Հայաստանում սկսվել մի ժամանակաշրջան, որում առավել, քան երբեւէ, առարկայորեն երեւում է, որ իշխանության փոխանցման հարցն ընտրություններով ընդհանրապես չի լուծվել: Մի կողմից անորոշությունը կրծում է մեր քաղաքական անվանյալ, իրականում ինչ-որ շահերի շուրջ խմբավորումներ հիշեցնող ուժերին, մյուս կողմից ընթանում է փոքր շրջանակով իրազեկվածների խուլ պայքարն իշխանության համար: Համենայնդեպս` անորոշություն կա այն շրջանակներում, ովքեր չեն ըմբռնում, թե ինչ է կատարվում: Կամ` ըմբռնում են , ուղղակի չեն հավատում իրենց աչքերին, իսկ հստակ իմացողների ու կողմնորոշվածների շրջանում մի այնպիսի բրոունյան շարժում է սկսվել, որը կարող հավասարվել կենաց-մահու պատերազմի նիշին: Երեւացող մակերեսում` խորհրդարանում հանգիստ-միապաղաղ ներկայացնում են 2018-ի բյուջեն. դրամական հատկացումներում եւ բաշխումներում ինչ փոխվել է` սահմանադրությունն է պահանջում, ինչ չի փոխվել (մեր կյանքը անցյալ տարվա բյուջեի ցուցանիշի վրա համարյա թե անշարժ թողնող թվերը)` սրանք էլ «զարգացման համար տնտեսական հիմքի բացակայությամբ» են պայմանավորված, ու ոչ ոք մեղավոր չէ, համ էլ` շարմազանովյան բնորոշմամբ` «իրատեսական, կայունացման ու երկարաժամկետ աճի» տանող բյուջեն էլ ուրիշ ինչ կերպ կլինի որ, եթե ոչ` 4-5 հինգ տոկոս տնտեսական աճով:
Դե հա` մասնավոր բիզնեսներում Հայաստանում կրկնակի, եռակի աճ պետք է ապահովվի անպատճառ` սովորական քաղաքացին հո չի՞ կարող մեծահարուստի ախորժակն ունենալ, իսկ պետական բյուջեում` 5 տոկոս է միջինը, էն էլ` եթե ապահովվի…ռեալ: Դե` «Եվրոնեսթում» էլ Աշոտյանն է ելույթ ունեցել, բա, մենք այնտեղ սկսել ենք ավելի լավ խաղալ, ադրբեջանանպաստ բանաձեւեր ենք հայանպաստ դարձնում, ինչ վատ ցուցանիշ է: Սրանք բոլորը մեր կյանքի տեսանելի, այն էլ` ԶԼՄ-ների մակարդակով (այսինքն`մաղով անցած) տեսանելի հարթույթում են:
Իսկ ոչ տեսանելի հարթույթում մի իսկական նախընտրական թոհուբոհ է` Հայաստանի նախագահը մի կողմից է խոսում մի քանի օրից հայտարարելիք ներդրումների թվերի մասին, վարչապետը մյուս կողմից է շրխկացնում մեկ օրվա տարբերությամբ` մի տարվա իր տասն միլիոն աշխատավարձը` «Հայաստան» հիմնադրամին նվիրելու մասին, հիմնադրամցիները երեւի կարողացել են ապացուցել, որ հիմնադրամի միջոցներն ար-դյու-նա-վե՛տ են ծախսում: Չնայած` մեծ հաշվով ավելի լավ կլիներ վարչապետն իր աշխատավարձը մեր գծատերերին փոխանցեր, միգուցե կշտանային, ու մի որոշ ժամանակ մեր խեղճուկրակ աշխատավարձերի գլխին դամոկլյան սրի պես չկախվեր երկու հարյուր դրամանոց փոխադրավարձի հեռանկարը: Ի դեպ` նույնն առաջարկում ենք քաղաքապետարանի աշխատակիցներին` իրենց բարձր աշխատավարձերի մի զգալի տոկոս թող փոխանցեն գծատերերին` նրանց ախորժակը հագեցնեն, ու մեր` շարքային հետիոտնի շարքային գրպանը հանգիստ թողնեն: Հետո վարչապետն է ասուլիս տալիս ու վստահեցնում, թե` «աշխարհը շուռ ենք տալու»: Հետո նորից նախագահն է տարբեր հանրային մակարդակներից, այդ թվում ռուսական տեղեկատվական տարածքից օգտվելով` հասցնում հանրությանը, թե ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրվելու է, այնտեղ Հայաստանի ստանձնած պարտավորությունները չեն հակասում ԵՏՄ-ում ստանձնած պարտավորություններին, այ, այդ ԵՏՄ-ն պետք գործի Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, որով ողջ Եվրոպան է աշխատում: Այսպես խոսում են նրանք, ովքեր ոչ մի տեղ էլ չեն գնում, ու ոչ մեկին էլ չեն փոխանցում իշխանությունը:
Պաշտպանության նախարարի` զինծառայության մասին օրենքը խորհրդարանում ներկայացնելուց հետո աննախանձելի վիճակում հայտնվելը եւս վկայում է ներիշխանական սրված պայքարի մասին. միգուցե պաշտպանության նախարարի հավակնությունները գրգռել են նրա իշխանական ընդդիմախոսներին, որոնք ձեռքերը ծալած չեն նստում, բոլոր միջոցներն են գործածում նրա հավակնությունները զսպելու համար, այդ թվում` ֆեյսբուքը, եւ սա եւս կարելի է դիտարկել նախընտրական մթնոլորտի հարթույթում: Ընդ որում` պաշտպանության նախարարի`մեր ԶԼՄ-ների հետ շփվելու եւ իր շրջապատում թիկունքից հարվածներից ապահովագրվելու միգուցե ոչ այնքան մեծ փորձառությունն իրենց գործն արեցին, ու եթե նրա, կամ նրա մոտիկ շրջապատի մտքի ծայրով անգամ անցել է այլ դերակատարում ու այլ մոտիկ ապագա, ապա նրա հավակնություններին հիմա հանգիստ կարող են հակադրել նրա պահվածքի ո՛չ այնքան համարժեքության հակափաստարկը: Այնպես որ` իշխանության պայքարի շրջանակն ամեն օր եւ դիպված առ դիպված նորանոր գծագրությունների է ենթարկվում:
Շատերն անգամ շփոթության մեջ են նախագահ Սարգսյանի պահվածքից, որը վարչապետի շրջապատի ներդրումային ծրագրերը (ներդրողների ակումբի) վերջին արտերկրյա հարցազրույցներից մեկում նույնացրել էր իր ծրագրին` ներդրումների վերաբերյալ տեղեկությունները կհանրայնացվեն եկող շաբաթ: Իսկ մեզ համար դա զարմանալի չէ , մանեւրելը միշտ էլ զինվորական հոգեբանությամբ ղեկավարների գործելաոճ է… մինչեւ որոշակի պահ: Միայն թե հասկանալի չէ, թե ինչ ներդրումներ են դրանք, Հայաստանին չպատկանող էլցանցերի արդիականացման համա՞ր միայն, որի շահույթի միայն հարկային մասն է մնում Հայաստանում, թե՞, այնուամենայնիվ, զուտ ներհայաստանյան բիզնես դաշտին էլ է բաժին հասնելու: Կամ`ո՞վ է ներդրում անելու, եթե մեր բիզնես-շրջանակներն իրենց կապիտալի մոտ 600 միլիոն դոլարն այս տարվա ութ ամսվա ընթացքում հանել են Հայաստանից:
Ու միայն սա չէ` Հայաստանի նախագահը, ամսվա կեսին իր Մոսկվա այցից եւ նոյեմբերի վերջին ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից առաջ վստահ ասում է, որ ԵՄ համաձայնագիրը Հայաստանը ստորագրելու է:
Նրանք, որ հասկանում են, թե 2018-ին ընդհանրապես ամեն բան կարող է փոխվել` ե՛ւ կոալիցիայի նկարագիրը, ե՛ւ իշխանությունը կրողների շրջանակը, ե՛ւ դերակատարները, հիմա փորձում են մասնակացել չերեւացող մարտերին: Բայց կան նաեւ այնպիսիք, որոնք հրապարակավ չեն թաքցնում տրամադրությունները, օրինակ`ՀՅԴ բյուրոյի եւ Գերագույն մարմնի համատեղ նիստի` մեկ օր տարածված որոշման տողատակերից առկայծում է դժգոհությունը ոչ այն է կառավարության, ոչ այն է` իշխանության մեջ այս կուսակցության դերի հետ կապված: Իսկ տողատակերը միգուցե առավել լավ կընթերցի ու կհասկանա հասցեատերը, մանավանդ` ՀՅԴ-ի նախաձեռնողականության եւ ինքնւրույն գործելակերպի պարագայի շեշտադրումը որոշման մեջ եթե նկատի ունենանք:
Նույնպիսի տողատակեր վարչապետի ու կառավարության առումով, եւ էլ ավելի մեծ չափով ներկայացնում են ծառուկյանականները` սկսած առետրականների բողոքներից, վերջացրած խորհրդարանի հանձնաժողովներում սկսված բյուջետային քննարկումների ժամանակ հարցադրումների ուղղվածությունից: Ավելի շատ տնտեսական կառույց, քան թե կուսակցություն հիշեցնող «Ծառուկյան դաշինքը» (այս դաշինքի քաղաքական միավորը բացառապես Նաիրա Զոհրաբյանն է) իր գլխավոր մարտը, սկսած ընտրություններից ցայսօր, դեռ չի տվել: Հավանաբար` ծառուկյանականները լայնորեն պատրաստվում են այդ մարտին, ու դա տեղի կունենա խորհրդարանի լիագումար նիստում բյուջետային քննարկումների ժամանակ, ու միգուցե այնտեղ այդժամ արդեն տրամաբանություն երեւա` նրանք ապագա կառավարության հայտ են ներկայացնում Կարապետյանո՞վ, ինչպես նախագահ Սարգսյանն արեց, թե` առանց, կոալիցիա ե՞ն մտնում, թե ոչ, կամ միգուցե նրանց չե՛ն ընդունում կոալիցիա, ու այս կոշտացումը վերջին դեպքում տնտեսության նոր, ոչ Ծառուկյանի օգտին վերաձեւում է ենթադրում: Ու, առհասարակ, Սերժ Սարգսյանի վարչապետության դեռ չձեւակերպված, բայց տարբեր առիթներով առկայծող հայտի մեջ ովքե՞ր ունեն փոխվարչապետի հայտեր:
Թեեւ վարչապետ Կարապետյանը երեկ հերքեց, թե նախագահի հետ որեւէ պայմանավորվածություն կա այն առումով` ով է լինելու վարչապետը, սակայն մյուս կողմից պայմանավորվածություն եթե լինի էլ, դրա իրագործումը կախված է լինելու շատ ու շատ գործոններից` արտաքին ու ներքին, այնպես որ` հանգիստ կարելի է ասել, պայմանավորվածություն չկա:
Այս բոլորը, որ ավելի շատ տնտեսական կոմբինացիաներ են հիշեցնում եւ միայն արտաքին կողմնորոշումների պահով են մի փոքր քաղաքական շեշտեր ստանում, Հայաստանում կոչվում են քաղաքականություն եւ քաղաքական պայքար:
Դեռ արտաքին ճակատում էլ, որ շատ ուզենանք, քաղաքական բաղադրիչ չենք գտնի. ո՞վ կշահի ռուսական բարեհաճությունը, կստորագրվի՞, թե չի ստորագրվի ԵՄ հետ համաձայնագիրը, որքանով է դա կապված ռուսական բարեհաճությունից եւ համանման մերձքաղաքական շեշտադրումները մեծ ցանկության դեպքում էլ չի կարելի անվանել արտաքին քաղաքականության դասական դրսեւորումներ:
Իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի, Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գործակցություն եւ այլՙ Հայաստանը շրջանցող ծրագրերին մասնակցելու-չմասնակցելու-խափանելու մասին զուտ ԶԼՄ-ական խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան սեփական տեսակետ (լրատվամիջոցի՛). ինչ ջանքեր, հիմա բոլոր ջանքերը Հայաստանում ուղղված են ներքին ազդեցությունները վերաբաշխելուն` որպես իշխանության հանգիստ փոխանցման երաշխիք, այն եւս չի կարող դրա համար երաշխիք լինել, քանի որ այդ վերաբաշխումը հնարավոր է միայն տնտեսական վերաձեւմամբ, որը միշտ ունենալու է մարդկանց դժգոհությունը որպես զենք կիրառող «աբիժնիկներ», իսկ Հայաստանում շատ ու շատ լարումներ տարբեր ժամանակներում հենց ուղղորդվել են տնտեսական մրցակցության բեւեռներից, գաղափարական կամ սոցիալական պայքարի հագուստներով մատուցված:
Թերեւս ոչ եզրափակիչ, սակայն հանգուցային ժամանակաշրջանը սկսվել է, այն, ինչ չեն վճռել ընտրությունները, այժմ վճռվելու է հրապարակային տարբեր դրսեւորումներով (մեկը վերջերս ծավալվեց պաշտպանության նախարարի շուրջ) եւ երբեմն մակերես լողացող ներկուլիսային կոշտ եւ անզիջում պայքարով ու ինտրիգներով: Ընդ որում` հարյուր տոկոսանոց երաշխիք, որ այդ պայքարը երբեմն այլանդակ ձեւեր չի ընդունի, ոչ ոք չի կարող տալ, կարող են միայն խոստանալ այնքանով-որքանով:
Հիմա թիրախավորվելու է Կարապետյանի կառավարության բյուջեի նախագիծը, ընդ որում` ոչ այնքան հանձնաժողովական քննարկումներում, որտեղ քննադատությունն ուղղակի ծաղիկներն են: Իրական քնադատության դոզան հատկապես ծառուկյանականները թողնում են լիագումար նիստերին, այդ ընթացքում հավանաբար նրանց առաջնորդը կողմնորոշված կլինի` ինչ է ուզում, ինչպես եւ ումով (ասենք` սեփական փոխվարչապետ ունենալն ու կառավարության մի շարք պորտֆելներին տիրապետե՞լն է լավ տարբերակ, թե՞, այնուամենայնիվ, գլխավոր ընդդիմադրի տեղը զբաղեցնելու հեռանկարն ավելի երաշխիքային է: Ըստ այդմ էլ կընթանան բյուջետային քննարկումները):
Երեւի գործող նախագահը եւս մի շարք հստակեցումներ անելու խնդիր ունի` իշխանության ստանձման կամ փոխանցման խնդիրները լուծելու համար:
Առայժմ բյուջեն է զբաղեցնելու բոլորին` անշուշտ դեռ ենթարկվելով արմատական քնադատության, իսկ երկրի անվտանգության ու սոցիալական բացվածքից երկարաժամկետ տնտեսական աճին նայելու վարչապետի ելակետը կասկածի տակ դնողներ լինելու են, քանի որ հստակ հայտնի է` եկող տարի մեր կյանքի որակը չի փոխվելու, եթե նկատի առնենք աշխատավարձերի ու թոշակների ցուցանիշները եւ բյուջեի գլխավոր թվերը. 2018 թվականի պետական բյուջեն կկազմի եկամուտների գծովՙ 1,307.3 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,464.2 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)ՙ 156.9 մլրդ դրամ:
Որքան էլ վարչապետը «կառավարելի եւ հեռանկարային» գնահատի վիճակը, իսկ բյուջեն այս իրավիճակում համարի հնարավորինս լավը, աշխարհը շուռ տալ պետք չէ, ի սեր Աստծո, բավարար կլինի տնտեսության անկումը շուռ տալ աճի:
Կհաջորդի, կամ կնախորդի, ոչ մի տարբերություն, ընտանեկան բռնությունների կանխարգելման «փարթին», հետո այլ ինտրիգային հարցեր մեջտեղ կգան, ու տարին կփակվի:
Բոլոր դեպքերում` մեզ պետք է անցում` առանց լարումների:
Քանի որ, եթե հարցնենք` ինչ ունեցանք երկարատեւ երկու տասնամյակից հետո, կունենանք պատասխաններ, ըստ որոնց ավելորդ շռայլություն կլինի ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից որեւէ մեկին պաշտպանելու ու սատարելու համար լարումներ եւ հանրության նոր զրկանքներ թույլ տալը: Ինքներդ համոզվեք.
– Որեւէ անգամ հասե՞լ ենք իշխանափոխության ընտրություններով` ոչ մի անգամ:
– Կառավարողներին ընդդիմախոսոսողներն որեւէ անգամ խշխանության եկե՞լ են` ոչ մի անգամ:
– Իրական ընդդիմախոսներ եւ ընդդիմություն, բացի իմիտատորներից, ձեւավորվե՞լ են` ոչ մի անգամ:
Դե եթե հիմա այս պատկերն է եղել, ու այս պահին էլ ամեն բան առավել, քան լղոզված է, եթե նույն մարդիկ ե՛ւ իշխանություն են, ե՛ւ ընդդիմություն, ինչ պիտի ուզենա այս պահի համար հանրությունն ու սովորական հայ մարդը. մի բան միայն` առանց լարումների անցում` ով էլ լինի վարչապետ, առանց ցնցումների ժամանակաշրջան, որ գոնե էս նվազ կայունությունը պահպանվի: Մինչեւ տեսնենք, թե ինչ ենք անում` Արցախի հարց է լուծվո՞ւմ, թե իսկական ընդդիմադիրների սերունդն, այնուամենայնիվ, գալիս է` իմ սերունդն արդեն հույս չունի, որ իր կյանքը կբարելավվի, վկա ամեն ընտանիքից բացակա երիտասարդությունը:
Մինչեւ հայ հանրության այնպիսի հասունացում, որը կբերի մեր ազգին արժանի փոփոխությունների: