Հայաստանում օր օրի նկատվող գնաճը 9.5 տոկոսից ավելին կարող էր լինել, եթե երկու բան տեղի չունենար. նախ Կենտրոնական բանկը չթանկացներ դրամը, կամ էլ դոլարը չարզրկվեր: Կենտրոնական բանկի ներկայացրած վերլուծությանը հղում անելով՝ նման համոզմունք է հայտնում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Եթե միջազգային շուկայում ինչ-որ ապրանքի գինը, ենթադրենք, բարձրանում է 25 տոկոսով, ու դա հայելային կերպով պետք է նաեւ Հայաստանի տնտեսության մեջ նկատվեր, բայց տվյալ ապրանքը մեզ մոտ թանկանում է ոչ թե 25, այլ օրինակ 12 տոկոսով, ապա, բացատրում է Պապոյանը, դա հենց դրամի արժեւորման ու դոլարի գնանկման հետեւանք է:
«Օբյեկտիվ ակնկալիք կարող է լինել, որ, օրինակ, եվրոն կամ դոլարը 20 կամ ավելի տոկոսով արժեզրկվել են, հետեւաբար ուղիղ այդքան էլ ապրանքների գները պետք է իջնեին: Բայց դա ինչո՞ւ տեղի չի ունեցել, որովհետեւ դրան զուգահեռ ուղիղ 30 տոկոսով էլ ապրանքների գներն են ավելացել: Եվ, առհասարակ, համաշխարհային տնտեսության մեջ նկատվող գնաճը մի քանի պատճառներով է բացատրվում,- ասում է ՔՊ-ական պատգամավորն ու դիտարկում,- Նախ կորոնվիրուսի ու լոքդաունի պատճառով են մի շարք ոլորտներ տուժել, այսօր էլ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն է հացահատիկային մշակաբույսերի գների բարձրացման պատճառ դառնում, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան հացահատիկի պաշարների մեծ շտեմարաններից են: Եվ այդ երկրների այն տարածքները, որտեղ այսօր ռումբեր են ընկնում, աշխարհի հացն ապահովող տարածքների մի հատվածն են: Դրա բացակայությունը, բնականաբար, նույնպես պարենի գների էական ավելացման է հանգեցնում»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ահագնացող գնաճը բացատրում է Հայաստանում պարենի ու գյուղատնտեսական պաշարների նվազմամբ: Սրան զուգահեռ, հավելում է, հատկապես Ռուսաստանի քաղաքացիների աննախադեպ հոսքի հետ կապված է նաեւ ապրանքների նկատմամբ պահանջարկի ավելացումը, ինչը նույնպես գնաճը խթանող հանգամանք է. «Եթե նվազում է առաջարկը, բնականաբար, դա գնաճի է հանգեցնելու: Բացի այդ՝ մեր երկրում, այո, հատկապես պարենային ապրանքների մասով պահանջարկն էլ է մեծացել: Գնաճի երրորդ կարեւոր ու օբյեկտիվ խնդիրը միջազգային շուկաներում պարենային ապրանքների որոշակի թանկացմամբ է պայմանավորված»:
Ընդդիմադիր պատգամավորը նկատել է, որ թեեւ Կենտրոնական բանկը որոշակիորեն պայքարում է գնաճի դեմ, բայց, վստահ է, կառույցն իր ունեցած գործիքակազմն ամբողջությամբ չի կիրառում: Հետեւաբար՝ գնաճը զսպելու համար կոնկրետ անելիքներ ոչ միայն ԿԲ-ն, այլ նաեւ կառավարական կաբինետն ունի:
Հատկապես համավարակներից ու պատերազմներից հետո աշխարհի երկրները, ասում է տնտեսագետ պատգամավորը, մտածում են ոչ թե ավելի էժան տարբերակով ապրանքներ ներկրելու կամ թանկ գնով արտահանելու մասին, այլ սեփականն արտադրելու ու ճգնաժամային իրավիճակներին սեփական միջոցներով դիմակայելու մասին: Այսինքն՝ աշխարհի բոլոր երկրներն էլ այժմ մտածում են պարենի պաշարները սեփական միջոցներով համալրելու մասին: Իսկ մեր երկրում, ահազանգում է, 2018-ից հետո պարենային զամբյուղի մեջ մտնող ապրանքների թիվն էապես է նվազել. «Մեր երկիրն առաջին անհրաժեշտության պարենմթերքի 65 տոկոսը կարողացել է ինքն ապահովել, այսինքն՝ այդքանով ինքնաբավ է եղել: Այսօր սակայն այդ ցուցանիշը իջել է մինչեւ 47 տոկոս»:
Պարենային զամբյուղի նվազման հարցի հասցեատերը, Թադեւոսյանի պնդմամբ, ո՛չ Կենտրոնական բանկն է, ո՛չ էլ մեկ այլ երկրի կառավարություն: Առաջին պատասխանտուն կառավարության ներկայացուցիչներն են, որոնք իշխանության գալուց անմիջապես հետո «օպտիմալացրել» են գյուղատնտեսության նախարարությունը, որ ոլորտի պատասխանատու եւ այն կարգավարող թիվ մեկ մարմինն էր:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ