Մի քանի օր է, ադրբեջանական մամուլը գրում է Ալխանլու գյուղում «հայերի կողմից սպանված» կնոջ եւ նրա թոռնուհու մասին: Բայց թե որտեղ եւ ինչ հանգամանքներում են նրանք սպանվել` ոչինչ հայտնի չէ: Քանի որ հակառակորդը հայկական կողմին ներկայացնում է կոնկրետ մեղադրանք` «մանկասպանություն», ուրեմն պետք է բերի անառարկելի ապացույցներ: Նման փաստեր մինչ օրս հրապարակված չեն: Vesti.az-ը եղել է Ալխանլուում, հրապարակել լուսանկարների շարք, որտեղ, սակայն, բացակայում է մեկը, ամենակարեւորը` Գուլիեւների տունը:(http://www.vesti.az/news/335703)
Դա շատ կարեւոր է: Հակառակորդը պնդում է, որ երկամյա երեխան եւ նրա տատը «դարձել են կանխամտածված հրետանային կրակի զոհ»: Գծվում է հովվերգա-ողբերգական պատկեր` աղջնակը, տատիկը եւ նրանց բարեկամուհին ինչ-որ տեղ էին եւ հանկարծ «հայերը նշանառու կրակ բացեցին»: Հարց է առաջանում` որտե՞ղ էին նրանք այն պահին, երբ ադրբեջանական կողմից սկսվել է հայկական հենակետերի հրթիռահրետակոծումը, ինչին հետեւել է պատասխան կրակը:
Միջադեպը գրանցվել է երեկոյան ժամի: Կոնկրետ հայկական կողմը պատասխան կրակը վարել է ժամը 20:41-ից հետո: Այդ ժամերին մանկահասակ երեխաներին նախապատրաստում են քնելու: Հետեւաբար երկամյա Զահրա Գուլիեւան տրամաբանորեն պետք է գտնվեր տանը` մեծերի խնամքի եւ հոգածության ներքո: Եւ եթե նա սպանվել է, ուրեմն «հայկական կողմի հրետանային նշանառու կրակից» պետք է տուժած լինի Գուլիեւների տունը: Կրկնենք` տուժած տան լուսանկար ադրբեջանական կողմը չի հրապարակել: Այսինքն, Գուլիեւների տունը չի վնասվել: Հետեւաբար, «հայկական կողմի հրետանային նշանառու կրակի եւ մանկահասակ երեխային միտումնավոր կյանքից զրկելու» մասին խոսք լինել չի կարող:
Եւ, դարձյալ տրամաբանորեն, եթե հայկական զինված ուժերին մեղսագրվում է «դիտավորյալ մանկասպանություն», պետք է պարզել պատասխան կրակի պահին երեք հոգու` երեխայի, նրա տատիկի եւ վերջինիս բարեկամուհու գտնվելու վայրը: Այդ մասին հակառակորդ կողմը դարձյալ ոչինչ չի ասում: Իսկ դա չափազանց կարեւոր հանգամանք է:
Քանի որ չկան հավաստի եւ վստահություն ներշնչող տեղեկություններ, գոյության իրավունք է ստանում ենթադրությունը: Եւ կարելի է առաջ քաշել որեւէ վարկած: Ընդհուպ այն, որ նշված անձանց մահվան պատճառն ամենեւին էլ հայկական կողմի պատասխան կրակը չէ: Բայց մենք առաջնորդվում ենք հետեւյալ տրամաբանությամբ` հավանական է, որ աղջնակի 50-ամյա տատը (ընդ որում հայտնի չէ, նա երեխայի հո՞ր մայրն է, թե՞` մոր) եւ նրա բարեկամուհին միջադեպի ժամերին աղջնակի հետ գտնվելիս են եղել պայմանագրային ծառայության մեջ գտնվող հոր հետՙ զորամասի տարածքում:
Մեր առաջադրած վարկածի օգտին է խոսում նաեւ փաստը, որ վիրավորված երրորդ անձը բուժօգնություն է ստացել ոչ թե քաղաքացիական հիվանդանոցում, այլ զինվորական հոսպիտալում: Սա նշանակում է, որ նա գտնվել է ծառայության մեջ եւ ծառայության վայրում, որտեղից էլ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել ռազմական բժիշկների կողմից: Այսպիսով պատկերն ամբողջանում է. հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը հրթիռահրետակոծել է հայկական հենակետերը, պատասխան կրակ է բացվել հակառակորդի ռազմական օբյեկտների ուղղությամբ… Մնացածը հայտնի է:
Բաց է մնում հակառակորդի զինծառայողների շրջանում կորուստների հարցը: Ադրբեջանը միտումնավոր այդ մասին ոչինչ չի հայտնում, քանի որ այդ դեպքում ակնհայտ կդառնա, որ Զահրա Գուլիեւան եւ նրա տատը զոհվել են զորամասի տարածքում: Բայց այդ եզրակացության կարելի է հանգել տրամաբանորեն եւ ապացուցել, որ հայկական կողմից քաղաքացիական անձինք եւ օբյեկտներ չեն թիրախավորվել: Հակառակ դեպքում Ալխանլու գյուղում գոնե մեկ տուն վնասված կլիներ: