Ո՞վ է պատասխանատվություն կրելու ահռելի ծախսերի եւ կորուստների համար
Թե ինչո՞ւ 9 տարի առաջ Հայաստանի կառավարությունը որոշեց Հայաստանի տարածքում հակակարկտային համակարգը ստեղծել այսպես կոչված գազագեներատորային համակարգի հիման վրա, այդպես էլ մութ ու անհասկանալի մնաց, որոշակի ենթարդրությունների տեղիք տալով: Դեռ այն ժամանակ այդ համակարգի ցածր արդյունավետության մասին հայտնի էր: Կառավարության որոշման նախագծում ծավալուն անդրադարձ կար նախկինում Հայաստանում գործած եւ աշխարհում եղած հակակարկտային համակարգերին: Հայկական լրատվամիջոցներից թերեւս միայն մեր թերթը անդրադարձավ խնդրինՙ («Անտրամաբանական մոտեցում հակակարկտային համակարգի ընտրության հարցում», «ԱԶԳ» 22.07.2009թ. ): Հայկական ԶԼՄ-ներին, որպես կանոն, նման «մանրուքներ» չեն հետաքրքրում: Այդ որոշման նախագծից որոշ մանրամասներ հիշեցնելու անհրաժեշտություն կա նաեւ հիմա, երբ հակակարկտային համակարգի արդյունավետության հարցը կրկին բարձրացվել է կառավարության մակարդակով:
2008-ի սեպտեմբերին ընդունված կառավարության որոշման նախագծում նշվում էր, որ հակակարկտային ռազմականացված ծառայությունը Խորհրդային Հայաստանում ստեղծվել է 1964-ին: 1980-ականներին այն ուներ 11 հակակարկտային ռազմականացված կենտրոն` 60 հրթիռահրետանային մարտկոցով: Համակարգում աշխատում էին շուրջ 1700 մարդ: Հայաստանի այն ժամանակվա 15 վարչական շրջանի ավելի քան 1 մլն հեկտար ընդհանուր տարածքի վրա կատարվում էին կարկուտի դեմ պայքարի աշխատանքներ: Այդ աշխատանքներն իրականացվել են ավելի քան 400 միավոր զենիթային հրանոթներով եւ շուրջ 100 միավոր հրթիռային կայանքներով: Մինչեւ 1992 -ը հակակարկտային պաշտպանության աշխատանքների արդյունավետությունը, ըստ խորհրդային տարիների վիճակագրական տվյալների, կազմել է 94 տոկոս: Արդյունքում, կարկտահարությունից վնասված տարածքները տարեկան նվազել են միջին չափով 20 անգամ, իսկ ստացված եկամուտները գերազանցել են ծախսերն ավելի քան 5 անգամ: Ծառայությունն իրականացրել է նաեւ ակտիվ ներգործության աշխատանքներ Սեւանի ավազանում տեղումների արհեստական ավելացման ուղղությամբ: Այս դեպքում ստացված եկամուտները գերազանցել են կատարված ծախսերը 8-10 անգամ:
Սակայն, 1992 -ից հակակարկտային աշխատանքները դադարեցվել են ֆինանսական հատկացումների բացակայության պատճառով: Հրթիռահրետանային տեխնիկայի, զինամթերքի, կապի ու տրանսպորտային միջոցների, ռադիոլոկացիոն համակարգերի մի մասը 1990-1993-ականներին ոչնչացել է սահմանամերձ գոտում մարտական գործողությունների ընթացքում, իսկ մնացած մասը` հանձնվել պաշտպանության նախարարությանը:
Հակակարկտային ծառայության չգործելու հետեւանքով միայն բուսաբուծության ճյուղում կորուստները հասնում են 15-20 մլրդ դրամի: Միաժամանակ, հողերը ենթարկվում են էրոզիայի, առաջանում են սողանքներ, մեծապես տուժում են անտառները, արոտավայրերը, բույսերը, կենդանիները, թռչունները, ինչպես նաեւ շենքերը, շինությունները, կոմունիկացիաները, սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում են հայտնվում աղետից տուժած գյուղացիները: Ուստի, կառավարությունը անհրաժեշտ է համարել վերագործարկել այս ծառայությունը:
Որոշման մեջ թվարկվում էին նաեւ այն մեթոդները, որոնցով խորհրդային շրջանում պայքար էր տարվում կարկուտի դեմ:
Հրթիռային մեթոդը նշվում է որպես կիրառվող մեթոդներից ամենաարդյունավետը` մինչեւ 70 տոկոս արդյունավետություն, բայց եւ ամենաթանկը: Թվարկվում են այս մեթոդի Հայաստանում կիրառելու հետ կապված դժվարությունները` հրթիռները ոչ կառավարվող են եւ չի բացառվում, որ դրանք պայթեն հարեւան երկրների տարածքում կամ, գործարանային խոտանի պատճառով, հենց գետնի վրա` պատճառելով ավերածություններ եւ զոհեր: Մեկ ներմուծվող հրթիռի արժեքն է 100 հզ դրամ, իսկ տարեկան անհրաժեշտ կլինի շուրջ 30 հազար հրթիռ:
Ավիացիոն մեթոդը հրթիռայինի համեմատ էժան է, բայց արդյունավետությունը կազմում է 50 տոկոս: Այս մեթոդի կիրառումն այդ պահին նույնպես անհնար էր համարվում, քանի որ կարկտաբեր ամպերը հիմնականում առաջանում են Հայաստանի արեւմտյան սահմանների մոտ եւ նրանց վրա ներգործելու աշխատանքները պետք է կատարվեն հարեւան երկրի տարածքում:
Ացետիլենով գործող գազագեներատորային մեթոդի արդյունավետությունը կազմում է մինչեւ 50 տոկոս: Չնայած դրան, հենց այս մեթոդի կիրառումը մեր երկրում կառավարությունը նպատակահարմար համարեց այն ժամանակ:
Դեռ մինչ այդ, 2004-ից սկսվեց Հայաստանում գազագեներատորային հակակարկտային համակարգերի ներդրումը: Արգենտինյան SAPOI. SA ընկերության հետ կնքված պայմանագրով, Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում տեղադրվեցին 15 ացետիլենային գեներատորներ, որոնք կարկտահարությունից պաշտպանում են 1200 հա տարածք: 2007-ից այդ համակարգերը շահագործող «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ը գործարկել է նոր 15 հակակարկտային համակարգեր, որոնցով պաշտպանության տակ է վերցվել եւս 1200 հեկտար գյուղատնտեսական տարածք: Այս ընթացքում ացետիլենի փոխարեն սկսվել է կիրառվել հեղուկացված պրոպան- բութան գազախառնուրդը: Այդուհանդերձ, դեռ 2008-ին կառավարությունը այդ մեթոդը «բավականին արդյունավետ» է համարել թույլ, միջին եւ անգամ ուժեղ կարկուտների կանխման համար, բայց ոչ արդյունավետՙ շատ ուժեղ եւ աղետալի կարկուտների դեպքում:
Այս ամենից հետո ոչ թե զարմանալի, այլ պարզապես զայրացուցիչ էր գազագեներատորային համակարգին նախապատվություն տալը: Չնայած դրանք ցածր արդյունավետություն ունեն, բայց մենք ընտրեցինք հենց այդ համակարգը: Չէ՞ որ այն ժամանակ գյուղնախարար Դավիթ Լոքյանն արդեն պայմանավորվել էր արգենտինացիների հետ նոր կայաններ ներմուծելու վերաբերյալ: Ինչպե՞ս կարելի էր հրաժարվել դրանցիցՙ իսկ եթե հանկարծ արգենտինացիները նեղանայի՞ն: Ոչինչ իհարկե, որ մի քանի տարի անց, 2013-ին, կարկուտից ոչնչացավ Արմավիրի խաղողի ամբողջ բերքի մոտ 50 տոկոսը, չնայած հակակարկտային կայանները, «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» կոչվող ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանի հավաստմամբ, մոտ 30 հազար կրակոց են կատարել: Ոմանք չէին հավատում, որ այդքան կրակոց է կատարվել, որովհետեւ անկախ դրանից, բերքը ոչնչացել էրՙ որոշ գյուղերումՙ գրեթե ամբողջությամբ: Սակայն չհավատալու հիմքեր տվյալ դեպքում չկային: Գազագեներատորային համակարգն այդ ժամանակ ցույց տվեց իր բացարձակ անարդյունավետությունըՙ հակառակ կատարած ահռելի ծախսերի: Սակայն դա էլ դաս չեղավ:
2013-ին կառավարությունը մտադիր էր եւս 1200 նման հակակրկտային կայաններ ներմուծել եւ տեղադրել: Չգիտենք, դա տեղի ունեցավ, թե՞ ոչ, բայց, բառացիորեն վերջերս իմացանաք, որ գազագեներատորային կայանների արդյունավետությունը ոչ թե 50 տոկոս է, այլ… 10 տոկոս: Այդ մասին վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնեցին արտակարգ իրավիճակների նախարարությունում նրա հետ հանդիպման ժամանակ: Անհայտ մնաց միայն, թե նախարարությունում 9 տարի առաջ անտեղյա՞կ էին այդ մասին, կամ այդ հարցը նրանց ուղղե՞ց վարչապետը, կամՙ բացի այն ժամանակվա գյուղնախարարից, որը ներկայիս տարածքային կառավարման նախարարն է, արտարկարգ իրավիճակների նախարարը կամ այլ ազդեցիկ իշխանավորնե՞ր էլ էին «արգենտինացիների հետ պայմանավորվել» :
«Այս բուտաֆորիան, որ մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի էՙ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում, սա ոչ թե մեր, այլ վարչապետ Կարեն Կարապետյանի հարցադրումն էր: Արդյունավետության եւ շահավետության ցուցանիշների սոսկ համադրումը բավարար էր ճիշտ կողմնորոշվելու եւ եզրակացության հանգելու համար: Սակայն, երեւի պետք էր ահռելի ծախսեր կատարեինք, բերքի կորուստ ունենայինք, հասկանալու համար ի սկզբանե պարզն ու հասկանալին: Սրան զուգահեռ, այլ հարցադրում էլ է առաջանումՙ իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու սխալ որոշման այս հետեւանքների համար եւ ինչպիսի՞ պատասխանատվություն է դա լինելու: Թեեւ դժվար է մտաբերել, թե մեր երկրում նման դեպքերի համար կոնկրետ մարդիկՙ բարձրաստիճան պաշտոնյաներ, երբեւէ կոնկրետ պատասխանատվություն կրած լինեն: