ՀԱԿՈԲ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ
– Տպավորություն է ստեղծվում, որ յոգան լայն տարածում է գտնում Հայաստանում: Իրո՞ք այդպես է,- այս հարցով սկսվեց մեր հարցազրույցը «Լույս» յոգա-ստուդիայի հիմնադիր տնօրեն Սվետլանա Ավագյանի հետ:
– Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում յոգան իսկապես լայն տարածում է գտնում: Այն շատ հասանելի ուսմունք է բոլորի համար. չի պահանջում նախնական որեւէ պատրաստվածություն, թանկարժեք գործիքներ եւ մատչելի է: Նրա ֆիզիկական, շնչառական եւ խոկման տարբեր տեխնիկաները ընդունելի են բոլոր տարիքի, սեռի, կրոնի, ռասայի պատկանող մարդկանց համար:
– Որպես ֆիզիկական, բարոյական, մտավոր, հոգեւոր կատարելագործման ուսմունք, յոգան բարդ չէ՞ սովորական մահկանացուի համար:
– Ինչպես ասացի, յոգան գիտություն էՙ հատուկ ստեղծված բոլորիս համար. բարդությունը կամ պարզությունը անհատական մոտեցման արդյունք են: Ահա թե ինչ են ասում այդ մասին յոգայի ուսմունքի երկու հանրահայտ իմաստուններ Վաշիստհան եւ Պատանջալինՙ յոգան միտքը հանդարտեցնելու հմտությունն է, մտքի նկատմամբ իշխանության հասնելը, մտքի ելեւէջների ներդաշնակեցումը: Նրա տարբեր ուղղությունները տանում են նույն փորձառության, այն էՙ լինել գիտակից, զգոն եւ սիրող: Նա, ով ձգտում է զբաղվել յոգայով, պետք է ընտրի այն ուղին կամ ուղիները, որոնք համապատասխանում են իր խառնվածքին:
– Մտավախություն չկա՞, որ այդ ուսմունքը կարող է վերածվել աղանդի: Ի վերջո հոգեւորն է կազմում նրա հիմքը:
– Ավելի ճիշտ կլիներ յոգան համեմատել գիտության հետ եւ ոչ թե կրոնի: Յոգան չունի պաշտամունքի ոչ մի առարկա, տարր, չկան ծիսակատարություններ, կուռքեր եւ նմանատիպ այլ երեւույթներ: Այնպես որ մտավախությունը, թե այն կարող է վերածվել աղանդի, ավելորդ է:
– Յոգայի ի՞նչ ուղղություններ կան եւ որի՞ մեջ է մասնագիտացված ձեր կենտրոնը:
– Ուղղությունները շատ են, սակայն Արեւմուտքում եւ Հայաստանում մասնավորապես տարածված են Հաթհա եւ Աշտանգա յոգայի տարատեսակները: Մեր ստուդիայում դասավանդվում են հաթհա, ինտեգրատիվ, վերականգնողական, վինյասա յոգաներ: Ստուդիան հատկապես մասնագիտացված է հղիների եւ հետծննդաբերական վերականգնողական յոգաների մեջ: Հիմնական ուղղվածությունը կեցվածքի ուղղումն է, ինչի իրականացման համար օգտագործվում են տարբեր պարագաներՙ պարան, գոտի, բարձ, ծածկոց, աթոռ, որպեսզի նախ ֆիզիկական դիրքը հնարավորինս հարմարավետ լինի եւ ապա շնչառական կամ խոկման վարժանքները ավելի ներգործուն ազդեցություն ունենան:
– Ամե՞ն ոք կարող է ինքնուրույն զբաղվել յոգայով, թե՞ ուսուցչի ներկայությունը պարտադիր է: Եվ հետո, չկա՞ն տարիքային, առողջական, անհատական սահմանափակումներ:
– Սկզբնապես ուսուցչի կարիքը, իհարկե, պարտադիր է: Առաջին հերթին նրան է հասկանալի, թե ինչ է անհրաժեշտ աշակերտին, եւ հատուկ մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուրի նկատմամբ: Չի կարելի հաշվի չառնել մարմնի ու հոգու անհատական յուրահատկությունները: Հիմա շատ է տարածված համացանցի միջոցով հետեւել ու կատարել յոգայի վարժություններ, առանց հասկանալու, թե դրանք թույլատրելի՞ են իրեն, թե՞ ոչ: Բացի այդ, անչափ կարեւոր է իմանալ ասանաներիՙ ֆիզիկական վարժությունների ճիշտ հերթականությունը. մեկ ասանա կարող է լուծել առկա խնդիրը, իսկ մյուսըՙ բարդացնել: Ասանաների հետեւողական կիրառումը բարելավում է սիրտ-անոթային, նյութափոխանակության, մարսողական, շնչառական, բոլոր գեղձերի եւ արտազատման համակարգերի աշխատանքը, շտկում մարմնի կեցվածքը, ակտիվանում են հիշողությունը, կենտրոնացումը, կամքի ուժը եւ այլն:
– Ի՞նչ եք կարծում, հայ մարդը, գալով ձեր դասերին, ավելի շատ ձգտում է հասնել հոգեւո՞ր, թե՞ ֆիզիկական կատարելագործման:
– Մեծավ մասամբ հայը գալիս է ֆիզիկական մարմնի խնդիրների լուծման նպատակով, սակայն հետագայում փորձում է կարգավորել նաեւ հատկապես մեր ժամանակներին բնորոշ այնպիսի բարդ զգացմունքային կամ մտավոր խնդիրներ, ինչպիսիք են սթրեսը, ուղեղի գերլարվածությունը, տագնապի կամ վախի զգացողությունը, անվստահությունը եւ այլն:
– Ասում են Հայաստանում տղամարդկանց համեմատ յոգայով առավելապես հետաքրքրված են կանայք: Դուք հատուկ պարապմունքներ եք անցկացնում նաեւ հղի կանանց հետ: Դժվար է պատկերացնել դա այն իմաստով, որ մայրության պատրաստվող հայ կինը ամենազգայուն ու քնքուշ էակն է:
– Ի դեպ, ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում են կանայք ավելի շատ հետեւում յոգային: Թեեւ, տարօրինակ չթվա, Հնդկաստանում մի շարք ավանդույթների բերումով կանանց մուտքը այդ ասպարեզ խստիվ արգելվում է: Հայաստանում տղամարդիկ շուտ բռնկվող են, տաքարյուն, այդ պատճառով էլ նրանց շրջանում խիստ տարածված են սիրտ-անոթային հիվանդությունները, առկա է նաեւ մարմնի ավելորդ քաշի, ծխելուկամ ալկոհոլ օգտագործելու խնդիրը: Ինչ վերաբերում է հայ կնոջը, նա իսկապես շատ զգայուն է առողջության ու հոգու փոփոխությունների նկատմամբ:
Հղի կանանց հետ աշխատելը մեզ համար ամենահաճելի, ամենաբարդ եւ պատասխանատու պարտականությունն է: Կինն իսկապես գերզգայուն է դառնում հղիության ընթացքում, եւ դա բարդություններ է ստեղծում յոգայի դասերի ժամանակ: Սակայն ճիշտ մոտեցումը հղիության ընթացքը դարձնում է հաճելի, թեթեւ, գիտակցված ու առողջաբեր: Բացի այդ, թյուր կարծիք կա մեր հասարակության մեջ, որ հղի կինն ավելի պասիվ պետք է իրեն պահի ֆիզիկապես, որ, իբր, չվնասի իրեն ու բալիկին: Եվ ահա, յոգասանաների նպատակն է հնարավորինս շտկել հղի կնոջ կեցվածքը, նախապատրաստել նրա կոնքը, ազդրերը, ուսերն ու թեւերը սպասվող իրադարձությանը: Շնչառական վարժանքների նպատակն է թթվածնով հարուստ արյուն մատակարարել ինչպես մորը, այնպես էլ բալիկին, ինչպես նաեւ ուժեղ կծկանքների ժամանակ դիմանալ ցավին: Մտավարժությունների եւ վիզուալացման նպատակն է է՛լ ավելի ուժեղացնել մոր եւ պտղի կապը, զորացնել նրանց միջեւ առկա զգայական դաշտը: Յոգայով զբաղվող կինն ավելի է մոտենում իր բնությանն ու էությանը ու դրանք շռայլորեն մարմնավորում է կյանքում:
– Հնդկական այս ուսմունքը ի վիճակի՞ է բարիք բերելու սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում հայտնված մեր ժողովրդին:
– Ես խոնարհվում եմ հնդիկ ժողովրդի իմաստության, խոհեմության, համեստության ու բարության առջեւ: Ուսուցիչսՙ Կաշմիր պանդիթ (գերուսուցիչ)Ամիտ Ռայնան հնարավորինս մեզ է փոխանցել յոգա գիտելիքը, եւ ես ու իմ գործընկերները փորձում ենք այն կիրառել ու արմատավորել Հայաստանում: Համոզված եմ, որ բազմախորհուրդ այս ուսմունքն իր հայ հետեւորդներին պարգեւում է ու կպարգեւի առողջություն, վստահություն, լավատեսություն:
Հարցազրույցը վարեցՙ