ԱՄՆ-ում վերստին գերակա է դառնում ԻՊ ոչնչացումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը ներկայումս Ռուսաստանի ձեռքին է եւ որ Թրամփի վարչակազմի գերակայությունը «Իսլամական պետության» (ԻՊ) ոչնչացումն է: Այս տեղեկությունը ստացվել է երեք լավատեղյակ աղբյուրներից, գրում են Քոլում Լինչը եւ Ռոբբի Գրամերը The Foreign Policy հրատարակության հոդվածում:
Այդ հայտարարությունը դարձավ հերթական խոչընդոտը, որին բախվեց Դոնալդ Թրամփի վարչակազմը Սիրիայում, դրանով իսկ հարուցելով միջազգային դիտորդների տարակուսանքը, որոնց հետաքրքրում էր, թե Թրամփը կձգտի՞ արդյոք հասնել Ասադի պաշտոնաթողությանը: Մոտ երեք ամիս առաջ Թիլլերսոնը պնդում էր, թե Ասադը ստիպված կլինի թողնել իր պաշտոնը, քանի որ նա իբր քիմիական զենք է օգտագործել Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն բնակավայրում:
Մինչդեռ Թրամփի վերջին հայտարարությունը վկայում է, որ նախագահ Թրամփի վարչակազմը պատրաստ է Ռուսաստանին թույլատրել տնօրինելու Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացը: Երկու հոդվածագիրները գտնում են, որ ԱՄՆ վարչակազմը ներկայումս պատրաստ է ուշադրությունը կենտրոնացնել ԻՊ ոչնչացմանն ուղված ջանքերի վրա:
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաեւ ընդծել է, որ վերջին ժամանակներս Սիրիայում Ասադի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած ռազմական գործողությունները միտված են եղել լոկ սահմանափակ մարտավարական նպատակների ապահովմանըՙ ապագայում քիմիական զենքի օգտագործման կանխարգելմանը եւ Սիրիայում գրոհայինների դեմ մարտնչող ամերիկամետ ուժերի պաշտպանությանը, այլ ոչ թե նախագահ Ասադի դիրքերի թուլացմանը կամ բանակցություններից առաջ ընդդիմության ճնշումների ուժեղացմանը:
Թիլլերսոնի դիրքորոշումը արտացոլումն է այն բանի, որ Ռուսաստանի եւ Իրանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարությունը դառնում է երկրում վեց տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հավանական հաղթողը: Այս քայլով ԱՄՆ-ը ավելի ու ավելի է հեռանում 2012թ. Ժնեւում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ սիրիական ճգնաժամի մյուս կարեւոր մասնակից պետությունների ստորագրած համաձայնագրի դրույթներից: Փաստաթղթում առաջարկվում է Սիրիայում անցումային կառավարություն ձեւավորել վարչակարգի եւ ընդդիմության ներկայացուցիչներից: Ժնեւի համաձայնագիրը, ըստ ԱՄՆ-ի եւ նրա արեւմտյան դաշնակիցների, պետք է հանգեցներ Ասադի պաշտոնաթողությանը (թեեւ Օբամայի նախագահության վերջին տարում այդ դիրքորոշումը մեղմացվեց):
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Գուտերեշի եւ Թիլլերսոնի մասնավոր քննարկումը, սակայն պնդել է, թե ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Ժնեւյան գործընթացին եւ հավանություն է տալիս իսկական քաղաքական գործընթացին, որը կարող է վճռել Սիրիայի ճակատագիրը: Նրա խոսքերովՙ տվյալ գործընթացը վերջին հաշվով կհանգեցնի Ասադի պաշտոնաթողությանը: Նա ավելացրել է, որ Սիրիայի ժողովուրդը պետք է քաղաքական գործընթացի միջոցով տնօրինի սեփական երկրի ապագան:
Ասադի ճակատագիրը Ռուսաստանին հանձնելու Սպիտակ տան որոշումը համընկավ Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում սպասվող Թրամփ-Պուտին հանդիպմանը: Տվյալ որոշումը ընդունվեց այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը փորձում է բարելավել իր հարաբերությունները Կրեմլի հետ, չնայած Թրամփի նախագահ ընտրվելուց ի վեր նրա հետ կապված իրարահաջորդ սկանդալներին:
Թիլլերսոնը վերջերս հայտարարեց, որ Սպիտակ տունը իրեն հանձնարարել է կարգավորել Ռուսաստանի հետ խախտված հարաբերությունները: Պետքարտուղարը նաեւ նախազգուշացրել է Կոնգրեսին, որ հակառուսական նոր պատժամիջոցների ձեռնարկումը կարող է խափանել Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման փորձը:
«Նախագահն ինձ խնդրեց Ռուսաստանի հետ փոխգործողություն սկսել, որպեսզի հնարավոր լինի պարզել մեր հարաբերությունների բարելավման հնարավորությունները, որպեսզի դրանք չվատթարանան», հունիսի սկզբներին հայտարարեց Թիլլերսոնը Նոր Զելանդիա կատարած այցելության ժամանակ: «Ռեգնում» գործակալությունը մեջբերում է Թիլլերսոնի այն խոսքերը, որ նա դրանից է սկսելու Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը:
Իր պաշտոնը ստանձնելուց նվազ քան երկու ամիս հետո Թիլլերսոնը հասկացրել էր, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ուժ կիրառել, որպեսզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ստիպի հրաժարական տալ: Նրա խոսքերովՙ Ասադի ապագան պետք է վճռի Սիրիայի ժողովուրդը: Նրա խոսքերը հաստատել էր ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլինՙ հատարարելով, թե Ասադի պաշտոնաթողությունն այլեւս ԱՄՆ-ի գերակայությունը չէ:
Սակայն ապրիլին ամերիկացիները կտրուկ փոխել էին իրենց խոսելաոճըՙ պնդելով, թե Ասադը պետք է հեռանա իբր քիմիական զենք օգտագործած լինելու պատճառով: Մի քանի օր անց Թիլլերսոնը Իտալիայում նույն ոգով ասել էր, թե Ասադի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին: Նա ավելացրել էր, թե Ասադի պաշտոնաթողության պայմանը կլինի ԻՊ ոչնչացումը, ինչպես նաեւ Սիրիայի պետության կայունացումը: Սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Թիլլերսոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կրկին փոխում է ուղեգիծը: «Այն, ինչ տեղի է ունենում Ասադի հետ, ոչ թե ԱՄՆ-ի, այլ Ռուսաստանի խնդիրն է», ընդգծեց նաՙ նշելով, որ ԱՄՆ-ի ներկայիս գերակայությունը պայքարն է ահաբեկչության դեմ:
Նախկին դիրքերից Թիլլերսոնի հրաժարումը ենթադրում է, որ պետքարտուղարությունը պատրաստ է Ասադի գործունեության էթիկական կողմերի վրա աչք փակել Սիրիայում կռվող ուժերի բազմազանության պայմաններում: Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Հիզեր Նաուերտի հայտարարության համաձայն, ԱՄՆ-ը սիրիական գործընթացին սկսել է միջամտել ԻՊ ոչնչացման նպատակով: Իր հերթին, պետքարտուղարությունում Սիրիայի իշխանափոխության հարցի գծով նախկին խորհրդական Ֆրեդ Հոֆը Սիրիայում Ռուսաստանի հանդեպ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը համարում է խճճված, որի պատճառը, նրա կարծիքով, Սիրիայում ազգային անվտանգության համապարփակ ռազմավարության բացակայությունն է Թրամփի վարչակազմում: Նա ընդգծում է, որ մի բան է երբ խուսափում են խնդրի լուծումից եւ ամբողջ հոգսը թողնում են ռուսներին, մեկ այլ բան է, երբ հավակնում են որոշակի հաջողությունների հասնել Ռուսաստանի վրա հույս դնելով:
Հոֆը միակը չէ, ով դժգոհ է Թրամփի վարչակազմից: Մասնավորապես ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի Ռուսաստանի հարցերի գծով նախկին օգնական Էվելին Ֆարկասի խոսքերով, վարչակազմի խոսքերում ավելի շատ են Ռուսաստանին ԱՄՆ-ի հնարավոր առաջարկությունները, քան հակառակը:
Նման պայմաններում Մոսկվան միայն կշահի Սիրիայի հարցում ԱՄՆ վարչակազմից բխող ազդանշանշանների հակասականությունից: Ըստ Ֆարկասի, «Մեծ քսանյակի» գագաթաժողովում նախագահներ Պուտինի եւ Թրամփի հանդիպման հստակ օրակարգի բացակայության պայմաններում միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ը խաբված հեռանա: