացնել վիճակը այնտեղ: Այս պարագայում, մենք ոչ միայն հանգստանալու իրավունք չունենք, այլ ընդհակառակը, պետք է ավելի ակտիվ եւ արմատական քայլեր կատարենք մեր տնտեսական զարգացման, պաշտպանունակության եւ անվտանգության ամրապնդման համար :
Հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 6,5 տոկոսով: Սա լավ սկիզբ կարելի է համարել, բայց, ինչպես արդեն նշեցինք, մեկ ամսվա ցուցանիշը բավարար չէ հստակ եզրակացությունների եւ անհիմն լավատեսության համար: Լավ սկիզբը պետք է լավ շարունակություն ունենա, այլապես անցյալ տարի նույնպես մեկնարկեցինք բարձր տնտեսական աճով, բայց եզրափակեցինք աննշանՙ 0,5 տոկոս աճով: