(մաս երրորդ)
Անվտանգության թեմայով գրված իմ հոդվածի երկրորդ մասում արդեն անդրադարձել եմ անվտանգային ռազմավարության կարեւորությանը եւ դրա իրականացման գիտակիրառական մեթոդաբանությանը, որը թեեւ բավականին աշխատատար եւ բարդ գործընթաց է, սակայն միաժամանակ կարեւոր նշանակություն ունի անվտանգային միջավայրի հետազոտման եւ համապատասխան ռազմավարության մշակման համար: Այստեղ հանուն ճշմարտության պետք է նշել, որ նմանատիպ աշխատանք Հայաստանում առաջին անգամ իրականացվեց դեռ 2007 թ.: Այն ժամանակ ՀՀ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը մեր պետության պատմության մեջ առաջին անգամ զբաղվեց ազգային անվտանգության ռազմավարության ստեղծմամբ: Թեեւ կատարված աշխատանքը եւ դրա արդյունքում ներկայացված Ազգային անվտանգության ռազմավարությունը, իր մեթոդաբանությամբ եւ առկա սպառնալիքների գնահատման խորության առումով բավական թերի էր` մասնավորապես հստակ չէին թիրախավորված առկա հիմնական ու սպասվելիք մարտահրավերները, այնուամենայնիվ, ինչպես ասում են, ավելի լավ է ունենալ վատ ռազմավարություն, քան չունենալ այն ընդհանրապես:
Այս տեսակետից կարելի էր տվյալ փաստաթուղթը գնահատել դրական, քանի որ այն առաջինն էր անկախ Հայաստանի պատմության մեջ եւ հետեւաբար թերությունները եւ սխալները բնական էին ու այն ժամանակ դեռ հույս կար, որ հետագայում դրանք կշտկվեն: Ցավոք թերությունների վերացման այդ գործընթացը չիրականացվեց եւ այդ փաստաթուղթը այդպես էլ մնաց կիսակենդան, ունենալով միայն դեկլարատիվ բնույթ, իսկ այսօր, հաշվի առնելով ներկա մարտահրավերները, սպառնալիքները եւ ռիսկերը, այն կարելի է գնահատել որպես մեռած:
Իրավիճակը հասկանալու համար նշենք, որ անվտանգային ռազմավարությունները պարբերաբար թարմացման եւ վերագնահատման կարիք ունեն: Տարբեր պետություններ դրանք իրականացնում են տարբեր պարբերականությամբ. օրինակՙ Չինաստանում ամեն տարի, իսկ ԱՄՆ-ը նախընտրում է այն վերանայել 2-3 տարին մեկ անգամ: Այսինքն ՀՀ-ում ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը եւս անցած 10 տարիների ընթացքում վերանայման ու վերաթարմացման կարիք ուներՙ պայմանավորված վերջին տարիներին տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում տեղի ուենցող փոփոխություններով ու մարտահրավերներով, որոնք նոր սպառնալիքներ են ստեղծում ՀՀ-ի ու Արցախի համար: Այստեղ պետք է ավելացնել, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության թարմացման եւ վերանայման դրույթը նաեւ ամրագրված է հենց այդ փաստաթղթում, մասնավորապես այնտեղ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը ենթակա է ճշգրտումների` ըստ ներպետական եւ միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաեւ ըստ սույն փաստաթղթում նշված նպատակների իրականացման», սակայն իրականության մեջ այս կետը այդպես էլ երբեք չի իրականացվել ու այդ ճշգրտումներն էլ չեն կատարվել:
Ընթերցողի մոտ կարող է բնական հարց առաջանալ, թե ինչումն է կայանում նմանատիպ փաստաթղթի ստեղծման կարեւորությունը: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր պետության անվտանգության համակարգի հզորացմանն ուղղված ռազմավարության հիմքում պետք է ընկած լինի նմանատիպ մի փաստաթուղթ, որը հստակորեն կթիրախավորի առկա մարտահրավերները ու դրանց վտանգավորության աստիճանը պետության գոյության համար, եւ ըստ դրա էլ պետության ողջ քաղաքականությունը` թե՛ արտաքին եւ թե՛ ներքին, ուղղված պետք է լինի այդ սպառնալիքների նվազեցմանը, ընդհուպՙ չեզոքացմանը:
Այսինքն անվտանգային ռազմավարության բացակայությունը պետությանը հնարավորություն չի տալիս պատասխանելու այն հիմնական հարցին, թե ինչպիսի տնտեսական, ռազմական, պետաշինական եւ այլ տիպի քաղաքականություն պետք է վարել առկա ու սպասվող մարտահրավերներին դիմակայելու համար: Եթե առկա պետական համակարգը այս մարտահրավերներին չի համապատասխանում, ապա հնարավոր սպառնալիքների պայմաններում կարող ենք հայտնաբերել, որ պետությունը ի վիճակի չէ դիմակայել դրանց:
ԽՍՀՄ-ի քայքայումը եւ դրանից հետո վերջին 26 տարիների ընթացքում աշխարհի տարբեր պետությունների կործանման ու ոչնչացման պատճառներից մեկն էլ այն է եղել, որ դրանք պատրաստ չէին նոր մարտահրավերներին, որոնք ի հայտ եկան աշխարհաքաղաքական վերջին փոփոխությունների հետեւանքով: Շատ պետություններ ի վիճակի չեղան ճիշտ գնահատել ի հայտ եկող արտաքին ու ներքին մարտահրավերները եւ դրանց գնահատման ու դիմակայման հարցում չկարողացան համապատասխան քաղաքականութուն մշակել, ինչն էլ հանգեցրել է այն հետեւանքներին, որոնք այսօր մենք տեսնում ենք օրինակ Մերձավոր Արեւելքում:
Հետեւաբար այս աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն պետության գոյության, այլեւ նրա զարգացման ընթացքը եւ ուղղությունը հասկանալու համար: Անվտանգային ռազմավարության պատշաճ ձեւով մշակման ու մեթոդական վերլուծության համար հարկավոր է կատարել ռազմավարական թիրախավորում, ինչը, պետք է նշել, իրականության մեջ համեմատաբար ավելի հեշտ է, քան մարտավարական կամ օպերատիվ թիրախավորումը: Հարկավոր է ընդամենը հասկանալ մարդկության պատմության զարգացման այն օրինաչափությունները, որով առաջ ենք գնում, գոնե վերջին 5 հազար տարիների ընթացքում:
Գաղտնիք չէ, որ մարդկության պատմությունը զարգացման երկու ձեւաչափ ունի` պատերազմի եւ խաղաղության, ու մինչ օրս չի մշակվել զարգացման երրորդ, ինչպես հիմա կասեին, այլընտրանքային ուղին: Այսինքն զարգացման նշված երկու ձեւերն էլ` թե՛ պատերազմը եւ թե՛ խաղաղությունը, հաջորդում են իրար: Եվ երբ մենք գտնվում են պատերազմական շրջանում, ապա բավականին մեծ ճշգրտությամբ կարելի է կանխատեսել, որ գնում ենք դեպի խաղաղություն, եւ հակառակըՙ խաղաղությամ մեջ ապրողները պետք է չմոռանան, որ իրենք էլ գնում են դեպի պատերազմ:
Ըստ Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի, «պատերազմը հնարավոր է հետաձգել, սակայն խուսափել դրանիցՙ անհնար է»: Հետեւաբար, պատերազմից ոչ թե պետք է փախչել, այլ փորձել կառուցել անվտանգության այնպիսի համակարգ, որը պետությանը հնարավորություն կտա դիմակայել եւ փոքր կորուստներով ու հնարավորինս արագ եւ հաղթանակած դուրս գալ դրանից: Սակայն պատերազմի մեջ ներքաշվելը միանաժամանակ նշանակում է, որ անվտանգության տվյալ, կամ արդեն նախկին համակարգերը սպառել են իրենց եւ պետությունը կարիք ունի նոր, ավելի գործուն եւ ժամանակակից համակարգի:
Այսինքն, երբ խոսում են ռազմավարական թիրախավորման մասին, ապա խաղաղության մեջ գտնվող պետության համար դա առաջին հերթին պատերազմն է եւ դրա նախապատրաստման գործընթացը: Սա նշանակում է, որ ոչ թե հնարավոր, այլ սպասվելիք պատերազմի պատրաստությունն է այն ռազմավարական թիրախավորումը, որը պետք է կատարվի անվտանգային ռազմավարության մշակման գործում, իսկ այդ ռազմավարությունից բխող ռիսկերի, սպառնալիքների ու մարտահրավերներին ուղղված քաղաքականության տրամաբանությունը պետք է ուղղված լինի սպասվելիք պատերազմի հետեւանքների նվազեցման, դժվարությունների արագ հաղթահարման ու հնարավորինս նվազագույն ժամանակահատվածում հաղթական ավարտ արձանագրելու համար: (շարունակելի)