Երեւանի քաղաքապետարանը «շտապում» է ուրախալի լուր հայտնել ու շոյել մայրաքաղաքի բնակիչներին՝ Աջափնյակի 118 հա մակերեսով հողամասում առաջիկայում ֆրանսիական ոճի բազմաֆունկցիոնալ թաղամաս կկառուցվի: Ավելին՝ միջավայրը Փարիզի Բուլոնյան անտառի նմանությամբ տնկվելիք սաղարթախիտ անտառը կամբողջացնի: Թաղամասի բնակիչները սակայն, հայտնում են քաղաքապետարանից, միմիայն հեծանիվներով եւ էլեկտրական սայլակներով կերթեւեկեն:
Բայց մինչեւ քաղաքային իշխանության ներկայացուցիչները շտապում են հաճելի ու ոգեւորող հայտարարություններ տարածել եւ փորձել Փարիզի հետ ոտք մեկնել, Երեւանի բնակիչները շարունակում են կռացած երթեւեկել հասարակական տրանսպորտում: Մարդիկ, միանշանակ, առանց տրտնջալու կշարունակեն կռացած երթեւեկել, միայն թե իմանան, որ ապահով երկրում ու քաղաքում են ապրում: Հատկապես սեպտեմբերի 13-ի պատերազմական գործողությւոններից հետո երեւանաբանկներն ամեն պահի սրտդողով են սպասում՝ հաջորդ արկերն Երեւանի գլխին կարող են տեղալ: Բայց արի ու տես՝ սրան զուգահեռ քաղաքապետարանը ֆրանսիական թաղամաս կառուցելու մասին է խոսում:
44-օրյա պատերազմից հետո 2 տարի անց Երեւանի բազբնակարան որեւէ շենքի նկուղ կարգի չի բերվել, դրանք շարունակվում են մասնավոր անձանց կողմից զավթված մնալ: Եվ քանի դեռ մարդիկ մտածում են, որ եթե, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, որտե՞ղ են պատսպարվելու, չինովնիկները Եվրոպային նմանվելու մասին երազներով են տարվում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ