Հայաստանում մարդկանց միտքը շարունակում են զբաղեցնել ներիշխանական ինտրիգները: Խոսքը ոչ թե ասենք Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքարում ապրող Արշակի ու Մարինեի մտքի մասին է, որը միայն ու միայն մի բան է զբաղեցնում` ոնց անվտանգ տիրություն անել իրենց դաշտ ու այգուն, այլ իշխանական տարբեր խմբավորումների եւ նրանց մերձ լրատվամիջոցների մտքի, որի գլխավոր զբաղեցնողը բոլորովին այլ թեմաներն են` ով որտե՞ղ է նշանակվելու, ով լուծեց ամենավերեւներում բարեխոսելու հարցերը, ով հաջող չեզոքացրեց մրցակցին եւ այլն:
«Մերձ» լրատվամիջոցներին ներառում ենք, քանի որ նրանցից շատերի գոյությունը կախված է նրանից, թե ինչպես հաջող կտեղավորվեն իրենց շեֆերը: Բնականաբար` ինտրիգներն եւ այդ ինտրիգների լրատվական արտացոլանքն են մեր ամենօրյա կյանքի հիմնական բաղկացուցիչը դարձել:
Իսկ ընդհանրապես` այդպես է լինում այն երկրներում, որտեղ որեւէ բան հրապարակային եւ հանրային հասանելիության մակարդակում չի կատարվում, այլ գաղտնիության քողի ներքո, առավել եւս` երկու-երեք մարդու որոշմամբ, որտեղ որեւէ մեկի որեւէ պաշտոնում հայտնվելը ոչ թե աշխարհում հանրահայտ չափորոշիչների, այլ բոլորովին այլ հատկանիշների ու հանգամանքների արդյունք են: Ընտրություններ լինեն-չլինեն: Խորհրդարանակա՛ն կարգ լինի երկրում, թե՞ նախագահական: Այնպես որ`վաղուց պետք չէ զարմանալ այդ բոլորի վրա եւ փիլիսոփայորեն, օլիմպիական հանգստությամբ հետեւել այն բանին, թե ով` ում է խժռում, ով` ում դեմ է ինտրիգ լարում, եւ ով է այդ բոլորին քմծիծաղով հետեւելով` հարթում ավազի վրա գծվող ամեն պատկեր: Չգիտեմ` հումո՞րն է շատ էս մեր ասածի մեջ, բարեհոգի կսմի՞թը (քանի որ խոսքը մեր ազգակիցների մասին է` ովքեր էլ նրանք լինեն), դառը սարկա՞զմը, թե, այնումանեայնիվ, ափսոսանքը, որ ամեն ինչ այլ կերպ` բնականոն ու մարդկային չէ:
Ընդհանրապես` արդեն տասնամյակից ավելի ինտրիգներով կառավարվող մեր քաղաքական եւ տնտեսական շերտերը այնպես են հեռացել պետական մտածողությունից, բոլոր խնդիրներին պետության ներկայացուցչի պատուհանից , եւ ոչ թե անձնաշահ բացվածքից նայելու գործելակերպից, որ շատ էլ զարմանալի չէ, այո, տեղի ունեցողը, չնայած այն հանգամանքին, որ ինտրիգներով կառավարումը հակացուցված է պետության խնդիրները լուծելուն:
Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ խնդիրները լուծվում են ոչ թե համագործակցության, փոխզիջումների արդյունքում, այլ ընդամենը կոշտ մրցակցությամբ փորձ է արվում ի ցույց դնել, թե ո՞վ է ավելի շատ ջանք գործադրում այս կամ այն խնդրի լուծման ուղղությամբ, այդպիսով այդ խնդիրների լուծումը քիչ հավանական դարձնելով եւ խթանելով երկպառակությունն ու ատելությունը միմյանց հանդեպ: Այս իմաստով երեւի ճիշտ է վարչապետ Կարեն Կարապետյանը , երբ ասում է, թե Հայաստանում պետք է փոխվեն որոշումների կայացման ընթացակարգը, էլիտայի դերը, հանրության հետ էլիտայի հարաբերության ձեւն ու բովանդակությունը:
Անցնենք առաջ եւ հետեւենք օրվա հրամմեին եւ առարկայացնենք մեր նախաբանը
Բոլորն արդեն ամիսներ, իսկ ավելի սաստիկ` ընտրություններին հաջորդող այս մեկ ամիսը զբաղված են անլուծելի թվացող գորդյան հանգույցը բացելու գործով, թե արդյոք 2018-ից հետո Կարեն Կարապետյանը կկարողանա՞ մնալ վարչապետ, թե, այնուամենայնիվ, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Իհարկե, շատ բան հստակ կլինի եկող հինգշաբթի գումարվելիք նոր Ազգային ժողովի առաջին նիստում, երբ հասկանալի կլինի` ովքեր են լինելու Ազգային ժողովի նախագահն ու նրա տեղակալները, ովքեր են ԱԺ մյուս առանցքային` հատկապես իննը հանձնաժողովների նախագահների պաշտոնները զբաղեցնելու, արդյո՞ք նրանք այն մարդիկ են, որոնք խորհրդանշում են իշխանության հանձնումը մի թեւից մյուսին: Թե, այնուամենայնիվ, նրանք կլինեն անցումայիններ, որոնց խնդիրն է լինելու մեկ տարվա ընթացքում նախապատրաստումը խորհրդարանական կարգի անցումը` ընդամենը հարմար, գծված սցենարներով:
Իսկապես կարեւոր իմաստ է լինեու այն բանում, թե ովքեր են լինելու վարչապետ նշանակող ԱԺ ղեկավարությունում, նրանք ավելի մոտ են կանգնած լինելու ներկա վարչապետի՞ն, թե՞, այնուամենայնիվ, լայն լիազորություններ ունեցող վերջին` հեռացող նախագահին, որից էլ կարելի է գլխի ընկնել` գործող նախագահը մեկ տարի հետո վերադառնալո՞ւ է որպես վարչապետ, կամ վարչապետի պաշտոնը միգուցե հանձնելու է… իր մեկ այլ ժառանգորդի, որն ամենեւին էլ Կարեն Կարապետյանը չէ, թե՞, այնուամենայնիվ, վարչապետ Կարեն Կարապետյանը հեռուն գնացող ծրագրեր ունի:
Այսինքն`օդում կախված հարցը, թե արդյոք սերնդափոխություն լինելո՞ւ է, մի քանի ենթահարցեր էլ ունի իր մեջ, որոնք չտալը հավասար է հարցը սկզբունքորեն սխալ դնելուն:
1. Իսկ ինչ է սերնդափոխությունը` արդյոք կառավարման որակների փոփոխման հենքն ունի՞ իր մեջ, թե՞ իշխանությունն ուղղակի ժառանգաբար փոխանցվելու է, որը Հայաստանի նման երկրների պարագայում բացարձակապես երկրորդական հարց չէ:
2. Արդյոք առհասարակ ինչ-որ բան փոխելու պարտավորություն ստանձնե՞լ է իշխանությունը հանրության առաջ (նայելով նրան տրված պատկառելի քվեից` կարելի է պնդել, որ չի ստանձնել, քանի որ հին գործելակերպն, ուրեմն, ընդունելի է համարվել), թե՞, այնուամենայնիվ, ներկա քաղաքական ու տնտեսական ստատուս-քվոն ինչ-որ ձեւերով երկարաձգելու խնդիր է լուծվում, չնայած սահմանադրական նոր իրողություններին:
3.Ամենակարեւորը` այս մեկ տարին անցումային օրենսդիր եւ գործադիր իշխանություններ ե՞նք ունենալու, թե՞, ինչպես իրոք որ սահմանադրությամբ է նախատեսված, նոր կառավարման կարգն արտացոլող:
Վերջին հարցն ամենաէականն է այն իմաստով, որ վերջնականապես կարող է բացել մեր իշխանության բուն նպատակը` խաբս տալով նույն կերպ շարունակելո՞ւ է, թե իսկապես ստիպված է լինելու ինչ-որ փոփոխություններ կատարել մեր կյանքում: Եթե առաջինն է` մեծ փոփոխություններ պետք չէ սպասել նաեւ Ազգային ժողովում այս մեկ տարվա համար` կարող է Գալուստ Սահակյանը դեռեւս մեկ տարի լինել Ազգային ժողովի նախագահը եւ օգնել` անցավ նախապատրաստելու անցումը, քանի որ նորերից ոչ մեկը` ոչ Էդուարդ Շարմազանովը, ոչ Արփինե Հովհաննիսյանը, ոչ Հրայր Թովմասյանը, ոչ մի այլ` անսպասելի անուն դա անելու փորձառությունը չունեն, իսկ Կարեն Կարապետյանի (Սամվել Կարապետյանի եղբոր)` ԱԺ նախագահ դառնալը հստակ պետք է նշանակի այսօրվա վարչապետի թեւի հաղթանակը եւ հետագա պաշտոնավարումը, որը սակայն այնքան էլ իրական չի թվում, չնայած նա հաստատակամորեն դրական պատասխան է տալիս այդպիսի հարցերին: Իրական չի թվում, քանի որ այդպիսի իրավիճակի հակառակորդները մի քանի շերտանի են:
Այդ հարցերի պատասխանն, այո, կստանանք Ազգային ժողովի առաջին նիստում, ընդ որում ամենեւին ՀՀԿ-ի ճարտարապետների շահերից չի բխում անուններ բացահայտել նիստից թեկուզ երկու-երեք օր առաջ, ասենք` ՀՀԿ գործադիրի նիստում, որովհետեւ Հայաստանում ընդունված ինտրիգային կառավարման մոդելներն են գործում, խաղաթղթերը անգամ մեկ օր շուտ բացելը կարող է խոչընդոտների հիմք դառնալ, էլ չասած, որ դեռ պետք ի մի բերվեն այս կիրակի օրը կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք մի լրացուցիչ անգամ ի հայտ կբերեն չափից ավելի եւ պակաս ջանացողներին:
Իսկ կառավարության առումով` առաջիկա մեկ տարվա համար, մինչեւ Հայաստանի նախագահի լիազորությունների ավարտը, մեծ ինտրիգ չկա, հավանաբար նախարարների մեծ մասը նույնը կմնան, աննշան փոփոխություններ կլինեն միգուցե ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո` փոխնխարար, վարչության պետ էսկողմ-էնկողմ տեղափոխելով:
Ընդհանրապես` եկող շաբաթ մեկնարկող Վեցերորդ գումարման Ազգային ժողովը խոստանում է հետաքրքրական լինել նաեւ այն պատճառով, որ այդ օրը պարզ կլինի «Ծառուկյան» դաշինքի այն ութ մանդատավորների ճակատագիրը, որոնք իրենց մանդատները ստացել էին` ինքնաբացարկի դիմումները հետ վերցնելով ԿԸՀ-ից, նրանց զգալի մասը հետագա ներդաշինքային «ռազբորկաներում» խոստացել են առաջին նիստի օրը վայր դնել մանդատները, իսկ- մեկ երկուսը, այդ թվում նախկինոմ ՀՀԿ խմբակցության անդամ եղած Խաչիկ Մանուկյանը շարունակելու են պնդել իրենց իրավացիությունն ու վայր չդնել մանդատը:
Մի խոսքով` այս իմաստով եւս նոր Ազգային ժողովի մեկնարկը հետաքրքրական ինտրիգ ունի իր մեջ: Այսինքն` «ինտրիգ, ինտրիգ մինչեւ վերջ»:
Վերջում մի փոքր թարմություն մտցնենք` թեթեւ ոճի անցնելով
Մեր երկրում, բացի նշանակումներից, դրան համարժեք մի քանի այլ զարմանալի ինտրիգային բաներ էլ են կատարվում:
Ասենք` «Մաքուր Հայաստան» ծրագրով անձամբ զբաղվում է երկրի վարչապետը, նրա հանձնարարականով էլ` ոստիկանությունը, լսած կա՞ք այդպիսի բան:
Իսկ թե ինչու իրենց բուն գործով հենց համապատասխան ստորաբաժանումները չեն զբաղվում, սա էլ երեւի միայն սատանան կիմանա: Թե ինչու պիտի իր բան ու գործը թողած` ոստիկանությունը աղբ թափողի ինքնությունը պարզի` անհասկանալի է, բա տեղական մարմիններն ինչո՞վ են զբաղված, չես հասկանում: Դե, մասամբ հասկանալի է` կառավարությունն ուզում է տուրիզմը խթանել, ներդրում ներգրավել, բայց դա հո չի նշանակո՞ւմ, որ զանազան անգործունակ կառույցների չարածով անձամբ վարչապետը պիտի զբաղվի:
Դե, եթե միայն սա է Հայաստանում գործուն մեխանիզմը մի բան շարժելու` անձամբ վարչապետի միջամտությունը, ուրեմն հանգիստ կարելի է առաջարկել, որ նա անձա՛մբ առաջադրի ու հանձնարարի այս ու այն կառույցին կատարել, ու միգուցե հենց ոստիկանությանն էլ հետեւել դրանց կատարմանը բնակչության համար ավելի օգտակար ծրագրեր` ասենք «Առողջ Հայաստան», «Կուշտ Հայաստան», «Հագնված Հայաստան»: «Առողջ Հայաստանի» դեպքում հանձնարարի հիվանդանոցներում բարեւագինը 10 հազար դրամ չսահմանել, իսկ ոստիկանությանը հանձնարարի հետեւել ու տուգանել հիվանդանոց մուտք գործած այցելուի` «Բարեւ ձեզին» հետեւած 10 հազար դրամ խորհրդավճար անվանվածը գանձողներին, քանի որ դա չմատուցված ծառայության համար հափշտակություն է: Էլի շատ գործ կլինի այս ոլորտում, պետք լինի` կթվենք:
Կամ` «Կուշտ Հայաստանի» դեպքում հանձնարարվի ոստիկանությանը գտնել այն թոշակառուներին, որոնց թոշակը չի հերիքում օրվա սննդին, ապա եւ տուգանքի ենթարկել կենսաթոշակային ծառայության այն պաշտոնյային, ով այդպիսի հակազգային թոշակ է նշանակել:
Ամեն դեպքում աղբի կուտակումները վերացնելը շատ լուրջ, շատ ներդրումահեն գործ է, որ ձեռնարկել է մեր կառավարությունը, իսկ տեղական ու կենտրոնացված կարգով այդ գործով զբաղվող կառույցների աշխատակիցներին պետք է օպտիմալացնել, ահագին խնայողություն կլինի: