Ռուս հետազոտող, պատմաբան Օլեգ Կուզնեցովն աշխատում է հայկական տեռորիզմի մասին իր նոր վավերագրական ֆիլմն ավարտին հասցնել հունվար- փետրվարին, ծանուցում է «Ազերթաջը» հունվարի 9- ին տարածած իր գերմաներեն, անգլերեն լրահոսում: Ադրբեջանական պետական լրատվական գործակալության վերոնշյալ լեզուներով տեղեկատվության մեջ ծանուցվում է, թե կովկասագետ պրոֆեսորը գրել է սցենարը, որոշ տեսարանների նկարահանումներն արդեն ավարտել է, եւ ինչպես իրենց հետ հարցազրույցում է հիշատակել, իր ձեռքի տակ մեծաթիվ փաստացի նյութ կա, որ վկայում է, թե Հայաստանը Ռուսաստանում ահաբեկչական գաղափարախոսության պաշտպան է, եւ պատմության խոր իմացությունը ցույց է տալիս, թե հայ ահաբեկիչները Ռուսաստանում մի շարք գործողություններ են կատարել, հայկական ծայրահեղականությունը վտանգում է նաեւ ռուսական պետականությունը: Կովկասագետ Կուզնեցովը շեշտում է, թե հայկական ահաբեկչությունն ավելի մեծ սպառնալիք է, քան աշխարհում գոյություն ունեցող նմանատիպ այլ խմբավորումներՙ անշուշտ չմոռանալով նաեւ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի իրականացրած գործողություններըՙ ագրեսիվ անջատականություն, ծայրահեղականություն (aggressive separatism, extremism):
«Ազերթաջն» իրազեկում է, թե հայկական տեռորիզմի պատմության մասին Կուզնեցովի գրքերը հրատարակվել են Բաքվում 2015- ին եւ Մոսկվայում 2016- ին: Նույն տարիներին գրքերի անգլերեն տարբերակները լույս են տեսել Ստոկհոլմում եւ Բեռլինում:
Սույն հեղինակի կայքէջը հաստատում էՙ հիշյալ հրատարակություններն իսկապես գոյություն ունեն: Հպանցիկ հայացքն էլ բավարար է համոզվելու, թե հաստափոր մենագրությունների հեղինակն ակնհայտ կողմնապահ է: Այս պարագայում հասկանալի չէ, թե «Ազերթաջ»-ը Կուզնեցովի հետ հարցազրույցի ռուսերեն տարբերակում ինչո՞ւ չի հիշատակում հայկական ահաբեկչության թեման: Ավելինՙ թեմայից բոլորովին խույս է տալիսՙ Նախիջեւանի մասին հիացական նրա ակնարկը ներկայացնելով: Ռուսալեզու ընթերցողների՞ց է վախենում…