Մաոյական Չինաստանում առաջնորդի արտահայտած յուրաքանչյուր միտք դառնում էր հանրագիտարանային: Թեւավոր էր դարձել նույնիսկ «այս այն կամուրջն է, որ գետի այս ափը կապում է մյուսի հետ» դատարկախոսությունը, որ Մաոն թույլ էր տվել հերթական կարմիր ժապավենը կտրելիս: Հիմա Ադրբեջանն է, որտեղ սոցիալ-տնտեսական իրավիճակը վերջին երկու տարում գրեթե աղետալի է, բայց իշխող վարչախումբն ամեն ինչ անում է, որպեսզի իրենից ստեղծի «հզոր երկրի իմաստուն առաջնորդի» կերպար:
Հուլիսի 12-ին Իլհամ Ալիեւը կառավարության նիստ է գումարել, որտեղ, իբր, ամփոփվել են կիսամյա սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Բայց, դատելով նրա ելույթի այն հատվածներից, որ «նշխարի» պես մատուցում է մամուլը, Իլհամ Ալիեւն ավելի շատ խոսել է ընդհանուր թեմաներից: Մասնավորապես, նա ասել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում սկսվել է նոր փուլ: Որպես ապացույց Ալիեւը հղում է արել նավթային թեմայով Բաքվում միջազգային խորհրդաժողովի հասցեին Մ. Նահանգների նախագահի ուղերձը, ինչպես նաեւ մի քանի օր առաջ Ստամբուլում իր հանդիպումը պետքարտուղար Թիլերսոնի հետ:
Ալիեւի ելույթի առանցքում, սակայն, Ադրբեջանի «ռազմական հզորության» թեման է եղել: Նա հայտարարել է, որ իրենք «կարող են խոցել օկուպացված տարածքներում ցանկացած թիրախ», բայց անմիջապես ավելացրել, որ «պետք է մեծացնել ռազմական հզորությունը, դա անհրաժեշտություն է»:(https://www.haqqin.az/) Ստացվել է համարյա թե ինչպես Մաոյի մոտ` դատարկախոսություն, որովհետեւ եթե Ադրբեջանը կարող է խոցել հայկական «ցանկացած» նշանակետ, ապա ռազմական հզորությունը մեծացնելու կարիք չպետք է ունենա:
Եւ առհասարակ` այդ թեմայով Ալիեւի ելույթները պետք է որ մինչեւ կոկորդ ձանձրացրած լինեն ադրբեջանական հասարակությանը: Դրանք կրկնվում են տարիներ շարունակ` նույն ոգով եւ շեշտադրումներով, «աղքատ Հայաստանի» եւ «տարածաշրջանի առաջատար Ադրբեջանի» միջեւ տափակ համեմատությամբ եւ եզրափակվում «մեր դրոշը կծածնվի Շուշիում» սին հավաստիացմամբ: Իրականում Ադրբեջանը պատերազմ հայտարարելու քաջություն չունի: Գործնականում ադրբեջանական բանակի սադրանքներն արժանանում են շատ ցավոտ պատասխանի, եւ ամեն անգամ ադրբեջանական հասարակությունն ընկնում է ցնցակաթվածի մեջ:
Ըստ երեւույթին, Ալիեւի քաղաքական դարաշրջանն ավարտվում է: Նրա ձեռնարկած ռազմավարական նշանակության եւ ոչ մի նախագիծ չի իրականացել: Նա գոյատեւում է տասնամյակներ առաջ կնքված «դարի գործարքի» քաղաքական եւ ֆինանսական շահաբաժինների փշրանքների հաշվին: Ադրբեջանը տանուլ է տալիս մրցակցությունը: Ալիեւը դա գիտակցում է, ուստի փորձում է արտաքին օժանդակության հաշվին կարգավորել իշխանության փոխանցման հարցը:
Ներկայումս դա ավելի դժվար է, քան 2013 թվականին էր: Այն ժամանակ Ալիեւը վայելում էր ՌԴ նախագահի անվերապահ աջակցությունը: Այսօր ռուս-ադրբեջանական հարաբերություններից վերընթացը փոխարինվել է սրընթաց վայրէջքով: Գրեթե բոլոր ասպարեզներում առարկայանում են լրջագույն տարաձայնություններ: 2013-ին համեմատական վերելք էր ապրում նաեւ Թուրքիան: Այսօր Թուրքիան ինքը բազմաթիվ չլուծված խնդիրներ, իսկ Էրդողանը` սեփական իշխանությունն ամրապնդելու մտահոգություն ունի:
Ընդհանարապես, 21-րդ դարում անհնար է հասարակություն եւ պետություն առաջնորդել` նրանց պարտադրելով սեփական «իմաստնությունը»: Ալիեւի «իմաստախոսության» ժամանակը նույնպես սպառվում է: Բայց նա համառորեն շարունակում է «այս այն կամուրջն է, որ գետի մի ափը կապում է մյուսին» մակարդակի դատարկախոսություններով տատանել Ադրբեջանի ներքաղաքական կյանքի հեղձուկը` ճգնելով ստեղծել միջանցիկ քամու տպավորություն: Դրանից ոչինչ չի փոխվում, եւ Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի է դառնում նրա պատրանքների պատանդը: Ադրբեջանում ցնորքների փլուզումը չափազանց ցավալի է լինելու: Հարկ է այսօրվանից նախապատրաստվել եւ ապահովագրվել այդ ցնցումներից: