«Բունդեսթագի պատգամավորներ Ուվե Ֆայլերը Uwe Feiler, Օլավ Գութթինգը (Olav Gutting), Հանս Միշելբախը (Hans Michelbach), Ֆիլիպ Մուրմաննը (Philipp Murmann) եւ Նորբերթ Շինդլերը (Norbert Schindler) Խոջալուի ցեղասպանության 25- ամյա տարելիցի առիթով հայտարարություն են հրապարակել», մարտի 14- ին ծանուցում է «Ազերթաջի» գերմաներեն տարբերակըՙ հղում անելով Եվրոպայում ադրբեջանական ընկերակցությանը (TEAS-The European Azerbaijan Society ):
Ավելորդ ենք համարում գերմաներենից թարգմանաբար ներկայացնել այդ հայտարարությանՙ խիստ ադրբեջանական ու մեր ընթերցողի համար կռահելի տեքստի բովանդակությունը, քանի որ համոզված չենք, թե այն գոյություն ունի:Նախ գերմանացի վերոհիշյալ պատգամավորները, որոնց մի մասի անուններն անգամ տառասխալով է ներկայացրել «Ազերթաջը», անդամակցում են քրիստոնյա դեմոկրատական, քրիստոնյա սոցիալական կուսակցություններին, իսկ այդ կուսակցությունների խմբակցությունը Խոջալուի առիթով որեւէ վերաբերմունք չի արտահայտել, երկրորդՙ նման փաստաթուղթ Բունդեսթագի, ինչպես նաեւ տվյալ պատգամավորների կայքէջերում հնարավոր չէ գտնել: Ավելինՙ «Ազերթաջ»-ն անգամ չի հրապարակել դրա լուսանկարը, ինչն անում է սովորաբար, երբ այն գոյություն է ունենում, իսկ տվյալ պարագայում հղում է անում իր քաղաքական կամակատարինՙ Եվրոպայում ադրբեջանական ընկերակցությանըՙ «հետքը» կորցնելու կամ պատասխանատվությունն իր վրայից թոթափելու նպատակով: Ստուգեցինք նաեւ «եվրոպական» կոչված այդ հարթակումՙ կայքէջում հակահայկական լրատվություն, որքան ուզես, բայց Բունդեսթագի պատգամավորների հայտարարություն չկա:։
Երեկ առավոտյան, ինչպես նաեւ հետմիջօրեին զանգահարեցինք Բունդեսթագի հիշյալ պատգամավորների գրասենյակներ: Աշխատակիցների մի մասը խոստովանեց, որ ծանոթ չէ նման փաստաթղթի գոյությանը, մյուս մասն էլ հաղորդեց, որ լսել է, բայց չի կարող հաստատել դրա փաստացիությունը, մինչեւ իրենց ղեկավարից նորից չճշգրտի: Նախընտրական ծանրաբեռնվածությունը պատճառաբանելով խորհուրդ տվեցին հաջորդ շաբաթ զանգահարել: Երբ հարցրինք, թե չե՞ն բացառում, որ դա կեղծ տեղեկատվություն կարող է լինել, մեր զրուցակիցներից երկուսը բնավ չհերքեցինՙ մեզ առավել շատ համոզելով, որ Ադրբեջանը հերթական կեղծիքն է շրջանառում:
Կանդրադառնանք: