Հուլիսի սկզբներին Բրիզբեյնում (Ավստրալիա) գումարած իր տարեկան կոնֆերանսի ժամանակ ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (ՑՄԱ) ընտրել է իր նոր նախագահին, հանձին հայազգի պրոֆ. Անրի Թերիոյի (Henry Theriault), ով համահեղինակներից է Տորոնտո համալսարանի հրատարակչատան լույս ընծայած Զորյան ինստիտուտի «Ցեղասպանության միջազգային ուսումնասիրություններ» հանդեսի եւ «Տրանսէքշն» հրատարակչատան «Ցեղասպանություն: Քննադատական մատենագիտական հանդես» գրքերի շարքի:
Թերիոն փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան է ստացել Մասաչուսեթսի համալսարանից: Ներկայիս նա ամբիոնի վարիչ է Վուստերի պետական համալսարանի (ԱՄՆ) փիլիսոփայության ֆակուլտետում, որտեղ դասավանդում է 1998-ից սկսած: Նրա քննարկած թեմաներն են ցեղասպանությունները, կանանց հանդեպ կիրառվող բռնությունները, հարակից զոհ-հանցագործ հարաբերությունները, ինչպես նաեւ ցեղասպանությունների կանխարգելման, ժխտման եւ հատուցման հետ կապված խնդիրները: 1999-ից 2007 թվերին նա համադրել է համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքները: Վարչության անդամ է «Հանուն արդարության եւ մարդու իրավունքների» հայկական իրավական կենտրոնի, որը պատրաստել է 2014-ին Հայոց ցեղասպանության հատուցման պահանջագիրը: Ունի հրատարակած բազմաթիվ հոդվածներ:
Ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» լրատվության, կոնֆերանսի ժամանակ ՑՄԱ-ի խորհրդակցական վարչության անդամ է ընտրվել Երեւանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն դոկտ. Սուրեն Մանուկյանը:
Նկար 1. Անրի Թերիոն ելույթ ունենալիս: