Այն պահին, երբ Թեհրանում Իրանի ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ էին տեղի ունենում, բռնազավթված Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հակաիրանական ու հակառուսական հայտարարություններով էր հանդես գալիս՝ Իրանին քննադատելով իր սահմանների երկայնքով անցկացրած հայանպաստ զորավարժությունների համար, իսկ Ռուսաստանին հիշեցնում Արցախում ռուս խաղաղապահ ուժերի ավարտին մոտեցող ժամկետների մասին:
Իրանի ու Ռուսաստանի միջեւ անվտանգության ոլորտում նոր որակի հարաբերությունների հաստատման պայմաններում կանխատեսելի էր ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի այցը Թեհրան, որը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին՝ ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հատուկ ներկայացուցիչ, նույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հրավերով:
Այցի առիթով պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Ռուսաստանի անվտանգության խորհուրդը, նշելով, որ Նիկոլայ Պատրուշեւը անվտանգության խնդիրներին վերաբերող փաթեթում ներառված հարցերի շուրջ խորհրդակցություններ է անցկացրել իրանցի իր գործընկերոջ հետ: Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ Պատրուշեւն ու Շամխանին մտքեր են փոխանակել երկու երկրների ներքին գործերին միջամտելու Արեւմուտքի փորձերին ընդդիմանալու եղանակների շուրջ:
Իսկ իրանական մամուլի տարածած հաղորդագրությունների համաձայն, տնտեսական մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ Թեհրան ժամանած ռուսաստանցի բարձրաստիճան հյուրը Թեհրան է այցելել անվտանգության խնդիրների շուրջ շարունակական բնույթ կրող քննարկումներ անցկացնելու նպատակով:
Իրանական մամուլը գրում է, որ Պատրուշեւն իր պաշտոնակցից բացի, հանդիպումներ է ունեցել նաեւ Իրանի քաղաքական ու տնտեսական ոլորտը համակարգող բարձր ղեկավարության հետ: Սակայն մամուլը չի նշում, որ տնտեսական ոլորտը ներկայացնող ռուս եւ իրանցի գործընկերների միջեւ ինչպիսի քննարկումներ են տեղի ունեցել: Պաշտոնական հաղորդագրություններում միայն նշված է, որ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, Շամխանին անդրադարձել է տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում տիրող կացությանը: Ըստ իրանական մամուլի, նա ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու ելքը համարել է երկխոսությունն ու միջազգային ու տարածաշրջանային համագործակցությունը: Շամխանին, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, խոսել է նաեւ Իրանի ժողովրդի դեմ «ԱՄՆ սանձազերծած հիբրիդային պատերազմի ու ԱՄՆ պատժամիջոցների դաժան հետեւանքների» մասին ու հավելել, որ առեւտրատնտեսական ոլորտում երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունը, հատկապես հարեւան երկրների հետ, հանդիսանում է Իրանի ռազմավարական առաջնահերթությունը: Շամխանին նաեւ անհրաժեշտ է համարել ակտիվացնել երկու երկրների միջեւ համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առեւտրի, բանկային համակարգի եւ բնապահպանության բնագավառներում, հավելելով, որ նշված ոլորտներում առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրություններում, կարեւորել է նաեւ տարածաշրջանային բազմակողմ համագործակցությունը՝ հատկապես Շանհայի Համագործակցության Կազմակերպությունում եւ դրա անդամ պետոթյունների միջեւ փոխադարձ կապի զարգացումը:
Ալի Շամխանին անդրադարձել է նաեւ տարածաշրջանին ու աշխարհին սպառնացող ահաբեկչության ու ծայրահեղականության դրսեւորւոմներին եւ կարեւորել այդ երեւույթի դեմ տարածաշրջանային ու միջազգային պայքարի ակտիվացումը:
Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, Շամխանին նշել է, որ Իրանը ողջունում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսության միջոցով զինադադարի ու խաղաղության հաստատման նպատակով ցանկացած նախաձեռնություն, եւ իր հերթին պատրաստ է ստանձնել խաղաղարար դերակատարություն:
Ինչպես նկատելի է, իրանական մամուլի ուշադրության կենտրոնում առավելապես տեղ են զբաղեցնում երկու երկրների անվտանգության ոլորտը համակարգող ներկայացուցիչների՝ Շամխանիի ու Պատրուշեւի միջեւ ծավալված դիվանագիտական բնույթի արտահայտությունները, սակայն Վաշինգտոնում տեղակայված «Ռազմական գործողությունների հետազոտության» ինստիտուտն իր վերջին զեկույցներից մեկը հատկացրել է Պատրուշեւի Թեհրան այցելությանը, եւ այցը կապակցել Ուկրաինայում ընթացող զարգացումների հետ, նշելով, որ Ռուսաստանի զինված ուժերի թուլացման պատճառով, Մոսկվան շարունակում է զենք հայթայթելու նպատակով իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու ելքեր որոնել: Նույն զեկույցի համաձայն, Իրանն ամենայն հավանականությամբ, բարձրաստիճան ռուս պաշտոնյաների այցը կօգտագործի քարոզչական նպատակներով, իր տարաշծաշրջանային մրցակիցներին՝ Իսրայելին ու Սաուդյան Արաբիային ուղերձ հղելով, որ Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթի են:
Նշենք, որ Պատրուշեւը վերջին անգամ Իրան էր այցելել 2019 թվականի դեկտեմբերին, սակայն դրանից հետո նա իրանցի իր գործընկերների հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրներում:
Նաեւ հավելենք, որ Նիկոլայ Պատրուշեւը Իրանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացման ջատագովներից է, ինչպես նաեւ՝ Ուկրաինայի դեմ հայտարարված պատերազմի կողմնակիցը:
Պատրուշեւի այցը Թեհրան համընկնում է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին վերջին շրջանում տարածվող լուրերի հետ: Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի այցի նախօրեին բրիտանական «Sky News» հեռուստատեսային ալիքը հանդես է եկել աղմկահարույց հաղորդագրությամբ այն մասին, որ Ռուսաստանն Իրանից ԱԹՍ-ներ ձեռք բերելու դիմաց, Իրանին է վճարել 140 միլիոն եվրո, ինչպես նաեւ՝ Ուկրաինային մատակարարված, սակայն Ռուսաստանի կողմից առգրավված ամերիկյան ու բրիտանական ժամանակակից զենքեր: Սակայն «Նուր-Նյուզ» ինտերնետային կայքը, որն արտահայտում է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի տեսակետները, հերքել է այդ լուրը, եւ այն որակել է որպես ուկրաինական պատերազմի մեջ Իրանին ներքաշելու փորձ:
Պատրուշեւի Թեհրան այցելության նախօրեին Իրանն առաջին անգամ հաստատեց Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին լուրը, հավելելով, որ առաքումը կատարվել է սահմանափակ քանակությամբ եւ Ուկրաինայի դեմ պատերազմից առաջ:
Վերը նշված պաշտոնական եւ կիսապաշտոնական հաղորդագրություններին կարելի է հավելել նաեւ այն տեղեկատվությունը, որ այն պահին, երբ Թեհրանում Իրանի ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ էին տեղի ունենում, բռնազավթված Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հակաիրանական ու հակառուսական հայտարարություններով էր հանդես գալիս՝ Իրանին քննադատելով իր սահմանների երկայնքով անցկացրած հայանպաստ զորավարժությունների համար, իսկ Ռուսաստանին հիշեցնում Արցախում ռուս խաղաղապահ ուժերի ավարտին մոտեցող ժամկետների մասին:
Կարծում ենք, Ալիեւի հնչեցրած արտահայտությունները նույնպես իրանցի ու ռուս գործընկերների քննարկման նյութ կարող էին դառնալ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ