ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Վերնագիրը չի վերաբերում Մանվել Գրիգորյանի մասնավոր պարագային միայն, այլեւ այն երեւույթին, որը ծնունդ է տվել նրան եւ նրա նմաններին, որոնք թերեւս ոչ այդքան այլանդակ, սակայն դժբախտաբար եղել են ու կան մեր հասարակության մեջ, նույնիսկ բանակում:Անցնող օրերին հայ հասարակությունը, հայրենիքում թե սփյուռքում, ցնցվեց այն քստմնելի տեսարաններից, որոնք ցուցադրվեցին հեռուստատեսային ու համացանցային եթերով: Զարմանքին հաջորդեց գարշանքը, գարշանքինՙ հուսախաբությունը. քանզի թեեւ մեր հասարակությունը Մանվել Գրիգորյանին չէր սիրում, շատերն էլ վախենում էին նրանից, սակայն դեռեւս ոմանք ակնածում էին նրաՙ «Արցախի հերոս» լինելու տիտղոսից, գեներալի կոչումից, շքանշաններից ու մեդալներից, հանրապետության հաջորդական երեք նախագահների նրան ընծայած պատիվներից, բայց մանավանդՙ թուրքերի վրա նրա թողած վախազդեցիկ անունից: Բայց, խոստովանենք, ոչ ոք չէր ակնկալում, որ նա կլինի այնքան ստոր, որ կկողոպտի նաեւ սեփական երկրի բանակ ու զինվոր, իրեն հավատացող պատանուն ու երեխային:Այստեղիցՙ ընդհանրացնող մի հետեւություն. ինչո՞ւ մինչեւ հունիսի 16-ը ոչ ոք չէր բռնել չարագործի ձեռքը, չէր զսպել նրա գազանային ախորժակը. պաշտոնեական անգործունեությո՞ւն, թե՞ մեղսակից նպատակահարմարություն: Եվ հաջորդըՙ ուրիշ ովքե՞ր կան, որ օգտագործելով դիրք եւ կոչումերՙ թալանել ու թալանում են ազգային բանակը, իրավազրկում զինվորին, կողոպտում քաղաքացիներին, կատարյալ դարձնելով կոռուպցիոն այն համակարգը, որին հայախոս սփյուռքահայերն ասում են փտախտ, բայց ներկա պարագայում ես կկոչեմ նեխախտ:Անշուշտ, հետզհետե քանդվելու է հանցավոր շղթան, բացահայտվելու են նորանոր գայթակղություններ: Դա լինելու է ցավագին, բայց անհրաժեշտ, եթե ուզում ենք իսկապես փոխել մեր երկիրը, եւ ոչ թե մի իշխանությունը փոխարինել մեկ ուրիշով: Ցավագինՙ ոչ ենթակաների համար, ովքեր պետք է պատասխանատվության կանչվեն ու պատիժ կրեն, այլՙ մեր հասարակության համար, որն այս օրերին իսկական, նույնիսկ տեւական տրավմա է տանում, որին կարող է հաջորդել հասարակական-զանգվածային հուսալքությունը, այն էլՙ համաժողովրդական գրեթե միահամուռ ոգեւորության միամսյակին հաջորդող այս օրերին: Մեր ժողովուրդը կկարողանա՞ դիմադրել ու դիմանալ շատ կարճ ժամանակամիջոցում պատահող կոնտրաստային այս հոգեկան վերիվայրումներին: Ահա՛ թե որտեղ պետք է գործի դրվեն հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունեցող լծակները, առաջին հերթինՙ պատասխանատու մամուլը, անշուշտ եթե ունենք այդպիսին:Առաջին հերթին պետք է դրականորեն ազդել մեր ամենախոցելի խավիՙ երիտասարդության, մանավանդ սահմաններում զենք բռնող երիտասարդության վրա, ոչ թե նրա զգացմունքների, այլՙ գիտակցությա՛ն վրա: Հայ զինվորը, շարքային թե սպա, մեկ անգամ չէ, որ ապացույցը տվել են իրենց գիտակից կեցվածքի, խիզախության եւ մարտական հմտության մասին, նրանք չեն գնացել բանակՙ հերոսանալու, այլՙ գիտակից ու կարգապահ պաշտպանելու իրենց բաժին դիրքը, սահմանը, միեւնույն կարգապահությունը ակնկալելով իրենց հրամանատարներից: Բարձրաստիճան զինվորականի, թեկուզ պաշտոնաթող, մանվելգրիգորյանական կերպարը հուսահատեցնելու, զինծառայությունից խրտչեցնելու է նրանց, ինչպես մեկ ուրիշ «հերոսի» կալանքից ազատվելը հենց այս օրերին: Նույնը վերաբերում է նաեւ նրանց ծնողներին, ապագա նորակոչիկներին: Այսուհետեւ հրամանատարների նկատմամբ շատ ավելի խստապահանջ պետք է լինեն զինվորի հարազատները, ողջ հասարակությունը, պետական իշխանությունըՙ առանց հաշվի առնելու նրանց դիրքը, կոչումներն ու վաստակը: Բանակը պետք է լինի մեր ամենամաքուր, անբիծ, ամենակարգապահ ազգային կառույցը: Հատկապես այսուհետեւ, երբ Մանվել Գրիգորյանի ձերբակալությամբ խորհրդանշականորեն մահացան կեղծ հերոսն ու հերոսականությունը: Մյուս կողմից, պիտի գիտակցենք, որ ֆիդայականության, ազատամարտիկության, հերոսի ու հերոսականության ժամանակներն անցել են: Փառք տանք նրանցՙ մեր իսկական ֆիդայիներին, ազատամարտիկներին, Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքովՙ այդ խոնարհ հերոսներին, եւ անցնենք առաջ: Այժմ պրոֆեսիոնալիզմի ժամանակն է, որը ամեն բանից առաջ նշանակում է կարգապահություն եւ առավելՙ գիտություն: |