Միջազգային երգիծանկարիչների կոմիտեի կողմից «Երգիծանկարչության նահապետ» տիտղոսին արժանացած տաղանդավոր երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի (1898-1977) ստեղծագործությունների ցուցահանդեսն է բացվել Կահիրեում «Անցյալի կանխատեսումների արձագանքները» ընդհանուր խորագրի ներքո, տեղեկացնում է «Egypt Today» (Եգիպտոսն այսօր) հանդեսը: Վերջին շրջանում սա թվով երկրորդ ցուցահանդեսն է, որը տեւելու է մինչեւ փետրվարի 19-ը: Ներկայացվել են 35 բնագիր գծանկարներ, որոնք պատկերում են Եգիպտոսի ներքին եւ արտաքին քաղաքականության մոտ 50-ամյա վաղեմության իրադարձությունները. դրանք այսօր էլ այժմեական են: Նախորդ ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվել էին 1930-1970 թվականների նրա աշխատանքները, կրում էր «Քաղաքական կատակերգություն» խորագիրը:
Սարուխանը ծնվել է Կովկասի վարչական շրջաններից հանդիսացող Արտանուշ ավանում, բայց փոքր տարիքից ընտանիքի հետ տեղափոխվել է նախ Բաթում եւ ապա (1909-ին) Պոլիս, որտեղ ուսում է առել Վիեննայի Մխիթարյան միաբանության վարժարանում: 1924-ին, Բրուսելում եւ Վիեննայում որոշ ժամանակ անցկացնելուց հետո, վերջնականապես հաստատվում է Կահիրեում (Եգիպտոս), որտեղ հիմքն է դրել երգիծանկարչությանը արաբական մամուլում: Վախճանվել է 1977-ի հունվարի 1-ին:
Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, նրա ստեղծագործությունների մի այլ ցուցահանդես էլ ներկայիս գործում է Լիվերպուլի (Մ. Բրիտանիա) «Թեյթ մոդեռն» թանգարանում: