Այնքան բյուջե` որքան մեկ ճաշկերույթն արժե
1990-ականների արցախյան պատերամից հետո մեր հնագետները հնարավորություն ստացան ազատագրված տարածքներում պեղումներ կատարել: Արցախում 3-4 արշավախումբ է աշխատում: Հնագիտական պեղումները նախ եւ առաջ նպատակ ունեն վերականգնել հայ ինքնությունը, ապացուցել, որ Արցախը հայերի պատմական հայրենիքն է, ու հայերն այդտեղ բնիկներ են: Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը վստահ է, որ հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին մի օր միջազգային կառույցների համար Արցախում էքսկուրս կազմակերպելու անհրաժեշտություն է առաջանալու: Ու այդ ժամանակ հողի տակից դուրս եկած պատմամշակութային շերտերն ավելի լավ կխոսեն ու կապացուցեն, քան պատկերացնում ենք:
Վերջին 15 տարվա արդյունքներն ամփոփելով կարելի է ասել, որ Արցախի հնագիտական, հնէաբանական պատկերը պարզորոշ էՙ սկսած հնագույն ժամանակներից (40-50 հազար տարի առաջ) մինչեւ 19-րդ դարակես: Հնագիտական ու մարդաբանական ուսումնասիրություններն Արցախում ավելի լայնածավալ կլինեին, եթե ֆինանսական ներդրումները համեստ չլինեին, եւ արշավախմբերը համագործակցեին օտարերկրյա խմբերի հետ: Օրինակՙ Հադրութի շրջանում գտնվող Ազոխի քարանձավի պեղումներն ու հետազոտությունները գոհացուցիչ արդյունքներ են տվել, քանի որ մեր արշավախմբի հետ համագործակցել են բրիտանացիներ: Դա նաեւ հնարավորություն է տալիս գտածոներն ուսումնասիրել միջազգային լաբորատորիաներում, ինչը թանկ հաճույք է:
Մեր հնագետների համար անհասկանալի է Արցախում կատարվող հետազոտությունների նկատմամբ հայաստանյան իշխանությունների անտարբերությունը: Միջազգային կառույցներն իրենց կոնվենցիաներում ամրագրել են ժողովուրդների մշակութային իրավունքները, որոնք, սակայն, երբեմն թղթի վրա սիրուն-սիրուն ձեւակերպումներ էլ մնում են: Օրինակՙ մեր դեպքում հենց այդպես է: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ըստ էության, մարդու մշակութային իրավունքն առաջնային չի դասում: Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, բայց Արցախի ժողովուրդն իրավունք ունի աշխարհին ցույց տալու իր իսկ հայրենիքում իր իսկ ստեղծած պատմամշակությաին ժառանգությունը: Սակայն ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ոչ էլ մյուս կառույցները հանձն չեն առնում միջազգայնորեն չճանաչված երկրի ոչ նյութական մշակութային արժեքները ճանաչել, ընդունել եւ առնել իր վերահսկողության տակ: Միջազգային կառույցները հետեւյալ վարքագիծն են դրսեւորումՙ եթե Արցախը ճանաչված չէ, ուրեմն նրա մշակութային ժառանգության հետազոտումն արգելված է: Այդ դիրքորոշումն արտահայտվում է պետական մակարդակով, դրա հետեւանքով մեր արշավախմբերը ստիպված են հայրենյաց սուղ միջոցներով ու հայրենյաց կառույցների, իշխանությունների կողմից չխրախուսվելով, սեփական խանդավառությանը գերի դարձածՙ շարունակել հետազոտությունները հայոց երկրորդ պետության տարածքում:
Չիկագոյի համալսարանից Ադամ Սմիթը , որը Հայաստանում բրոնզեդարյան մեծ արշավախմբի ղեկավար է, նամակ է ուղարկել Համլետ Պետրոսյանինՙ հորդորելով չաշխատել Արցախում, որովհետեւ դա հակասում է Հաագայի 1994 թվականի կոնվենցիային: ԱՄՆ քաղաքացի, հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը երկու անգամ Կալիֆորնիայի համալսարանում ելույթ է ունեցել ու ասել, որ չի խրախուսում Արցախում կատարվող պեղումները:
«Այսքան տարի ես կռիվ եմ տալիս, որպեսզի մարդկանց հասկացնեմ, որ մշակույթի հարցով բոլորս իրավահավասար ենք: Հայաստանում աշխատող միջազգային հնագիտական արշավախմբերի ղեկավարները բազմիցս են ինձ զգուշացրել, որ լավ կլինի Արցախում պեղումներ չանեմ: Հայ կոլեգաներս էլ են բազմիցս խանգարել մեր աշխատանքները: Աշխատել Արցախում ու փորձել Արցախի մշակույթը միջազգայնորեն ներկայացնել, բավականին մեծ ռիսկեր ու վտանգներ է պարունակում: Հայաստանյան իշխանությունները, համապատասխան կառույցները մինչեւ հիմա պետք է այլ քաղաքականություն որդեգրած լինեինՙ ազգային արժանապատվության զգացումով, պատվախնդրությամբ ու համառությամբ դեմ գնային Ադրբեջանի սպառնալիքների ու ճնշումների ազդեցությամբ գործող երկրների ապամշակութային դիրքորոշումներին: Պետությունը հենց նրա համար է, որ թիկունքիդ միշտ զգաս նրա ներկայությունը, ուժը, աջակցությունը: Մենք դրա համար ստեղծեցինք անկախ պետություն: Ես հայտարարում եմՙ Գիտության պետական կոմիտեն մերժել է Տիգրանակերտի պեղումների ֆինանսավորումը» ,- տեղեկացրեց Արցախի Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
19-րդ դարի ծխական համայնքի կղերաֆեոդալական ղեկավարի մտածողությունը քարշ տալ, հասցնել 21-րդ դար, երբ աշխարհաքաղաքական խնդիրները լուծվում են բռունցքը սեղանին խփելով: Վախենալ սեփական ինքնությունը սեփական հողում հաստատող փաստերի՞ց, այդ փաստերը ոտքի տակ տալ, իսկ փաստերն ապացուցողի վրա մա՞տ թափ տալ, հետո կուրծք ծեծել, թե ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան կեղծարարությունների, վանդալիզմի, կաշառքի ու սպառնալիքների միջոցով հայատյացություն քարոզում, մեր մշակույթը, պատմությունը յուրացնում ու անարգում: Կեղծարարությունների դեմ հզորագույն փաստեր ունենք, օգտագործե՛ք, պարոնայք, երբ Ադրբեջանը միջազգային ամբիոններից վայրահաչում ու ազատագրված տարածքներ է պահանջում, ցույց տվեք Տիգրանակերտի պեղումների ցցուն, մարդու աչք հանող գտածոները: Մի ամբողջ 70 հա տարածք ունեցող քաղաքից հողի տակից դուրս է բերվել ընդամենը 3-4 տոկոսը: Գումար չկա, չեք տալիս, պարոնայք, թե չէ, Տիգրան արքայի կառուցած Տիգրանակերտն ընդամենը մի քանի տարի հետո իր ամբողջ հմայքով ու հզորությամբ կփռվի արեւի տակՙ մեր թշնամու հերսոտած հայացքի ներքո: Ու պատկերացնո՞ւմ եքՙ զբոսաշրջության ինչ կենտրոն կարող է դառնալ Արցախի ազատագրված Տիգրանակերտը: Այս քաղաքը միակն է տարածաշրջանում, որը կառուցվել է հելլենիստական ճարտարապետության սկզբունքներով: Այսինքնՙ այն քաղաքակրթական մի կոթող է, որը համախմբում է հին աշխարհի ժողովուրդների ստեղծարար մտքերը, գյուտերը, քաղաքաշինական, ճարտարապետական հնարքները: Հենց դրանով էլ Տիգրանակերտը կգրավի հազարավոր մարդկանց: Տիգրան մեծը միավորել է փոքրասիական, հելլենիստական պոտենցիալը, այն տեղափոխել իր երկիր ու այնտեղ կառուցել հզոր քաղաք: Օտարերկրացիները կարող են շրջել հինավուրց Տիգրանակերտի փողոցներում, բակերում, դամբարանադաշտով, ու նրանց համար միեւնույն է, թե Արցախը միջազգայնորեն ճանաչված է, թե՞ ոչ, նրանց պետք է հաղորդակցվել իրենց համար նորահայտ մի երկրի հնադարյա մշակույթի ու պատմության հետ, ճանաչել մի հին ժողովրդի քաղաքակրթությունը, կենցաղավարությունը, ճարտարապետությունը: Իսկ մենք ամեն ջանք գործադրում ենք, որ այդ հարստությունը քողարկենք, կոծկենք, ասես գողություն ենք արել կամ ուրիշինն ենք յուրացրել, սեփականացրել:
Այսօր պետություն ունենալով հանդերձՙ մենք հենվում ենք մի քանի անհատների վրա, որոնք պեղում-ուսումնասիրություններ են կատարում, իրենց գտածոներով հիանում-հպարտանում, մի-երկու գրոշի հույսով նախագծում պեղումների հաջորդ փուլի աշխատանքներն ու օրերը բացվելուն պես նորից վազում Արցախ: Երեք տարի է, նրանք ոսկորներ են ուղարկել Մարսել, բայց գումար չեն կարողանում հայթայթելՙ դրանք լաբորատոր ուսումնասիրության ենթարկելու համար: Ամեն տարի Արցախի իշխանությունները գումար են հատկացնում Տիգրանակերտի պեղումների համար, բայց արշավախումբն այդ փոքր գումարով հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Արցախի հնագիտական հետազոտություններն ունեն լուրջ ձեռքբերումներ, որոնք լակմուսի թուղթ ենՙ ցույց տալու համար մեր պետական կառույցների, ինտելեկտուալ շրջանակների ոչ պետականամետ մտածողությունը, որովհետեւ ամեն ինչ Արցախում արվում է ի հեճուկս նրանց, նրանց վախերի ու վնասակար զգուշավորության:
Հնագետները հատկապես հետազոտել են ազատագրված տարածքները. սկզբում պեղումներ են կատարել Հանդաբերդի վանքում, որպեսզի ցույց տան Քարվաճառի իրական հայկականությունը: Այնտեղ 70-ից ավելի հայկական արձանագրություններ ու 120 խաչքար են հայտնաբերել:Առանձին գիրք են հրատարակելՙ «Հանդաբերդի վանքն ու նրա պեղումները»: Հետո պեղումներ են արել Շուշիում ու առաջին անգամ ցույց են տվել, որ դեռ 12-13-րդ դարերում այդտեղով առեւտրական ճանապարհ է անցել. հայտնաբերվել են չինական, մոնղոլական իրեղեն հետքեր, նույն դարերին թվագրվող խաչքարեր: Եթե պեղումների ֆինանսավորումը մի քիչ ավելանա, հնագետները կբացեն նաեւ Տիգրանի կառուցած ամրոցի մուտքը, որտեղ մեծ է հավանականությունը, որ կարեւոր արձանագրություն լինի: Արցախի իշխանություններն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում Տիգրանակերտի պեղումներին, բայց հատկացված միջոցները սուղ են: Պեղումներ են կատարվել նաեւ Մարտակերտի տարածքում, որտեղ իրենց տեսակով բացառիկ մարդակերպ կոթողներ են հայտնաբերվել: Արցախի վաղ քրիստոնեական շրջանի մի շարք հնավայրեր եւս պեղվել են Տիգրանակերտի, Ամարասի տարածքներում: Բոլորն էլ գիտական նորությունների հայկական վկայություններ են: Երեւան են եկել մշակութային երեւույթներ, որոնք հնարավոր չէ միանգամից մեկնաբանել. մանրամասն եւ խոր հետազոտությունների անհրաժեշտություն կա: Նման խնդիրները լուծվում են տեխնիկապես հագեցած լաբորատորիաներում:
Պեղումների արդյունքները հանրահռչակելն էլ մի այլ խնդիր է, որը պետք է լուծվի պետական ծրագրված քաղաքականության միջոցով: Հնագիտական եզրակացությունները հրատարակելն ու տարածելը տեղեկատվական պատերազմի մեր հաղթանակը կարող է լինել: Կարող է, բայց…չի լինում: Որովհետեւ այդ զենքը չենք օգտագործում:
Բացի հնագիտական պեղումներից, Արցախում կատարվում են նաեւ հնէաբանական հետազոտություններ: Ազոխի քարանձավի արշավախումբը պեղումներ է կատարում արդեն 12 տարի: 13 մետր են քարանձավի մշակութային շերտերը. ամեն տարի պեղվում է ընդամենը 20 սմ: Հետազոտությունների արդյունքում պատրաստվել էր «Ազոխի քարանձավը եւ Կովկասի միջանցքը» գիրքը, որի հրատարակումը, սակայն, համագործակցող երկրներըՙ Նիդերլանդները, Շվեյցարիան եւ ԱՄՆ-ն, ուղիղ մեկ տարի կասեցրել են: Պատճառն այն է, որ Ադրբեջանի ամբողջ պետական մեքենան ճնշումներ է գործադրել նրանց վրա: Արշավախումբը նախազգուշացրել է համագործակցող երկրներին. «Մենք կդիմենք ամբողջ աշխարհի հնէաբաններին ու մարդաբաններինՙ բողոքելով, որ դուք քաղաքականացնում եք գրքի հրատարակումը»: Միջազգային հանրային կարծիքի ահից գիրքը հրատարակվել է:
Միջազգային կառույցները, արշավախմբերն ու հիմնադրամները մեր հնէաբանների հետ նույնպես չեն ուզում համագործակցել, որովհետեւ պեղումներ կատարելու համար պետք է թույլտվություն ստանալ: Մերոնք ազատագրված տարածքներում այդ թույլտվությունն ստանում են տեղական ինքնակառավարման մարմիններից: Այդ փաստաթուղթը, սակայն, օտարազգիներին չի բավարարում: National Geographic-ը պատրաստ է գումար տրամադրել Ազոխի քարանձավի պեղումների համար, սակայն հրաժարվել է համագործակցությունից հենց թույլտվության փաստաթղթի բացակայության պատճառով: Ստացվում է, որ այդ փաստաթուղթը մերոնք պետք է ձեռք բերենՙ դիմելով Ադրբեջանին:
Հ. Գ.- Մեր հնէաբաններն ու մարդաբանները 2015-ին ներկայացրել են «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզ» նախագիծը, որի շնորհանդեսին ներկա է եղել նաեւ առաջին տիկինը: Գիտնականները նախագծում նշել են, որ մեր գենոֆոնդը 4000 տարի շարունակ գրեթե չի ենթարկվել փոփոխության, մնացել է անխառն: ՀՀ Արտգործնախարարությունը նախագիծն այսպես է պիտակավորել. «Դուք կատարում եք ֆաշիստական աշխատանք: Ըստ այս տվյալներիՙ հայերը գերադասում են ամուսնանալ միայն հայերի՞ հետ»: