Ամենաամեհի ցուլին, որին անգամ մոտենալ հնարավոր չէ, ամորձատելով դարձնում են «խոնարհ եզ»
(ժողովրդական)
Մեր օրերի շուռ եկած աշխարհում տեղի ունեցող թոհուբոհը կամքիցս անկախ նմանեցնում եմ մի իրողության, որտեղ աշխարհի հզորները կարծես ուղղակի ֆուտբոլ են խաղում, իսկ գնդակի դերում հայտնվում են մեկ այս մեկ այն փոքր ու թույլ երկրները: Շատ եմ ցավում, բայց առնվազն 1878 թվականից սկսած, գնդակի դերում պարբերաբար հայտնվում են Հայաստանն ու հայ ժողովուրդը: Եվ եթե մանր-մունր դադարները չհաշվենք, ապա այդ խաղն ընթացել է հիմնականում մեր դարպասի վրա: Ավելին, 1915-ին, 1920-ին ու 2020-ին մեր կողմից առանց որեւէ լուրջ խախտումների մեր դեմ նշանակվել են ապօրինի տասնմեկմետրանոց հարվածներ: Այսօր էլ է այդ խաղը շարունակվում ու թե դեռ որքան այդպիսի հանիրավի տուգանայիններ կնշանակվեն մեր տառապյալ ու գրեթե անպաշտպան դարպասին, հայտնի չէ: Խաղի տեւողությունը, համատարած անարդարություններն ու կողմնակալ վերաբերմունքն անվերջանալի են: Սակայն ամենացավալին այն է, որ մենք ո՛չ խելացի կամ գոնե գործից տեղյակ մարզիչ ունենք, ո՛չ անգամ հագուստ ու ամենահասարակ մարզագույք: «Դե եկ վարդապետ ու մի խենթանա…»:
Լավ, ե՞րբ ենք վերջապես խելքի գալու, ե՞րբ ենք գնդակից խաղացող դառնալու: Ե՞րբ ենք բամբասելու ու վատաբանելու փոխարեն նոր Արտաշեսներ ծնելու: Անհատ-գործիչ, որը թեեւ Երվանդունիների արքայատոհմից չէր սերում, սակայն դեռեւս 2200 տարի առաջ գիտակցելով պետականության անհրաժեշտությունն ու շարունակականության գաղափարի կարեւորությունը, ամեն ինչ արեց երվանդական ներկայանալու համար: Իսկ մեր օրերում քիչ թե շատ դերակատարություն ունեցող հայ ղեկավարներից ոմանք, առանց հասկանալու այդ շարունակականության ու օրգանական կապի կարեւորությունը, ամեն ինչ, այդ թվում եւ պետության վարելիք քաղաքական կուրսը սկսում են «զրո կամ որ նույնն է՝ իրենց կետից»: Տպավորություն է, թե իրենց թվում է, որ ողջ աշխարհը պետք է սկսվի ու պտտվի իրենց ու իրենց աթոռի առանցքի շուրջ: Իսկ պարզ տրամաբանությունն ու ընթացիկ ցավալի իրադարձությունները եկան ապացուցելու, որ այդ եսակենտրոն մտածողությունն ու գործելակերպը սնանկ է ու կորստաբեր:
Ստիպված եմ կրկնել. որեւէ երկիր ղեկավարելուն հավակնող անձ պետք է քաջատեղյակ լինի իր ժողովրդի պատմության ծալքերին, հստակ պատկերացում ունենա նախկինում թույլ տրված սխալների ու ձեռքբերումների պատճառների եւ դրանցով պայմանավորված՝ հնարավոր հետեւանքների մասին: Այլապես սոսկ սեփական նկրտումներից ելնելով, օրվա տրամադրությունից կախված եւ պարբերաբար ստելով, հնարավոր չէ ճիշտ քայլեր կատարել: Գուցե եղել են ժամանակներ, ինչպես հիմա, երբ կառավարել են նաեւ «նազարաբախտ», ասել է թե ժողովրդին «թուրկեծակիական» խոստումներով կերակրող եւ մոլորեցնող բախտախնդիրներ, որոնց շուրթերից բստրած ամեն մի հերթական սուտը ժողովուրդն ընկալել է որպես միակ հնարավոր ճիշտ ելքը, ընտրությունը կամ հնարավորությունը: Իհարկե, որպես կանոն, այդպիսիք երբեմն ստի «ապուրի» մեջ մի պտղունց ճշմարտություն են խառնում, որպեսզի նրան «համ ու հոտ» տան, եւ նրանք, ովքեր զուրկ են ողջախոհությունից՝ խփշտելով ուտեն այն… Օր-օրի, տարի առ տարի այսպես ստերով կերակրվելով, ժողովուրդն էլ հարմարվում ու վարժվում է այդ մեծաբերան ստախոսի ասածներին, քանի որ նա այլեւս ունակ էլ չի լինում որեւէ ճշմարիտ խոսք լսելու եւ ընկալելու, առավել եւս՝ ընդունելու…
Տարիների ընթացքում նաեւ ժողովուրդը հարմարվել եւ ինքնակամորեն իրեն թույլ է տվել բթանալու այնպես, որ առանց այդ ստաբերան թագավորների չի պատկերացրել իր հետագա գոյությունը, որը սովորաբար առավելապես վտանգված էր լինում, քանզի զգոն թշնամիները շարունակում էին քայլ առ քայլ «կրծելով» ավելի ու ավելի փոքրացնել ստախոսի երկիրը, սպանել ու գերեվարել նրա որդիներին, սպառնալ վերջնական ոչնչացնել այն: Իսկ այդ «նազարբախտ թագով» երկիրը ղեկավարողն այդպիսի դեպքերում կեղծ խաղաղասերի դիմակ հագած՝ իր ժողովրդին համոզել է, որ եթե ինքը թշնամու հետ «երկարատեւ» խաղաղության պայմանագիր ստորագրի ու երկրի մի մասն էլ թշնամուն տա, ապա մնացյալ ժողովուրդը կապրի խաղաղ, ապահով ու երջանիկ կյանքով:
Այսինքն, տուրք է տրվում նաեւ մի արատավոր երեւույթի՝ վախկոտությանը, որը Հայաստանում պետք է ոչ միայն բարոյական գնահատականի արժանանա, վախկոտները քարկոծվեն, ձեռ առնվեն, ստորացվեն, այլեւ վախկոտությունն արգելող օրենք պիտի լինի: Որպեսզի ով վախեցավ պատերազմից, թշնամու հետ հաշտվելու, խաղաղության քարոզ տարավ, պետք է անհապաղ ձերբակալվի եւ մեկուսացվի հասարակությունից: Ընդհանրապես ճիշտ կլինի, որ այսուհետ հայը պատերազմի հետ միայն ասոցացվի: Ամբողջ աշխարհում հայ ասելով՝ այսուհետ պետք է հասկանան անկոտրում ռազմիկ, չհանձնվող, պայքարող ու հաղթող: Հերիք եղավ, բոլ եղավ: Ով սարսափում է պատերազմից, թուրքից եւ, առհասարակ, թշնամիներից, թող ուղղակի հեռանա Հայաստանից, ինչ ցեղի ուզում է գնա անդամագրվի, միայն թե հայի անունը չարատավորի:
Միշտ էլ, թեեւ փոքրաթիվ, բայց խելացի մարդիկ գլխի են ընկել, որ այդպիսի դեպքերում Հայրենիքն են կորցնում եւ հավաքվել՝ խելք-խելքի են տվել ու հասկացել են, որ ստախոս մարդն ամենավախկոտ ու ամենավտանգավոր արարածն է եւ նրա համար իշխանությունը ձեռքում պահելը վեր է ամեն ինչից, ուստի՝ նա կարող է նույնիսկ դառնալ արյունոտ բռնակալ: Խելացիները հասկացել են նաեւ, որ ժողովուրդն է իր գլխին թագավոր կարգել այդտեսակին, իսկ նրա շուրջը, որպես կանոն, միշտ խավարի խորամանկ էակներն են վխտացել եւ նրա գիտակցությունը մշտապես պահել իրենց հսկողության տակ, որ կրկին կատարեն քաոսարար ու անելանելի իրավիճակներ ծնող քայլեր ու որոշումներ: Սակայն կեղծ խաղաղության դիմաց վճարվելիք գինը միշտ չափազանց թանկ է լինում եւ ժողովրդին փրկել է միայն հավաքական կամքն ու արդար ընդվզումի ոգին եւ դժոխածին նեռերի քանդիչ իշխանությունն ու նրանց անունների ամրագրումն անիծյալների ցուցակում…
Առանց չափազանցելու ասեմ, որ այսօր Հայաստանում կան ու գործում են մի քանի հասարակություններ: Դրանք պայմանականորեն կարելի է անվանել ֆեյսբուքյան, ինստագրամյան, տիկտոկյան եւ իրական:
Առաջին հայացքից բոլոր խելացի, ամենագետ, հատկապես՝ քաղաքագիտու-թյան բոլոր ծալքերին տիրապետողները հավաքվել են ֆեյսբուքյան տարածքում եւ ինչ ուզում, ինչպես ուզում գրում ու մեկնաբանում են ամեն ինչ: Ամենազարմանալին ու ցավոտն այն է, որ այստեղ բոլորն անսխալական են: Իսկ եթե պատահի, որ նրանց որեւէ կանխատեսում չիրականանա, անմիջապես պատճառներն ու մեղավորներն ի ցույց կդրվեն՝ անկախ նրանից, թե դա որեւէ իրական կապ ունենա կամ՝ ոչ այդ ամենի հետ: Եթե որեւէ հրատապ խնդիր էլ առաջանա, անմիջապես կենդանի լայվ կմտնեն ու աշխարհի բոլոր մուգ գույներով կներկեն իրենց ընդդիմախոսներին:
Ինստագրամյան տարածքն ամենապուպուշն ու գունառատն է: Այստեղ հայ հասարակության ազնվազարմ էլիտան է՝ իր բոլոր գունաերանգներով ու հագուստա- վարսավիրանոցային մտահոգություններով: Սրան բնորոշ է նաեւ այն, որ լուսանկարների ու հատկապես սելֆիների դեպքում պարտադիր օգտագործված են բոլոր հնարավոր ու անհնարին ֆոտոֆիլտրերը: Այս հարթակը դիտելիս աշխարհն իսկապես ալպիակամանուշակյան ճոճք է թվում…
Ինչ վերաբերում է Տիկտոկյան հասարակությանը, ապա զավեշտադրամային միջավայրն է իշխում այստեղ: Միայն թե, երբեմն նկարված այդ կարճ հատվածները վանում են, երբ հասկանում ես, թե որքան արհեստածին են ու վատ հնարված:
Իրական հասարակությունն էլ այս ամենի հանրագումարն է՝ իր բոլոր հնարավոր գույներով ու իրավիճակներով: Իսկ ողբերգականն այս ամենում այն է, որ մարդկային հասարակությունը հակված է ավելի շատ գտնվելու ու գոյատեւելու վիրտուալ տարածքում, քան՝ իրական: Իսկ թե դեպի ուր եւ որքան է այդ ձգտումը տեւելու, պարզ չի: Հստակ է միայն, որ աշխարհի հզորներին ձեռնտու է մարդկանց իրական կյանքից կտրելն ու վիրտուալ աշխարհում պահելը: Ասել է՝ դժվարություններից, հետեւապես նաեւ դրանց դեմ պայքարելուց մարդկանց հեռու տանելը: Մի բան, որը մի թեւավոր խոսք է հիշեցնում՝ որքան գեղեցիկ է կինը, այնքան ավելի արագ են թռչում ժամանակն ու փողերը…:
Այնինչ կուզենայի, որ այս դժվարին պահին շեշտը դրվեր միայն Հայ տեսակի հոգեւոր-մետապատմական գործոնի վրա: Մեր տեսակի, որի ամենագլխավոր բնորոշող գիծը ոգեղենությունն է, որում (բոլո՜ր ժամանակներում) միահյուսվել են գոյատեւելու կամքը, իմաստությունն ու սերը, արարչապաշտությունն ու կրակի պաշտամունքը եւ որն ամբողջագրվել-դրոշմվել է հայի գեներում: Սակայն հետագայում կյանքի դաժան հարվածների հետեւանքով հոգեղենին զուգահեռ նա հիմնովին թաղվեց մատերիական խավարի դեգրադացիոն շերտերում եւ հենց այս ներքին եւ արտաքին առճակատումների արդյունքում ձեւավորվեցին հայի պատմական-մետապատմական հարաբերակցային եզրաշերտերը, բանահյուսությունը, առասպելաբանությունն ու ի վերջո, ներցեղային՝ հոգեմղումային առաքելական ընթացքը: Իսկ կյանքում ունայն եւ անցողիկ նյութապաշտությունն ու իշխանատենչությունը դարձան ապրելակերպ: Այդպիսի պահերին ասպարեզ էին իջնում Ձենով Օհանները, որոնք իրենց ոգեշնչող կերպարով կանչում էին հայի հավաքական ոգու կրող Սասունցի Դավիթին դուրս բերել սեփական ժողովրդին այսաշխարհիկ մոլորությունների եւ խաբեբայությունների «փոսից», շտկվել եւ ոգեղեն ողջ ներուժով շարունակել ազգային առաքելական ուղին՝ ընդդեմ բռնացումի եւ բռնապետության, ընդդեմ չարի եւ նյութապաշտության: Հենց սա է զգուշացնող, արթնացնող եւ վերահաս վտանգին առդեմ աստվածային ներուժի (ուժ, իմաստություն, սեր) գործադրման այն խորհրդանշական կերպարը, որն ապրում է բոլորիս սրտերի գաղտնի օթեւանում եւ որին այսօր սպասում ենք ամեն օր ու ժամ:
Հայ ժողովուրդն այսօր դժվարին կացության մեջ է եւ շարունակում է մաքառել խավար ուժերի դեմ: Այդ պայքարն այժմ ընթանում է երկու ճակատով՝ ներքին եւ արտաքին: Ներքին՝ տեսակը ոգեկան ամլացումից եւ նյութապաշտությունից փրկելու, մաքրագործելու, եւ արտաքին՝ խավար ուժերի, ի դեմս՝ հայատյաց ցեղերի դեմ, որոնք, իհարկե, գործում են բազմադեմ էությունների դրդմամբ եւ ուղղորդմամբ: Հայի պահպանման խնդիրն, անշուշտ, հավաքական բարձր գիտակցականության հասնելու եւ այն գործադրելու մեջ է, ամենայն ներքին քայքայիչ պառակտումները վերացնելու եւ ոգեղեն-գիտակցական միավորման մեջ է: Հիրավի, մեր հակառակորդները վաղու՜ց գիտեն, որ հայ ժողովրդին հաղթել հնարավոր է միայն՝ ներքին պառակտումների եւ առճակատումների «վիրուսներով» վարակելով (Նժդեհի ականջը կանչի): Դարերի ու հազարամյակների ընթացքում, այսպես, խավար ուժերը ջլատելով ցեղի հավաքական ուժն ու ոգին, կարողացան հասնել որոշ հաջողությունների. կորցրինք պատմական տարածքներ եւ ունեցանք աղճատված ճակատագրեր: Իսկ ամենավատթարն այն է, որ Հայ ժողովուրդը դարեր ու դարեր, հազարամյականեր ու հազարամյակներ շարունակ անցնելով նույնանման փորձությունների միջով, վաստակեց անմիաբանության եւ պառակտումի հոգեկերտվածք: Այն, ինչը որ այսօր տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում, դրա վառ ապացույցն է. հայի հավաքական ոգին, ավա՜ղ, մոռացել է իր առաքելության մասին. հանապազօր՝ ոգեղեն-աստվածային «Հացը» փոխարինվել է նյութապաշտությամբ եւ ունայնապաշտությամբ, անցողիկ հրապուրանքներով: Քայքայիչ անմիաբանության եւ պառակտումի հոգեվիճակը՝ «Իմ ցեց իմ անձից է, էդ իմ սերմ էր, որ ինձի սպանեց», վիթխարի օձի նման հսկում է, կապանքում եւ ուժահատում, ուստի ժողովրդի հավաքական գիտակցությունն ապաքինման եւ վերազարթոնքի կարիք ունի: Պատահական չէ, որ մեր ազգային էպոսի երկնողները քաջատեղյակ լինելով Հայ տեսակի ուժեղ եւ թույլ կողմերին, որպես անհրաժեշտ զգուշացում այս ավանդապատումը պատգամել են գալիք բոլոր սերունդներին…
Սիրո պակասից եւ հատիկը որոմից զատելու մեր դժվարին ժամանակներում անցյալի խոտորյալ քաղաքակրթությունների նման, մարդիկ պաշտում են «ոսկե հորթին», փորձություններն ու դժվարությունները բազում են ու բազմապիսի եւ այս տխուր (բայց ոչ անհույս) համապատկերի վրա փորձում ենք վեր հանել մեր հինավուրց, բայց անտեսված, չարչրկված եւ արհամարհված երկրի ու ցեղատեսակի լինելության եւ գոյատեւումի խորհուրդն, եւ ոչ միայն հարատեւել, այլեւ ավելի հզորացած ու կատարյալ շարունակել մեր հավերժի ճամփան:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պատմագիտության պրոֆեսոր