88 տարեկան հասակում կյանքից հեռացավ լիբանանահայության ամենասիրված մտավորականըՙ հայր Անդրանիկ Կռանյանը: Համակ նվիրում, արդարասիրություն, արդարության մարտի՛կ: Հոգնություն չիմացող ուսուցիչ, խմբագիր, քարոզիչ: Երիտասարդ հաջորդական մի քանի սերունդների կուռքն էր նա իր ճշմարտախոսությամբ, բարեհոգությամբ, մտավոր ամենալայն պաշարով, հայրենասիրությամբ եւ ազգասիրությամբ: Գրաբարը, հայ մատենագրությունը, Հայ եկեղեցու պատմությունը, հայ երաժշտության պատմությունը, ծիսագիտությունը նրա դասախոսական աշխատանքի տարերքն էին, որոնց զուգակցումը «Երիտասարդ հայ», «Մասիս», «Հայկազեան հայագիտական հանդէս» եւ այլ պարբերականների խմբագրման աշխատանքին ու գրեթե ամենօրյա հոդվածները հասարակության հետ խոսելու իր կերպը, կրթելու միջոցն էր: Հայ կաթողիկե Զմմառյան վանքի միաբան էր, կաթոլիկ եկեղեցական, սակայն 18-19-րդ դարի Մխիթարյանական տեսակից: Մինչեւ վերջին շունչը գրեց, ո՛չ եկեղեցականներին հատուկ մոտեցմամբ, այլՙ ջղուտ, գործնական, կյանքո՛տ, վերջին տարիներին զարմանալով, թե մահը իր պարագայում ճշտապահ չէ…
Մեծ մտավորականի կյանքին ու գործունեությանը «Ազգ»ը կանդրադառնա հետագայում: