Երկու նորություն ունեմ, մեկըՙ վատ, մյուսըՙ լավ: Լավն այն է, որ վերջապես պարզվել է, թե ինչ պետք է անել, որպեսզի Հայաստանում լավ ապրես, ընդ որումՙ անձամբ նախագահն է պարզել. շուրջ տասը տարի էր պետքՙ դա պարզելու համար: Մինչեւ հիմա նախագահ Սարգսյանն իր թիմով առավոտից երեկո աշխատում էր, որպեսզի պարզի, թե լավ, եղբայր, ի՞նչ անել, որ Հայաստանում բոլորը լավ ապրեն: Եւ միանգամից վատ նորություն. պարզվել է, որ Հայաստանում լավ ապրելու համար պետք է առավոտից երեկո աշխատել: Նախագահը հենց այդպես էլ ասել էՙ «Նա, ով պատրաստ չէ առավոտիցՙ երեկո աշխատանքի, միշտ վատ է ապրելու» : Ճիշտ է, նախագահը չի հստակեցրել, թե առավոտը մոտավորապես ե՞րբ է սկսվում, ժամը ստույգ քանիսի՞ց, ասենքՙ կարելի՞ է առավոտյան տասից սկսել աշխատել ու լավ ապրել, թե՞ լավ ապրելու համար անպայման պետք է 9-ից սկսել աշխատանքը: Հստակ չէ նաեւ, թե ե՞րբ է սկսվում երեկոն, ասենք 18:00-ի՞ն, թե՞ 21:00-ին, օրինակ Հանրայինի եթերում «Լավ երեկոն» սկսվում է 21:30-ին, ինչից ենթադրում եմ, որ «մինչեւ երեկո» ասելով նախագահը նկատի է ունեցել հենց մինչեւ ժամը 21:30-ը:
Ամեն դեպքում արժե Սահմանադրության մեջ մտցնել առանձին դրույթներՙ Հայաստանի Հանրապետությունում առավոտը սկսվում է այսինչ ժամից, երեկոն էլՙ այսինչ ժամից, որպեսզի հստակ լինի, որպեսզի մարդիկ սահմանեն աշխատանքային հստակ գրաֆիկ, սկսեն աշխատել այդ ժամերին, հարկերը պարտաճանաչ վճարեն, ինչի արդյունքում ՀՆԱ-ն աճի, մի խոսքովՙ պետությունը հարուստ լինի, մարդիկՙ երջանիկ, կարտոֆիլ ուտողները նաեւ միս ուտեն, միս ուտողներըՙ նաեւ կարագ:
Ի դեպ, պետության մասին: Դուք, օրինակ, գիտեի՞ք, որ մինչեւ հիմա մենք պետություն չունեինք, դե ունեինք իհարկե (մեկի փոխարենըՙ երկուսը), բայց կիսակառույց էր, այ երբ նախագահը Դիլիջանում համայնքների զարգացմանը նվիրված խորհրդաժողովում խոսեց, սկսեցինք նոր-նոր պետություն կառուցել: Հենց այդպես էլ ասում ենՙ նախագահի թիմից, առանց ավելորդ հուզմունքի, սրտխփոցների, ցավի, ասում ենՙ «քանի որ, ինչպես նախագահն է ասել, մենք պետություն ենք կառուցում (ուրեմն առաջ չէինք կառուցել), դրա համար պետք է առավոտից երեկո աշխատել, ինչպես նախագահն է ասել…» : Հետո մի երրորդ անգամ էլ, որպես եզրափակումՙ «այդպես նախագահն է ասել» : Մինչեւ այդ, օրինակ, չգիտեինք, որ առավոտից երեկո պետք է աշխատել, չգիտեինք, որ համայնքներն ամրապնդելու ճանապարհը իրենց համայնքներին տեր կանգնելու զգացումի առաջացումն է մարդկանց մեջ, այ հենց որ նախագահն ասաց, իմացանք: Չգիտեինք նաեւ, որ կան համայնքներ, որոնց ղեկավարներն իրենց արտոնյալի տեղ դրած ու ձեռքերը գրպաններումՙ հանգիստ ֆռֆռում ենՙ հայրենի բնության անբացատրելի գեղեցկությամբ հմայված ու սարերից բխող մաքուր օդը չնշելով, իսկ զուգահեռաբար որեւէ բան չէին անում, որ իրենց համայնքներում մարդիկ աշխատեին: Դե, պայմաններ չէին ստեղծում: Նախագահից շուրջ տասը տարի պահանջվեց, որպեսզի այս համայնքապետերի մասին իմանա ու զգա, որ հենց նրանց պատճառով է, որ համայնքները չեն զարգանում, շնչում, մի խոսքովՙ ապրում:
Ուրեմն սրանից հետո ամեն ինչ փոխվում է: Նախ, ինչպես նախագահն է ասելՙ արտոնյալ համայնքապետեր չեն լինելու ու որեւէ մեկին սեփական տանիքը չի փրկելու, անկախ նրանցից այդ տանիքը կարմի՞ր է, ինչպես Գորիսում, թե՞ բարձրՙ ինչպես ԱԺ-ում կամ Բաղրամյան 26-ում: Ավելին, սրանից հետո համայնքների բոլոր ղեկավարները հերթով հրավիրելու են իրենց համայնքներում ապրող բոլոր քաղաքացիներինՙ անկախ սեռից ու տարիքից եւ նրանց առանձին-առանձին հայտնելու են, որ հենց ինքն է համայնքի իրական տերը, չեն հանգստանալու, մինչեւ տվյալ քաղաքացին իսկապես հավատա, որ համայնքի տերն ինքն է: Այսպիսովՙ կարճ ժամանակ անց, մանավանդ հաշվի առնելով համայնքների խոշորացումը, մենք ունենալու ենք ավելի շատ համայնքի տեր, քան համայնք, ընդ որում, եթե օրինակ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Թորգոմին հարեւան Մելանը, որի ամուսինն արդեն մի տասը տարի է խոպանից տուն չի գալիս, չփփացնելով ասի, թե քեզ ո՞վ է ասել, որ դու գյուղի տերն ես, իսկ Թորգոմը բեղերը ոլորելով ասելու էՙ գյուղապետը, գյուղապետին էլՙ նախագահը…
Քիչ տեր ունեինք, նորերն են ավելանում, լավ է, որ բոլորս ենք տեր դառնալու, վատ է, որ իրականում այդպես չէ, եւ սարսափելի է, որ մենք չգիտենք, թե տերն ինչ է, մոռացել ենք, առաջ գիտեինք, հետո հայտնվեցին ուրիշ տերեր ու փոխեցին տիրոջ մասին մեր պատկերացումները: Իրականում տերը առավոտիցՙ երեկո աշխատողն է, կապ չունի կարտոֆիլի դաշտո՞ւմ, մսի խանութո՞ւմ, նորզելանդական կարագի ներմուծման կետո՞ւմ, ՏՄՊՊՀ-ո՞ւմ, թե՞ ԱԺ-ի ՀՀԿ խմբակցությունում կամ էլ անգամ Բաղրամյան 26-ում:
Տերը ղեկավարը չէ, սա նախագահը չի ասել, Սահմանադրության մեջ է գրված: Ի դեպ այնտեղ գրվածներով են պետություն կառուցում, նախագահն էլ, կարծում եմ, դրան դեմ չէ: