Երբ 2017-ի հունիսին գերմանաբնակ ծանոթներս ինձ ասացին, թե Հայաստան մեկնել են ուզում, բայց տոմս չեն գտնում, մտածեցիՙ պահն ուղղակի համընկել է դպրոցական արձակուրդին, օրեր հետոՙ անպայման կգտնեն… Նրանք իմ մտքի թելն ամուր կծկեցին, Հայաստան գնալու իրենցՙ այս տարվա ցանկությունը գրի առան օրացույցի 2018-ի հունվարյան էջում, որ տոմսի գինը մատչելի լինի, իսկ այս տարվա հայաստանյան հանգիստը 4 հոգանոց ընտանիքը փոխարինեց իսպանական լողափովՙ Հայաստան գնալու օդանավի տոմսի գինը ճանապարհածախսի հետ հյուրանոցն ու նախաճաշն էլ ներառեց, իսկ արեւն այնտեղ գայթակղելու գոնե մի առավելություն ունի, ասացինՙ եվրոպացիների սառած մարմինները համբուրում է թավշյա փափկությամբ:
Հայաստանի արեւն ինչքան էլ կծի, ինչքան էլ շոգն անտանելի լինի, շատերն են հենց ամռան ամիսներին նախընտրում Հայաստան գալ: Ես էլ, տարին բոլոր Հայաստանն իմ սրտում, հենց ամառն ու արեւն եմ կարոտում: Սովորաբար տոմս նախապես էի պատվիրում ու չգիտեի, որ 90-ականներից մեր բառապաշար մտած «շրջափակված երկիրն» իսկապես դե ֆակտո գոյություն ունի, եւ մի օր խարխլվելու էՙ ուղեղիս ծալքերում «մտացածինի» համարում ունեցող այդ բառակապակցությունը:
Հուլիսին ամեն օր Դյուսելդորֆից Երեւան թռչելու տոմս եմ փնտրում: Մեկ կանգառով միայն: Երեւանը Գերմանիայի որեւէ քաղաքի հետ թռիչքի ուղիղ կապից զրկված է արդեն տարիներ ի վեր, որեւէ վայրից ուղիղ կապով Երեւան հասնելու ընտրությունն էլ մեծ չէ ամռան այս արձակուրդային սեզոնինՙ Փարիզից , Բրյուսելից, Ամստերդամից, Վիեննայից, Մոսկվայից, Կիեւից ասես բոլորը մեր երկիր են շտապումՙ անսալով զբոսաշրջությունը գերակա հռչակած մեր կառավարության կոչին: Տոմս իսկապես չկա:
Գերմանական «Լուֆթանզայի» գրասենյակից ինձ փորձում են օգտակար լինել. «Հայրենական ավիափոխադրող ունե՞ք»: «Ոչ», ասում եմ, ու լսում հաջորդ հարցըՙ «Քաթար էյրուեյզով» գնացեք Դոհա, այնտեղիցՙ Երեւան»: «Բա որ Քաթարի դեմ պատժամիջոցների պատճառով հանկարծ այդ երկրում մնամ, դուք իմ ելքը կապահովե՞ք», հարցս պաշտոնյային դուր եկավ, շարունակեց տոմսի փնտրտուքը: «Գտաՙ թռչում եք Նոր Զելանդիա, այնտեղից Երեւան»: Նա միանգամայն լուրջ էր ասում, թեեւ իմ զարմացած ու զայրացած ձայնարկությունները լսելով, փորձեց մխիթարելՙ «միակ ելքն այսպիսի պարագաներում սեփական ավիափոխադրամիջոց ունենալն է»: Հումոր չէ: Մի օր երեւի կանսամ գերմանուհի ընկերուհուս հորդորին ու իր նման օդանավ վարելու իրավունք ձեռք կբերեմ :
Ես իհարկե Երեւանի տոմս գտաՙ իմ ու շատերի գնահատմամբ, «աստղաբաշխական» գումար վճարելով: «Ավստրիական ավիաուղիներով» հաճախ եմ ճամփորդել, բայց այս անգամ Երեւան թռչելու պահանջարկն այնքան շատ էր, որ ավելի շատ տոմս էին վաճառել, քան կարող էին մեկ օդանավով փոխադրել, իսկ զայրացած ուղեւորների կուտակումներից փորձում էին ելք գտնելՙ այլ քաղաքներ նրանց նախ փոխադրելով, այնտեղից էլՙ Երեւան ուղիներ որոնելով: Գերմանացիՙ ինձ ընկերակցող զույգին առաջարկեցին Վիեննայից նախ Թել Ավիվ թռչել, այնուհետՙ Երեւան, Լիոնից ժամանած հայերի մի խմբինՙ Վիեննա- Մոսկվա-Երեւան, ինձ ԱՄՆ-ից, Կանադայից, Լիոնից ժամանած մի այլ խմբի հետՙ Վիեննա-Վարշավա-Երեւան: Ուկրաինայից Վիեննայում ուսանող մի աղջիկ, որ երեւանցի ընկերներին որոշել էր անակնկալ անել, իր վրդովմունքն էր ինձ հայտնումՙ որ իմանայի օդանավն այսքան կուշանա, նախ գնացքով Կիեւ կհասնեի, այնտեղից էլՙ այսքան սպասելու փոխարեն նույն ժամանակամիջոցումՙ Երեւան:
Մենք, իհարկե, պատմությունը վկա, մեծ երազողներ ենք, թռչել ենք սիրում, բայց սավառնելն արտոնել ենք ուրիշներին, սողալ, ինչպես ասում են, չգիտենք, միգուցե դա է պատճառը, որ մեր գնացքը հեռուների հորիզոնները չի էլ որոնում, լողալը պահ ենք տվել Կիլիկյան պետության պատմության հիշողության ջրերում, ու շրջափակված ապրում ենքՙ զբոսաշրջությունը գերակա ոլորտ հռչակելով:
Որքա՞ն գումար է կորցնում Հայաստանն ամեն օր, երբ այդ երկիր գալու պատրաստակամությունը փշրվում էՙ «տոմս չկա», կամ ավելի ստույգՙ «էժան տոմս չկա», «ավիաընկերություն չկա» պատճառաբանությունների պատին զարնվելով: Կներեք հարցիս համարՙ ե՞րբ ենք ունենալու սեփական ավիափոխադրողը, որ մեզ չի խաբելուՙ պնդելով, թե ոլորտը եկամտաբեր չէ: Մինչեւ ե՞րբ ենք սիրելու մեր այս շրջափակումը: