Ֆրանսայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում ֆրանսիական Սենատում ընդունված միաձայնությամբ բանաձեւը, որը խիստ դատապարտում է ադրբեջանական ագրեսիան։ Դեմ է քվեարկել միայն ադրբեջանամետ և Ալիևների կլանի մտերիմ Նատալի Գուլեն, որի կոռումպացված լինելն արդեն ակնհայտ է բոլորի համար: Այս բանաձևը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության և իրավունքների հարցի շուրջ կա Ֆրանսիական քաղաքական կոնսենսուս, մասնավորապես՝ օրենսդրական մակարդակում։ Եվ մենք առաջիկա օրերին սպասում ենք համանման բանաձևի ընդունմանը Ֆրանսիայի Ազգային ժողովում։ Այս բանաձեւը Ֆրանսիայի կառավարության վրա առավել բարձր ճնշում եւ պարտավորություն կլինի, որպեսզի իր եվրոպացի գործընկերների հետ ի վերջո պատժամիջոցներ ձեռնարկի ադրբեջանական ագրեսորի դեմ։ Այս հարցում Ֆրանսիայի հայ համայնքը, Հայ Դատի հանձնախումբը և ֆրանսիացի պատգամավորները միայնակ կլինեն, եթե Հայաստանի իշխանությունները ու հայաստանյան դիվանագիտությունը չգործեն նույն ուղղությամբ»:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ Ֆրանսիայի Սենատը վերահաստատում է 2020 թվականի իր պահանջը Ֆրանսիայի կառավարությունից՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Հայ Դատի հանձնախումբն էլ ողջունում է Սենատի՝ Արցախում ֆրանսիական մարդասիրական կենտրոն հիմնելու պահանջը:
«Մենք, անշուշտ, սատարում ենք առաջարկի իրագործմանը ու հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու Ֆրանսիացի գործիչների հետ՝ ի շահ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի անվտանգության, Արցախի անկախության»,-ասված է հայտարարության մեջ: