Ամենեւին էլ կարեւոր չէ, թե որքա՞ն է յուրացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանըՙ համայն հայության փողերից: Ասենքՙ 2 միլիոն, կամ 200 հազար, կամ 2 հազար, նույնիսկ 2 ամերիկյան դոլար: Կարեւոր չէ, քանի որ Արա Վարդանյանի հանցագործությունը (եթե իհարկե դատարանը հավատա հենց իրՙ Վարդանյանի խոստովանական ցուցմունքին), ամենեւին էլ ֆինանսական չէ: Ինչպես Մանվել Գրիգորյանի հանցագործությունը ֆինանսական չէր, այդպես էլ Արա Վարդանյանինը ֆինանսական չէ: Երկուսն էլ վստահություն են գողացել, մեկըՙ ազատամարտիկի հանդեպ տածած վստահությունը, մյուսըՙ համայն հայության միասնության հանդեպ վստահությունը: Ու քանի որ մեր Քրեական օրենսգիրքը նման հանցագործության համար պատիժ չի նախատեսում, համարելով, որ փող գողանալն ավելի մեծ հանցանք է, քան հավատ գողանալը, փորձենք ինքներս… անցկացնել այդ դատավարությունը:
Եւ այսպեսՙ իքս թվական, իգրեկ ամիս, զեթ օր, քաղաք Երեւան, դատարանը քննում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գործը: Ամբաստանյալը հայտնում է, որ այո, ինքը հիմնադրամի հաշվով բացված վարկային գծի քարտից ահագին գումարով օնլայն խաղեր է խաղացել, դե, օրինակ, պոկեր, կարծելով, որ Արցախի գյուղում մանկապարտեզ չունեցող տասը երեխաները մի քիչ էլ կմեծանան ու նոր մանկապարտեզ կունենան, եւ կամՙ ի՞նչ պարտադիր է, որ ունենան: Նա մանրամասն բացատրում է, որ անձամբ նստել է ինքնաթիռ, թռել է Լոս, այնտեղ հանդիպել է շատ հայրենասեր մարդկանց, ներկայացրել է նրանց հիմնադրամի ծրագրերը, այդ մարդիկ խոստացել են, որ անպայման կօգնեն, ապա գումար են փոխանցել հիմնադրամի հաշվեհամարին: Հետո նույնը արել է Փարիզում, Մոսկվայում, Լոնդոնում, Բուենոս Այրեսում,… Ընդ որում, պարոն Վարդանյանի ցուցմունքից պարզ է դառնում, որ հիմնադրամին գումարներ են փոխանցել ոչ միայն սփյուռքի մեր հարուստ հայրենակիցները, որոնց համար 200 հազար դոլար այս կողմ այն կողմը թավ բեղերը սափրելու պես մի բան էՙ ե՛ւ սկզբունքորեն բարդ, ե՛ւ տեխնիկապես հեշտ, այլեւ հիմնադրամին ներդրումներ են արել սովորական մարդիկ, նույնիսկ դպրոցականներ, 25 դոլար, 50 դոլար, 10 դոլար… ով որքան կարող է: Ապա Վարդանյանը տեսել է, որ հիմնադրամի հաշվեհամարին մեծ գումարներ են հավաքվել, բայց ցավոք, դրանք բավարար չեն, որպեսզի հիմնադրամն իր առջեւ նպատակն իրագործի, ասենք Արցախում մանկապարտեզ կառուցի: Հենց այստեղ էլ պարոն Վարդանյանի գլխում ծագել է մի հանճարեղ-հայրենասիրական միտք: Նա որոշել է հիմնադրամի գումարներով խաղատուն մտնել, դրանք կրկնապատկել, եթե ոչ եռապատկել, ապա նորիցՙ արդեն մեծացած գումարը մուտք անել հիմնադրամի հաշվեհամարին ու վերջապես կառուցել այդ մանկապարտեզը, օրինակՙ մանկապարտեզը:
Արա Վարդանյանը դատարանին հենց այդպես էլ ասում է, որ հիմնադրամի գումարներն իրականում ինքը չի յուրացրել, այլ ամեն անգամ օնլայն խաղատանը խաղալիս մտածել է Արցախի երեխաների ու օգնության սպասող այլ մարդկանց մասին, որպեսզի նրանց ավելի շատ գումար հասնի: Ընդ որում, Վարդանյանը մանրամասնում է, որ խաղատանն ինքը հաղթել է մեծ թվով թուրքերի եւ ադրբեջանցիների, հետեւաբար Արցախում մանկապարտեզը կառուցվում է ոչ միայն համայն հայության, այլեւ որոշ թուրք-ադրբեջանցիների փողերով:
Դատարանի դահլիճում հավանաբար կլինեն մարդիկ, ովքեր կծափահարեն պարոն Վարդանյանինՙ ցուցաբերած ճկուն դիվանագիտության համար, գուցե դատարանը սա համարի մեղմացուցիչ հանգամանք եւ Վարդանյանն ազատ արձակվի, բայց հենց այստեղ էլ օգնության կհասնի բարոյականության դատախազը, իսկ մենք, հիշեցնենք, բարոյական դատարանում ենք, որտեղ ֆինանսական հարցեր չէ որ քննարկվում են: Նա կդիմի դատարան ներկայացրած սփյուռքահայերին, որոնք ամեն տարի հիմնադրամի հանգանակության օրերին պարտաճանաչ հայրենասիրություն են դրսեւորել ու կհարցնի նրանց. «Հարգելիներս, այս ամենից հետո քանի՞սդ եք շարունակելու վստահել հիմնադրամին»: Ես ենթադրում եմ, որ դահլիճում նստածներից որեւէ մեկը ձայն չի հանի եւ դատախազը կշարունակի. «…Եւ ուրեմն մեր խնդիրն այն չէ, որ Արա Վարդանյանը փող է գողացել, որովհետեւ ամբաստանյալը կարող է հենց այսօր էլ փոխհատուցել այդ գումարները, ինչի արդյունքում մենք պետք է ներենք նրան: Մեր խնդիրն այն է, որ Արցախում մարդիկ պետք է ավելի շուտ ճանապարհներ, ոռոգման ցանցեր, դպրոց-մանկապարտեզներ ունենային, բայց չեն ունեցել: Գուցե էլի կունենան, ասենք մեկ տարվա մեջ, հիմնադրամի տնօրեն նշանակվի մի ազնիվ մարդ ու նա հայության փողերը ճիշտ հասցեական ուղղորդիՙ հայության խնդիրների լուծմանը, բայց այն երեխաները, որ մեկ տարի առաջ պետք է մանկապարտեզ գնային ու չգնացին, քանի որ չունեին, հաջորդ տարի արդեն դպրոց են գնալուՙ այդպես էլ մանկապարտեզ չունեցած: Արա Վարդանյանը նրանց մանկապարտեզն է գողացել, եւ ոչ միայն նրանց ու ոչ միայն մանկապարտեզը: Բայց նույնիսկ սա չէ ամենակարեւորը, այլ այն, որ ամբաստանյալը գողացել է համայն հայության վստահությունը, հավատը, որ բոլորով կարող ենք ինչ-որ բան անել, հավատի գողությունն, ի տարբերություն փողի գողությանը, չի վերականգնվում»:
Թե ի՞նչ պատիժ է պահանջում դատախազը պարոն Վարդանյանի համար դատարանում եւ թե ի՞նչ դատավաճիռ է կայացնում դատարանըՙ ես չգիտեմ: Ես նույնիսկ չգիտեմ, թե կլինի՞ արդյոք երբեւէ Հայաստանում նման դատավարություն: Գիտեմ միայն, որ մենք ունեցել ենք, կամ գուցե ունենք «Հայաստան» համահայկական խաղատուն, որտեղ բոլորը խաղում ենՙ սկսած հայրենասիրական-բարեգործական խաղերից, վերջացրած քննչական-օպերատիվով: Սկսածՙ Երեւանից ու Ստեփանակերտից, վերջացրած Լոսով եւ Բուենոս Այրեսով: