Մինչև տարեվերջ հնարավոր չէ իրականացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, կարծում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը.
«Գործընթացը գնում է, ժամանակային սահմանափակումը չպետք է խոչընդոտ լինի՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի համար: Գլխավորն այն է, որ այդ պրոցեսը լինի շարունակական և անկաշկանդ, իսկ եթե ժամանակային սահմանափակումներ դնենք, այն մեզ ոչ մի տեղ չի հասցնելու»,-լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Քոչարյանը և հավելեց՝ գլխավորն այն է, որ սեղանին ունենանք այնպիսի փաստաթուղթ, որ կարողանանք դրա շրջանակներում աշխատել:
Անդրադառնալով մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը՝ նա ասաց՝ շատ են շահագրգռված, որ այն դառնա իրականություն.
«Դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրները նաև փոխկապակցված են այդ փաստաթղթի հետ, բայց դրանք միաժամանակյա լուծում ստանալու պարտադիր պայման չունեն, դրանք երկու փաստաթղթեր են՝ որպես մեկը մյուսին հաղորդակից խողովակներ», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Աղբյուր` Փաստինֆո