Երեկ միջօրեին, երբ Էրդողանը 3- օրյա պետական այցով վայրէջք կատարեց Բեռլինի Թեգել օդանավակայանում, նրան հենց այդտեղ, գերմանացի պաշտոնյաների «բարի գալուստի» հետ դիմավորեցին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության անդամներըՙ բողոքի պաստառներովՙ «Էրդողանի վայրէջքը Բեռլինում, լրագրողներինըՙ Թուրքիայի բանտում»: Մի քիչ չափազանցված կհնչի, եթե ասենք, թե երկիրը պաշարել է Էրդողանի այցի մասին լրատվությունը, բայց այն վերջին շաբաթներին մի մեծ բառակույտ հասցրել է գոնե կուտակել, որ ունկ լցվել, թափվում է, իսկ հիշողության դարակներից վերաձեւակերպված «հոսում» էՙ չկան հավերժ «թշնամիներ» ու «բարեկամներ», կան միայն շահերՙ փախստականներ, Սիրիայի հարց, Թուրքիայի աշխարհագրական դիրք, առեւտուր…
Բեռլինում անվտանգության, իրավապահ մարմինները կենտրոնացել են այս այցի վրա, քանի որ ինչպես ակնկալվում էր, Էրդողանի գալուստը բեւեռացրել է Գերմանիայի հասարակությանը: Նրան համակիր թուրքերը լուսանկարներով, դրոշներով իրենց ուրախությունն են «տարածում» դաշնության տարբեր քաղաքների փողոցներում, բայց ժողովրդավար այս երկրում ավելի մեծ թիվ են կազմում այն խմբերը, որոնց Թուրքիայի նախագահի այցն իրենց երկիր ոչ ավել, ոչ պակասՙ ամոթալի, նվաստացուցիչ են համարում: Այսպես են խորհում ոչ միայն գերմանացիների մեծ մասը, այլեւՙ թուրքեր, Թուրքիայում վերջին տարիներին թափ առած հետապնդումների պատճառով Գերմանիայում հայտնված թուրք կիրթ մի մեծ զանգված, որ Էրդողանի այս այցի առիթով իր բողոքի ձայնն է բարձրացնում քրդերի, հույների, ասորիների, հայերի հետ: Բեռլինի կենտրոնը ջղաձգվել է, հանրահավաքներ, զինված ոստիկաններ, որոնց թիվը գերազանցում է 4200- ը, Էրդողանի գիշերակաց «Ադլոն» հյուրանոցի տանիքին դիպուկահար, որի ակնդետ հայացքին է «վստահված» Թուրքիայի նախագահի անվտանգությունը…
Հինգշաբթի Էրդողանը Թուրքիայի դեսպանատանը հանդիպումներ էր ունենալու գերմանաբնակ թուրքերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Շաբաթ օրը Քյոլնում Էրդողանի 20 րոպեանոց ելույթից հետո բացվելու է Դիթիբ մզկիթը, որը քննադատների մեծ բանակ է հավաքագրել արդենՙ Էրդողանի ելույթը խթանելու է թուրք ազգայնականների գործունեությունը, քաղաքականացնելու է իսլամը, այս երկրի խաղաղությունն ու անդորրն է խաթարելու նորից, կրկին, նորեն, բացատրում են ընդդիմադիրները, որ մզկիթի պատին լուսապատկերային խոսուն նշան են տեղադրելՙ Տրոյական ձին:
Այցի պաշտոնական մասին այսօր ենք ականատես լինելու, բայց արարողակարգն արդեն հայտնի էՙ ուրբաթ առավոտյան ԳԴՀ նախագահ Շթայնմայերը իր թուրք պաշտոնակցին դիմավորելու է զինվորական պատվո ողջույնով, այնուհետ աշխատանքային ճաշ կանցլեր Մերկելի հետ, իսկ երեկոյանՙ ընթրիք նախագահական Բելվյու ամրոցում: Պաշտոնատարների մի մասը ցուցադրաբար հրաժարվում է ընթրիքի սեղան նստել Էրդողանի հետ:
Սեպտեմբերի 26- ին «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» տպագրել էր Թուրքիայի նախագահիՙ «Ակնկալիք Գերմանիայից» հոդվածը, որում «բացառիկ հյուր» հոդվածագիրն ԳԴՀ- ից իր սպասելիքները ձեւակերպել էր հակիրճ անդրադարձմամբ այսպեսՙ քաղաքական լարված հարաբերություններն անցյալում, այժմՙ նոր սկիզբ, երկկողմանի հետաքրքրությունների ծիրում, հավասարը հավասարի հետ, պայքար մղելով ամերիկյան տնտեսական սահմանափակումների, ահաբեկչության, Եվրոպայում ահագնացող աջ ազգայնակայնության դեմ, որի ատելության գլխավոր թիրախը մահմեդականներն են. թեպետ նշել էր նաեւ աջ արմատական Բրեյվիկի օրինակը, որի ատելությանը զոհ դարձան ոչ միայն մահմեդականներ: Էրդողանի հոդվածն, անկեղծ ասած, գրված էր խիտ, կետ առ կետ, արեւելյան «իմաստուն խորհրդատուի» միտքն այս անգամ հաշվի էր առել, որ գերմանական հեղինակավոր թերթի ընթերցողն առավոտյան արագ կսպառի իրՙ մտքի գոհարը, կըմբռնի, որ ամբոխի առջեւ երկարաշունչ հռետորը նախընտրել է կարճ հոդվածըՙ պահանջատիրոջ շեշտն առավել հատու ընդգծելով:
ԳԴՀ նախագահ Շթայնմայերի կարծիքով, վաղ է ձեւակերպել, թե Էրդողանի այցը վկայում է երկու երկրների բնականոն հարաբերությունների մասին: «Բայց այս այցը կարող է դրա սկիզբ դառնալ», շարունակում է Ֆրանց Վալտեր Շթայնմայերը: Նրա մեկնաբանությունը հետեւյալն էՙ «Սա առիթ է ծագումով թուրք մեր 3 միլիոն քաղաքացիներին ցույց տալու, որ նրանց մայրերի, հայրերի կամ տատ ու պապերի երկիրը գնահատում ենք»:
Թուրքերն այդ ազդանշանի կարիքը միգուցե ունեն, իսկ հայերս դա զգացել, ապրել ու չենք մոռացել: