«Փետրվարի կեսերին, ձմեռային ցուրտ մի օր, երբ ուժեղ քամին մինչեւ մարդու ոսկորներն էր թափանցում, իմ ուղեկից պրոֆ. Թեսա Հոֆմանի հետ, երկուսս էլ պատսպարված տաք վերարկուներով, մտանք Luisenkirchhof III գերեզմանատունը: Մտքումս անընդհատ պտտվում էին կանանց ու երեխաների տառապալից պատկերները, որոնք իրենց բնօրրանից տեղահանված, հարյուր տարի առաջ ստիպված էին բռնագաղթել դեպի անխուսափելի մահՙ սառը եղանակային պայմաններում», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթի մարտի 3-ի համարում Մուրիել Միրաք-Վայսբախը: Նրա հոդվածից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:
Բեռլինի գերեզմանատունը մուտք գործելը նպատակ է հետապնդել այցելել աշխարհում եզակիՙ էկյումենիկ նորակառույց հուշահամալիրը, որտեղ իրարից քիչ հեռավորության վրա լուռ ու արժանապատիվ կերտվածքով վեր են խոյանում երեք մատուռներ: Առաջինը իր շնորհազարդ խաչքարով նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին, երկրորդըՙ հավասարաթեւ խաչովՙ նվիրված հույներին, եւ երրորդըՙ նվիրված ասորիներին եւ արամեացիներին: առաջին եւ երկրորդ մատուռների միջեւ տեղադրված մեծ հուշաքարի վրա գրված է. «Հիշեք 1912-1922 թվերի Օսմանյան ցեղասպանության զոհերին»: Իսկ յուրաքանչյուր մատուռի կողային թեւերին բնաջնջման տեսարաններն են: Հուշահամալիրի առջեւում նախատեսված է տեղադրել 68 քարե սալիկներՙ Ցեղասպանության հիմնական վայրերի անուններով: Դրանցից 7-ը արդեն տեղադրված են եւ կրում են Բիթլիս, Դիարբեքիր, Էդիրնե, Զմյուռնիա, Նիսիբին (նախկին Մծբինի մոտ), Տրապիզոն եւ Վան տեղանունները, այնտեղ ապրող համայնքների լեզուներովՙ հայերեն, հունարեն եւ/ կամ արամեերեն:
«Պրոֆ. Թեսա Հոֆմանը հպարտանալու իրավունք ունի», գրում է Միրաք Վայսբախը: Եզակի հուշահամալիրը գլխավորապես իր եւ FՃGG-ում (FՓrderverein fu..r eine Okumenischen Gedenstatte fu..r Genozidopfer im Osmanischen Reich c. V) իր գործընկերների տքնաջան ջանքերի շնորհիվ է, որ իրականություն է դարձել: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է եւ մարդու իրավունքների «ճանաչման համար պայքարող աշխատանքային խմբի» նախագահը (AGA), որն ընդդեմ ցեղասպանությունների եւ հանուն միջազգային հասկացողության է գործում: Հնարավոր տարբեր վայրեր զննելուց եւ համապատասխան իշխանությունների հետ հարցը քննարկելուց հետո, 2012-ի մայիսի Luisenkirchhof III-ի բողոքական եկեղեցու վարչությունը այս վայրն է տրամադրել, որտեղ երեք նախկին դամբարաններ են եղել: Բեռլինի վարչական շրջանի եւ պատմական հուշարձանների պաշտպանության գերմանական հիմնադրամի (Deutsche Stiftung Denkmalschutz) նյութական աջակցության շնորհիվ ամբողջովին եւ բարձր մակարդակով վերանորոգվել են դամբարանները եւ ներկայիս տեսքն ընդունել: Իհարկե, եղել են բողոքներ թուրքական համապատասխան մարմինների կողմից, բայց ուշ է եղել որեւէ բան փոխել: «FՃGG-ի» աշխատակիցները շատ զգույշ են գործելՙ մինչեւ ավարտին են հասցրել կառույցը: «FՃGG-ը» մտահղացել է կառուցել նման հուշահամալիր Բեռլնինի Տեխնիկական Համալսարանում 2002-ին կայացած Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի ընթացքում: Հիմնվել է «Խոսենք մեկ ձայնով» աշխատանքային կոմիտե, որն էլ 2008-ին որոշել է սգո էկյումենիկ մի կենտրոն կառուցել Գերմանիայի մայրաքաղաքում: 2011-ին կոմիտեի աշխատանքներին միացել են նաեւ հայ, հույն եւ արամեան (սիրիացի ուղղափառներ) համայնքների ներկայացուցիչներ եւ ստեղծվել է FOGG-ը, որը որպես բարեգործական ասոցիացիա պաշտոնապես ճանաչվել է կառավարության կողմից 2012-ին:
Այսուհետ, ինչպես Հոֆմանն է նշել, հայերը ապրիլի 24-ին, սիրիացիները հունիսի 15-ին, իսկ հույներն էլ սեպտեմբերի 14-ին կկարողանան այդ վայրում հարգել իրենց զոհված հայրենակիցների հիշատակը: