Հավանաբար այս վերնագրին համաձայն չլինեն մասնագետներըՙ մարդաբանները, սեռագետ բժիշկները, հասարակագետները, մանավանդ իրենքՙ համասեռամոլներըՙ գեյերն ու լեզբուհիները: Հոգս չէ: Ես գիտեմ մեկ բանՙ օրինաչափը, այսինքն բնականը, Աստծու կամ,- դո՛ւք տվեք անունը,- տնօրինումն է, մարդաստեղծման ակտը: Նա մարդը ստեղծեց այր եւ կին: Մնացածը շեղում էՙ ախտաբանական կամ միջավայրային ազդեցությունների հետեւանք: Առաջինից գրեթե բան չեմ հասկանում, իսկ երկրորդըՙ միջավայրային ազդեցությունը, տեսնում, իմանում ենք բոլորս: Եվ հենց այդ մասին եմ ուզում տեսակետս պարզել, մանավանդ որ միջավայրային ազդեցության հարցը վերջին աղմկահարույց մի քանի դեպքերի բերումով դարձել է հրատապ:
Միջավայր ասելով նկատի ունեմ համասեռամոլության գլխավոր օջախներըՙ մեկուսարանները, կուսանոցները, կալանավայրերը, զորանոցները առաջին հերթին: Դրանց վրա այժմ ավելացել է մենակության կամ մեկուսիության գործոնըՙ վիրտուալ աշխարհի ներգործությունը կնոջ կամ տղամարդու վրա:
Միջավայրի առումով այս պահին հիշեցի կենդանական աշխարհից մի երեւույթ, որը տարիներ առաջ պատահել էր Տոկիոյի կենդանաբանական այգում, որքան զվարճալի, նույնքան հետաքրքրական: Այգին ուներ վեց պինգվին, վեցն էլ արու: Կենդանասիրական մղումով, այգու տնօրենությունը մեկ այլ այգուց վեց էգ պինգվին էր բերել իբրեւ հարսՙ ամուրի տղաներին: Կենդանասերների մեծ բազմություն էր հավաքվել այգումՙ ականատես դառնալու այդ սիրելի արարածների մերձեցմանը: Բայց… հուսախաբությունՙ տղաները աղջիկների վրա ուշադրություն անգամ չդարձրեցին: Պարզվեցՙ նրանք գեյ էին արդեն, երջանիկՙ իրենք իրենցով: (Ի դեպ, «գեյ» անգլերեն բառը նշանակում է «երջանիկ», «ուրախ»):
Տոկիոյից կտրուկ անցում կատարելով դեպի մեր իրականությունՙ պիտի արձանագրել, որ համասեռամոլներ կամ միասեռականներ, բնականաբար, կան, եղել են նաեւ Հայաստանում: Սովետական շրջանում հայտնի էր «Գուրգենչիկ» մականունով մի մարդ, Պետօպերայի աշխատակից, որին մատով էին ցույց տալիս բոլորը, գեյի ու գեյության սիմվոլ դարձած անձնավորություն, որին վերագրում էին կարելի եւ անկարելի բոլոր պատմությունները, անեկդոտները: Անշուշտ կային նաեւ ուրիշներ, որոնց սովորաբար թաղի «լավ» տղերքը փողոցների անկյուններում գիշերով ծեծում էին: Հասարակությունը մերժում էր նրանց, հալածում, նմանապեսՙ սովետական քրեական օրենսդրությունը:
Հետագայում, անկախության առաջին տարիներին, Հայաստանը բարեբախտաբար մաս կազմեց, 1996 թ.ին, Եվրոխորհրդին, ստորագրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ապաքրեականացրեց համասեռամոլությունըՙ մարդու ազատությունների կոնվենցիայի 10-րդ (արտահայտվելու ազատության) եւ 14-րդ (խտրականության արգելման) հոդվածների համաձայն: Սակայն LGTB-ի հետ կապված խնդիրները բնավ չդարձան, դարձյալ բարեբախտաբար, հասարակությանը լրջորեն անհանգստացնող երեւույթ, եթե չհաշվենք ամեն տեսակ գրանտակերների, Բաց հասարակության փակ ինստիտուտի սանիկների պարբերական ոտնձգությունները մեր հասարակության դեմ, որը, մեր հասարակությունը, եվրոպացիներին դուր գա կամ ոչ, սեռային փոքրամասնությունների հարցում պահպանողական է հետեւողականորեն: Ապացույցՙ Շուռնուխ գյուղում պատահած դեպքերը, երբ իրավ կամ կեղծ համասեռամոլներին տփողները հիմնականում եղան այդ գյուղի կանայք ու երեխաները, նրանց անկիրթ եւ սանձարձակ պահվածքի համար: Դրան հաջորդեց «Հասմիկ» մանկական ճամբարում տեղի ունեցածի դատապարտումը ԶԼՄ-ներում:
Ասացի համասեռամոլներ եւ հիշեցի տարիներ առաջ իմ մտերիմ ընկերներիցՙ Գյուլբենկյան հիմնարկի այդ տարիների տնօրեն Զավեն Եկավյանի հետ ունեցածս զրույցներից մեկը: Հեռախոսով խոսում էինք Եվրոպայում անսպասելի հաջողությունների հասած մի անձնավորության մասին, զարմանք էինք հայտնում նրա արագ բարձրացման համար: Ես ասացի, որ մարդը հավանաբար մասոնական լուրջ կապեր ունի, բայց Զավենը ընդմիջեց ինձՙ «Հակոբ, դեմոդե մարդ ես. հիմա հոս մասոնիզմը մոդա չէ, մոդան գեյ ըլլալն է, նշանավոր մարդ համարվելու համար գեյ պետք է ըլլաս»: Ճիշտ էր ընկերս, հիմա էլ է ճիշտ: Հայաստանում միասեռականությամբ հիացողներ ունենք, որոնց թվում է, թե այդպիսին դառնալով իրենք կարող են հայտնի արվեստագետՙ գրող, դերասան, ֆիլմարտադրիչ լինել, նշանավոր դառնալ, առանց մտածելու, որ տաղանդավոր լինելը պայմանավորված չէ համասեռամոլ լինելու հետ, թեեւ, պետք է խոստովանել, բացահայտ գեյերից ոմանք իսկապես մեծատաղանդ մարդիկ են:
Այո, կեղծ, ավելի շուտՙ ցուցադրական ազատամտության մոդան մտել է մեր երիտասարդության մեջ, առայժմ արտաքին համապատասխան կերպարի կապկումովՙ «ձիու պոչ» մազեր, ականջօղեր, հագուստ-կապուստ, պատճենավորված շարժուձեւեր եւ այլ ատրիբուտներ: Շոուբիզնեսի, համացանցային հոռի տեսաֆիլմերի եւ գրականության ազդեցությունն ուժեղ է իսկապես: Եվ անիմաստ է պայքարել դրա դեմ, մանավանդՙ հալածել հետեւորդներին: Բայց մեր հասարակությունը, հասարակությանը ուղղորդող պետական մարմինները պետք է ուշադիր հսկողության տակ պահեն միջավայրը, համաշխարհայնացման, ազատությունների պաշտպանի քողի տակ մեր երկիր սողոսկած գործակալներին ու քարոզիչներին, նույնիսկ եթե նրանք հանդես գան Արսինե Խանջյան կամ այլ անունով: Ընտանիքը մեր պետության եւ ազգի ամենապինդ միավորն է, իսկ մեր գենոֆոնդի առողջ եւ ապահով պահպանումըՙ մեր գերխնդիրը:
Պիտի մաքուր պահել միջավայրը, մե՛ր միջավայրը: