Ամեն ինչից երեւում է, որ խորհրդարանական ընտրությունները չեն լուծելու այն խնդիրները, որոնք նոր ընտրական օրենսգրքով եւ նոր Սահմանադրության պարտադրած ձեւաչափերի մեջ` գոնե իշխանությունը նորացնելու, կամ իշխանության դեմքը փոխելու համար իշխանությունը դնում էր: Այդ փոփոխություններն իրացնելու հավակնորդների միջեւ իրական մրցակցությունը դեռ հետո է սկսվելու եւ սրտամաշ երկար է տեւելու` այն մեկ տարին, երբ խորհրդարանը ոչ ձուկ է լինելու, ոչ միս: Այսինքն` խորհրդարանը նոր Սահմանադրությամբ ունենալու է շատ մեծ լիազորություններ, սակայն հազիվ թե այնտեղ եղող ուժերը ռիսկ անեն ողջ հնարավորությամբ օգտագործել այդ լիազորությունները, քանի որ միաժամանակ դեռ մեկ տարի այդպիսի անսահմանափակ իշխանությամբ է օժտված լինելու նաեւ նախագահի ինստիտուտը:
Որ մրցակցությունը հետո ավելի կոշտ ձեւեր է ընդունելու` դրա ծիլերն արդեն երեւում են` ապացույցը թեկուզ մեկը մյուսից առաջ անցնող միլիարդ դոլարներով Հայաստանում ներդրում անելու խոստումներն են, որոնք հնչում են ապագա իշխանությունում հիմնական ֆավորիտի դերը ստանձնելու հավակնող լիդերների շուրթերից: Կարեն Կարապետյանն իրեն սատարող ռուսահայ գործարարների խմբի հետ միասին հայտարարեց զարմացնելիք ներդրումների մասին, ի պատասխան հնչեց Գագիկ Ծառուկյանի ընկերների կողմից 15 միլիարդ դոլարի` անգամ Ծառուկյանին փշաքաղեցնող ներդրում անելու խոստումը:
Իհարկե, Հայաստանին ներդրումները պետք է են թթվածնի պես, մեր տնտեսությունը կփրկեին խեղդվելուց, սակայն ինչու այդ հայտարությունները չէին արվում, ասենք, մարտի 1-ին, կամ ինչու չի կարելի սպասել ընտրությունների ավարտին ու նոր գալ ասել` ներդրում ենք անում, մանավանդ` դրանք կոնկրետ անձերին սատարող ներդրումների խոստումներ են: Իսկ այժմ արված հայտարարությունների տակ դժվար է ընտրությունների ելքի վրա ազդելու ենթատեքստ չտեսնել: Ի՞նչ է, գյուղացիներին օգնելու կամ 10 հազար դրամանոց ընտրակաշառքի խոստումը կարող է ազդել ընտրությունների ելքի վրա, միլիարդ դոլարներինը ո՞չ, ժամանակին մարդկանց խոստումներ տալը Ծառուկյանին արգելող ԿԸՀ նախագահը հիմա ինչո՞ւ չի արձագանքում:
Աչքալուսանք
Ուռա, ինչպես կասեր վարչապետ Կարեն Կարապետյանը, շնորհավորում եմ բոլորիս` ընտրական քարոզարշավն ավարտվում է, վերջապես կպրծնենք շռայլ խոստումներ շաղ տվողներից, թվային ձեռնածությամբ զբաղվողներից, աներաշխիք խաղաղության քարոզը մեր գլխին խփողներից, Պիղատոսի դեմքով բացահայտ սուտ խոսողներից, ազատներից ու դեմոկրատներից, ելից հեքիաթներից, ժպտացող դատարկաբաններից, իրենք իրենց մեզ նվիրած փրկիչներից:
Ազատությո՜ւն, վայ, գլուխներս կհանգստանա մի քիչ: Մի քիչ, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է լինելու ապրիլի 3-ին, ում ջուրը` որ առվով կգնա, ինչ կանեն «ազնիվ» առվակներն ու քարոզով «պղտորված» գետերը:
Խաղաղություն
Լեւոն Տեր-Պետրոսյանի` մի քանի օրվա մեջ երկրորդ ելույթը ստիպեց մտածել այս ելույթների ու դիրքորոշման` հանրայնացնելու մեծ ձգտման շարժառիթների մասին, անկախ ընտրություններից: Որովհետեւ Արցախի անվտանգության գոտին թեական երաշխիքներով հանձնելու խոսքուզրույցը հազիվ թե հասկացողություն է գտնում հայ հանրության մեծ մասում, ուրեմն այս ինքնասպանության շարժառիթը ո՞րը կարող էր լինել: Եթե հիշում եք` ե՛ւ Մինսկի խմբի, ե՛ւ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչները տարբեր առիթներով Հայաստանին եւ Ադրբեջանին մեղադրում էին, որ նրանք չեն աշխատում այն ուղղությամբ, որ իրենց հանրություններին նախապատրաստեն ցավոտ զիջումների եւ կոմպրոմիսի: Ահա, հավանաբար, միջազգային հանրության պապայությամբ Տեր-Պետրոսյանը ստանձնել է այդ անշնորհակալ գործը` անգամ սեփական քաղաքական ուժին վնասելու հանգամանքը հաշվի չառնելով: Դա թեթեւացնում է նաեւ իշխանության գործը` նրան հեռացնելով զանազան պիտակներ իր ոչ այնքան էլ բարենպաստ իմիջին ավելացնելու տհաճությունից: Ենթադրել էինք, որ ՀԱԿ-ը այդ «ծանր» գործի դիմաց կանցնի խորհրդարան: Սակայն դատելով Տեր-Պետրոսյանի համառությունից` կարելի է ենթադրել, որ դա պարտադիր մինիմումն է միայն, հավանաբար այլ ակնկալիքներ էլ կան սիզիփոսյան ջանքերի դիմաց, նրան հավանաբար միջազգային դափնիներ են պետք, ասենք` Խաղաղության միջազգային մրցանակ, «Ավրորա» կամ այլ նման բաներ:
Ի դեպ` «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդման ընթացքում նա արդեն ոչ միայն պնդեց, որ հենց տարբեր ժամանակահատվածների իշխանություններն են տարածքներ զիջելու վերաբերյալ տարբեր հայտնի փաստաթղթերի շուրջ բանակցողները, այսինքն` հող տվողները, այլեւ անուններ տվեց, որոնք հարկ է, որ բանակցային գործընթացների բոլոր նրբությունները բացահայտած Առաջին նախագահին ի պատասխան հանդես գային. ասենք` Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Էդուարդ Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը, նաեւ ընտրություններին մասնակից բոլոր այն իննը ուժերի ղեկավարները, որոնց ծրագրերի արցախյան հատվածին անդրադարձավ Տեր-Պետրոսյանը: Արձագանքի կարեւորությունը հատկապես անհրաժեշտ էր, քանի որ բանակցությունների խորհրդապահությունից ոչինչ չի մնացել արդեն, ամեն ինչ բացահայտվել է. այդպես ավել ազնիվ կլիներ հանրության հանդեպ: Առայժմ միայն ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն է խոսել Առաջին նախագահի բացահայտումներից, եւ, ի դեպ, նա եւս միջազգային հանրության «երաշխիքները» համոզիչ չի համարել: Եւ… պատասխանել են Մինսկի խմբի համանախագահները, որոնք գնացել են Արցախ եւ ուզում են Կասպրշիկի մանդատն ու միջադեպերի հետաքննության մեխանիզմներն ընդլայնել, դա իսկապես բանակցությունները չարագացնելու եւ Տեր-Պետրոսյանին հակադարձելու քայլ կարելի է դիտարկել:
Մի որոշ ժամանակ առաջ էլ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայի նախագահն էր խոսում միջադեպերի հեղինակներին պատժելուց, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն հայտարարեց, որ առանց վստահության մեխանիզմների ներդրման հնարավոր չէ արդյունավետ բանակցություն: Ամերիկացիք են իրար անցել` Տեր-Պետրոսյանի` «լուծման մանդատը Ռուսաստանին են տվել» ակնարկից հետո:
Իսկ Սերժ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանի ելույթին չարձագանքելով` Արցախում է միայն կոշտացել, թե խորհրդարան պիտի գնա նա, ով կարող է հարձակման եւ հարկ եղած դեպքում զորքը հետ քաշելու հրաման արձակել:
Արդյոք միայն նախընտրական կրքերն են տեղափոխվե՞լ Արցախի հարց, թե մի բան սպասվում է, իրոք:
Բայց, ապրի-զորանա Տեր-Պետրոսյանը, ուրիշ ով կարող էր այնպիսի վարպետությամբ դնել հարցը, որ բոլորը ընտրարշավից, նորից առաջադրված բոլոր ուժերից դժգոհությունը մոռանան ու իր «խաղաղության» ծրագրից խոսեն, դե ուրիշ է, էլի, փորձված «վոժդը»:
Ընտրությունները միայն սկիզբն են հետագա պայքարի
Ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան: Անգամ այժմ, քարոզարշավի ավարտին դժվար է պատասխանել այդ հարցին: Ավելի շատ այս հարցը տրվում է այլ կերպ` ժողովրդական լեզվով` ում «կգցեն»: Բնականաբար` իննը քաղաքական ուժ չի անցնի խորհրդարան: Կոմունիստները մեջտեղ են բերվել ընդդիմադիր տատիկ -պապիկների ձայների որոշ տոկոս փոշիացնելու համար, հազիվ թե նրանք շանս ստանան խորհրդարան մտնելու: «Հայկական վերածնունդը», անկախ ստանալիք ձայներից, պլանի տակ է շատ տրիվիալ պատճառով` խորհրդարանի տեղերն են սահմանափակ, եւ բոլոր ախորժակ ունեցողների համար մանդատ չկա, բացի այդ` հիմիկվանից կարող են պլաններ լինել այս ուժին արտախորհրդարանական ընդդիմություն մղելու, չէ որ ընդդիմադիր դաշտն ընդհանրապես Հայաստանում այժմ կաղում է: Կոնգրես-ՀԺԿ-ի, «Ելքի», «Ազատ դեմոկրատների» ընտրազանգվածները նույնն են, նրանք նույնպես կոտորակելու են ձայները, եւ Աստված գիտե, թե նրանցից որ մեկն անցողիկ շեմը կհատի: Ուրիշ բան, որ նրանցից մեկին կամ երկուսին անպայման կտանեն խորհրդարան, այսինքն` պակասող ձայները կլրացնեն, ինչպես որ անցյալներում է եղել: Ու պետք չի ասել, թե այս ԸՕ-ում ներդրված մեխանիզմներով դա հնարավոր չէ: Այդպես վարվելու համար սողանցքները բազմաթիվ են: Հավանաբար ՀՅԴ-ին թույլ կտան հաղթահարել անցողիկ շեմը, իսկ ահա ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի պարագայում, որոնց միջեւ խորքային պատերազմ էր ի սկզբանե, տնտեսական լծակների վերաբաժանման համար պայքարը ներառայալ, պատերազմի ելքը դեռ հնարավոր չէ գուշակել: Տարբեր պատճառներով: Օրինակ` Հայաստանի նախագահին, որ դեռ մեկ տարի բանեցնելու է իր լիազորությունները, ձեռք է տալիս ունենալ այնպիսի մարդաշատ խմբակցություն, որը մեկ մարդու պես ենթարկվում է մեկ անձի` Ծառուկյանին, իսկ Ծառուկյանի վրա ազդելու լծակների պակաս երբեք իշխանությունը չի ունեցել:
Մի բայց կա այստեղ` Հովիկ Աբրահամյանի գործոնը, քանի որ խնամիական կապերը Հայաստանում դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Իսկ ՀՀԿ-ի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է, քան առաջին հայացքից թվում է: Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կարողացավ վարկանիշ ապահովել իր անձի համար, բայց սա ավելի շատ տխրեցնում է ՀՀԿ-ականների մի մասին: Ճիշտ է, այս կուսակցությունը ընտրատարծքները լցրել է իր ռեյտինգային թեկնածուներով, բայց ամեն ինչ միանշանակ չէ` ՀՀԿ-ում կան բազմաթիվ նեղացածներ, կգումարվեն փող ծախսողները, որոնցից ամեն մեկին էլ կարող են ասել` շնորհակալություն, որ ձայն ես բերել, բայց թույլ տուր այս ու այն բանիմացն անցնի խորհրդարան, քանի որ ուզում ենք ՀՀԿ-ի դեմքը փոխել, ու այդ փող ծախսողների մի մասը դառնալու է «աբիժնիկ»: Գումարվում է եւ այն, որ Կարեն Կարապետյանի հավակնությունների լիարժեք դրսեւորման դեպքում նախկին կարկառուններից ոչ մեկը պիտի որ չանցնի խորհրդարան (ինքնաբացարկը միշտ կա ու կա), եւ Կարապետյանը, որ բարձր վարկանիշ ունի, կարող է պայմաններ թելադրել, անկախ նրանից, որ ինքը երբեւէ խորհրդարան չի մտնելու` ցուցակում չկա: Դուրս եկա՞վ, որ ՀՀԿ-ն դառնալու է մի երեք-չորս շերտանի` տարբեր շահերով մարդկանց միավորում, որի` ամբիցիաների, հավակնությունների եւ նեղացածությունների կենտրոնախույս գործոնին կարող է հակադրվել մի մարդու շուրջ համախբված եւ լավ կառավարելի «Ծառուկյան» դաշինքը: Նաեւ կարող են բախվել Հայաստանի ներկա նախագահի եւ ներկա վարչապետի` ապագայի ծրագրերն ու հավակնությունները: Սրանք բոլորը այս խորհրդարանական ընտրության ելքի վրա ազդող գործոններ են:
Այնպես որ` ոչ մի սոցիոլոգիական հարցում, ոչ մի կանխատեսում, ոչ մի նախնական համաձայնություն կարող է չաշխատել, կամ` լիովին չաշխատել: Բացի այդ` լրիվ անտեսել մեր ընտրողին միգուցե այս անգամ չստացվի` որոշակի անկանխատեսելիության ռեսուրս նաեւ այստեղ կա:
Սերժ Սարգսյանը նախորդ օրն ասել էր, որ պարզ չէ, թե ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018 թվականին: Միգուցե սա լեզվի սայթաքում համարեինք, քանի որ մեկ շաբաթից, ընտրությունների ավարտից հետո պիտի պարզ որ լիներ, թե ինչ քաղաքական կառուցվածք կամ դասավորություն է ձեւավորվում խորհրդարանում, ըստ այդմ էլ պարզ էր լինելու նոր իշխանության համամասնությունը: Բայց հազիվ թե Ս. Սարգսյանը սխալվեր` այդ մեկ տարում, երբ նա նախագահ է լինելու, երեւի շատ բան է փոխվելու, իսկ ներկա խորհրդարանական ընտրություններն ուղղակի այդ բոլորի առաջին փուլն են:
ՕՐՕ-ին մոռացանք: Անհասկանալի մնաց այն գլխավոր շարժաառիթը, որն այս միավորման ստեղծման մղիչն էր:
Միգուցե հասկանալի է, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ այս խմբին, սակայն Վարդան Օսկանյանի` այդ դաշինքում ներկայության պարագան էլ անորոշություն պահպանեց իր մեջ, Սամվել Բաբայանի կալանքի պարագան էլ, Սեյրան Օհանյանի ընդդիմություն դառնալու պարագան էլ, այս ուժերի իրական ստվերային ղեկավարի լռությունն էլ: Հավանաբար` ինչ-որ բան դեռ զարմացնելու է մեզ այս դաշինքի հետ կապված:
Սերժ Թանկյանն է եկել Հայաստան` դա ինչ որ բան ասո՞ւմ է: