Հոկտեմբերի 30-ի ԱԺ արտահերթ նիստի կազմակերպիչը ես եմ՝ խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորների և աշխատակազմի աշխատողների հետ միասին, իսկ հանրահավաքի կազմակերպիչը յուրաքանչյուր արցախցի է, ով մտահոգված է Հայրենիքի ճակատագրով։ Այդ մասին Արցախի ԱԺ հերթական նիստի մեկնարկից առաջ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը։
«Արցախի խորհրդարանի բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին` ժամը 15։00-ին, տեղի կունենա արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային։ Ոըղիղ հեռարձակմամբ նիստը հեռարձակվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ հրավիրված մեծ հանրահավաքի ժամանակ։ Նիստից հետո ելույթները շարունակվելու են հրապարակում՝ հանրահավաքի ընթացքում։ Հավաստիացնում եմ, որ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում»,-ասաց Թովմասյանը և բոլոր արցախցիներին կոչ արեց մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով։