Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
Ինչպե՞ս միավորել Իսրայելն ու հրեական սփյուռքը
Իսրայելի պետության կազմավորման 70-ամյակի այս օրերին, խմբագրությունը որոշ ուշացումով ձեռք է բերել «Հրեական հեռագրական գործակալության» տարածած Ստամֆորդում (Կոնեկտիկուտ) «Բեթ Էլ» տաճարի հոգեւոր առաջնորդ, ռաբբի Ջոշուա Համերմանի հոդվածը, որտեղ հիմնականում քննության են առնվում հրեաների ինքնության, երկքաղաքացիության, դավանանքի, բանակում ծառայելու եւ միասնականության հարցերը: Ստորեւ թարգմանաբար այդ հոդվածը չնչին հապավումներով:
Մեր օրերում աշխարհով մեկ սփռված հրեաները ճգնաժամային իրավիճակում են գտնվում: Իսրայելում Մ. Նահանգներում եւ այլուր գտնվող հրեաները հեռանում են միմյանցից: Ավելին, յուրաքանչյուր համայնքի կամ խմբավորման մեջ նկատելի են ընդգծված բեւեռականացումներ սկզբունքային որոշ հարցերիՙ ինչպես օրինակ (նույն տարածքում) երկու ինքնուրույն պետություն ստեղծելու, հրեաների բնավորության, Իսրայելի ժողովրդավարության եւ ընդհանրապես հրեա հասկացության սահմանումի կապակցությամբ:
Կնճռոտ հարցերի հորձանուտում թավալվելու փոխարեն առաջարկում եմ մի լուծում, որն իմ կարծիքով լավագույն ելքն է ստեղծված իրավիճակում, «հրեական քաղաքացիության» մի նոր տեսակ կամ հասկացություն, որ նոր մակարդակի կբարձրացնի Իսրայելում եւ սփյուռքում ապրող հրեաների հարաբերությունները, կվերակենդանացնի հուդայականության բոլոր ճյուղավորումները, կնվազեցնի դավանափոխության հարցում տարբեր մոտեցումները, կամրապնդի ժողովրդավարությունը Իսրայելում, կբարձրացնի կրթօջախներում ուսանողների հրեա լինելու հպարտությունը, եւ անգամ, գուցե, հնարավորություն կընձեռի Իսրայելի համար հաշտվելու իր հարեւանների հետ:
Այս գաղափարի կամ մտահղացման էությունը թաքնված է «ո՞վ է հրեա» հռետորական հարցի սահմանման մեջ, որն ամրագրված է Իսրայելի «Վերադարձի օրենքում»: Դա իրավունք է տալիս աշխարհում սփռված որեւէ հրեայի ինքնաբերաբար դառնալու Իսրայելի քաղաքացի:
Ողջակիզումից հետո, 1950-ին ընդունված եւ հետագայում 1970-ին վերամշակված այս օրենքը սահմանում է, որ «հրեա մորից ծնված, կամ հուդայականությունը որպես կրոն ընդունած անձինք, վերջիններիս ոչ-հրեա զավակները, թոռներն ու ամուսինները կամ կանայք, ինչպես նաեւ այս վերջինների զավակների ու թոռների ոչ հրեա ամուսիններն ու կանայք իրավունք ունեն ինքնաբերաբար դառնալու Իսրայելի քաղաքացի»:
Այնպես որ, իմ մտահղացման առաջին քայլը ընդարձակելն է այսպես կոչված «հրեական քաղաքացիության» սահմանները: Հրեա որեւէ քաղաքացի, նույնիսկ «halachah-ի» կամ կրոնական ուսուցիչներՙ ռաբբիների օրենքով հրեա չճանաչվող անձինք (աղջիկ թե տղա) իրավունք կունենան շատ ավելիին հասնելու, քան սինագոգի մեկ անկյունում տեղ զբաղեցնելուց:
Երկրորդ քայլը, դարձյալ անկախ ռաբբիների օրենքին համապատասխանելուց, այդ քաղաքացիներին իրավունք տալն է մասնակցելու Իսրայելում անցկացվող ընտրություններինՙ որպես պարտավորվածություն:
Ձեզ եմ թողնում մտածել, թե ինչպես է այս գաղափարը խթանելու սփյուռքի հրեաներին բարելավելու իրենց հավասարը հավասարի հետ հարաբերությունները Իսրայելի պետության հետ, մի բան, որը մեր օրերում խիստ անհրաժեշտ է: Սա նշանակում է, որ նրանք ի վիճակի են լինելու մասնակցելու իրենց հայրենիքիՙ հրեական պետության ավելի լավ ապագայի կերտմանըՙ կողմնակի կանգնած իրավիճակից ակտիվ գործունեության ոլորտում հայտնվելով:
Հրեաներին ներկայացնելու պարտականությունը իրենց վրա վերցրած այլ կառույցներ, ինչպես օրինակ «Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը», ճիշտ է, ժողովրդավարական եւ ներկայացուցչական են, սակայն ներկայիս կորցրել են իրենց անցյալի հեղինակությունը:
Երկքաղաքացիությունը տասնյակ ազատ, անկախ երկրներում կենսակերպ է դարձել: Ամբողջովին պատկանել հրեա ժողովրդին պետք է ավելին նշանակի, քան հեռվից քարոզչություն կամ նվիրատվություն անելը, ժամանակ առ ժամանակ հավաքներին մասնակցելը, եւայլն: Քաղաքացիությունը անմիջական եւ գործնական մասնակցություն է պահանջելու այն վայրի, երկրի ապագայի հանդեպ, որին սիրում ենք եւ ցանկանում ենք զարգացնել:
Իսկ ի՞նչ է պահանջվելու հրեաներից նման երկքաղաքացիություն ձեռք բերելու համար: Առաջարկում եմ ազգային կամ հանրային ծառայության որոշակի շրջան սահմանել նրանց համար: Սփյուռքոմ ապրող յուրաքանչյուր դիմորդ, որ հավակնում է ստանալ երկքաղաքացիություն, պետք է որոշ ժամանակաշրջան անցկացնի Իսրայելում (սկսելով, օրինակ, ծննդավայր կամ հայրենիք այցելելու իրավունքից օգտվելով), եւ ծավալի որոշակի ծանրակշիռ գործունեություն: Հրեականության մասին որոշակի էական գիտելիքներ եւս հաշվի պետք է առնվեն:
Հարց կարող է առաջանալ: Արդա՞ր է, որ «տանը» կամ «մայր երկրում» չապրած անձը օգտվի երկրի քաղաքացիների իրավունքներից:
Իսրայելում ապրող ամերիկացի ներգաղթողների երեխաները կարող են ստանալ ամերիկյան քաղաքացիություն (եւ մասնակցել ամերիկյան ընտրություններին) նույնիսկ եթե նրանք երբեք չեն ապրել Ամերիկայում: Նման բան կարելի է կիրառել նաեւ դրսում ապրող հրեաների նկատմամբ: Գուցե նաեւ կարելի է կիրառել սինագոգներին որոշակի տուրք վճարելը պարտադիր դարձնելու պահանջը:
Իսկ բանակում ծառայելու հա՞րցը:
Հրեա կանանց 35 տոկոսը եւ տղամարդկանց 27 տոկոսը խուսափում է բանակում ծառայելուց, հիմնականում կրոնական պատճառաբանություններով: Բայց նրանք մասնակցում են քվեարկություններին: Ոմանք էլ բանակում ծառայելու փոխարեն հանձն են առնում այլ տեսակի ծառայություն մատուցել հայրենիքին: Կան նաեւ այնպիսիք, որոնք ապրելով սփյուռքում ցանկություն են հայտնում ծառայելու իսրայելական բանակում: Բայց կարեւորագույն հարցն այստեղ հետեւյալն է. անկախ բանակում ծառայելուց, կամ չծառայելուց, բոլոր հրեաները «առաջնային գծում» չե՞ն գտնվում արդյոքՙ պաշտպանելու համար իրենց ինքնությունը եւ նաեւ իրենց երկրի շահերը: Սփյուռքում ապրողները գոյատեւելու ամենօրյա պայքար են մղում: Ահաբեկչությունն ու հակասեմական շարժումները սպառնում են մեր համայնքներին ամենուրեք: Ոչ ոք այլեւս սոսկ հանդիսատես չի կարող լինել, եւ արտաքին ու ներքին համայնքները միավորելու գործընթացը, կամ պահանջը երբեք այսքան հրատապ չի եղել:
Ինչ վերաբերում է երկքաղաքացիության դեպքում երկու երկրներին հավասարապես հավատարիմ լինելու հարցին, նշեմ, որ մենք պարտավոր ենք հաղթահարելու այդ բարդույթը: Ֆրանսիայում, Իռլանդիայում կամ Իտալիայում ծնված ամերիկացիները չունեն այդպիսի խնդիրներ: Ինչո՞ւ պետք է մենք այդ մասին մտածենք կամ մտահոգվենք:
Բայց, կառարկեն ոմանք, չէ՞ որ հուդայականությունը կրոնական եւ ոչ թե քաղաքական հասկացություն է: Պատասխանեմ: Հրեաները միշտ էլ եղել են, ճանաչվել են ե՛ւ որպես ժողովուրդ, ե՛ւ որպես որոշակի հավատի կրողներ: 19-րդ դարի գերմանացի ռեֆորմիստներն են, որ տարանջատեցին այդ երկուսը: Այսօր հրեաների մեծամասնության համար հրեա ժողովուրդի ներկայացուցիչ լինելն է կարեւորը: «Pew» լրատվամիջոցի անցկացրած հարցախույզի արդյունքներով ամերիկացի հրեաների 62 տոկոսը նշել է, որ հրեա լինելը պայմանավորված է գլխավորապես մշակույթով եւ նախնիներով: Միայն 15 տոկոսն է նշել կրոնը որպես դավանանք: Դա նշանակում է, որ մարդիկ դրսում իրենց համարում են որոշակի գաղափարի շուրջ համախմբված ժողովրդի մի մասնիկը:
Իսկ ի՞նչ կասեր պետական գործիչ Բեն Գուրիոնը: 1950-ին նա ամերիկացի հրեա ղեկավարների հետ համաձայնության եկավ, որ Իսրայելի պետությունը չի խոսելու հրեա ամբողջ ժողովրդի անունից: Վարչապետ Նաթանյահուն հաճախ անտեսել է այդ հանգամանքը:
Բայց ներկայիս կատարած իմ առաջարկի շրջանակներում, երկրի վարչապետը ներկայացնելու է ողջ աշխարհի հրեաներին, ճիշտ այնպես, ինչպես Ամերիկայի նախագահը ներկայացնում է բոլոր ամերիկացիներին. աշխարհի որ ծայրում էլ գտնվեն: Սա գուցե հակասի դեպի երկիր վերադառնալու, ներգաղթելու համընդհանուր սիոնիստական երազանքին: Բայց ժամանակները փոխվել են, եւ առողջ դատողության պայմաններում կարելի է հստակ տեսնել, որ հրեաներն այսօր միասնական չեն եւ «զանգվածային ներգաղթ» հասկացությունը պարզապես անիրագործելի երազանք է: Ամերիկայի քաղաքականության մեջ Իսրայելի հանդեպ երկկուսակցական պաշտպանությունը գնալով նվազում է, եւ Իսրայելի ժողովրդավարությունը վտանգված է: Հուսահատական ժամանակներում անհրաժեշտ է կիրառել ծայրահեղ միջոցներ եւ անհրաժեշտ է նաեւ, որ ապագայի տեսլական ունեցող մարդիկ լուրջ վերաբերվեն իմ առաջարկին:
Հաջորդ հարցը հետեւյալն է. հուդայականությունը չի՞ կոռումպացվելու կամ խաթարվելու քաղաքականության ներգրավումով: Պատասխանեմ այսպես. Քնեսեթի եւ ամերիկա-հրեական կազմակերպությունների աշխատանքներին հետեւողները տեղյակ պետք է լինեն, որ հուդայականությունը երբեք էլ անջատված չի եղել քաղաքականությունից: Հրեական քաղաքացիությունը երկար ժամանակ ծառայելու է նոր գաղափարների փոխանակմանը եւ հրեաների ստեղծագործ տեսլականների զարգացմանը: Եթե հարցնեք, թե դրանով Ամերիկայում ապրող հրեաների կյանքն ավելի իսրայելակենտրոն է լինելու, կպատասխանեմՙ այո՛, եւ կավելացնեմ, որ դա, իմ կարծիքով, լավ է, որովհետեւ այդ դեպքում նրանք ավելի շատ ներգրավված կլինեն իրենց երկրի զարգացման գործընթացներում, փոխանակ պարզապես անտարբեր լինելու նրա հանդեպ: Առաջարկված գաղափարը նաեւ ծառայելու է հրեաների միասնականությանը: Ընտրական հավասար իրավունք ունենալը նպաստելու է, որ երկար ժամանակ մերժողական կամ ժխտողական մոտեցումներ ունեցողները եւս համագործակցեն եւ կնճռոտ հարցերի շուրջ երկխոսություն ծավալեն: Այսպիսով հարցերն անտեսելու փոխարեն, կողմերը աշխատելու են միասնական լուծումներ գտնելու ուղղությամբ:
Ճիշտ է, ծրագիրը կարող է գործող կուսակցություններին ստիպել ջանքեր գործադրել իրենց կողմը գրավելու սփյուռքի հրեաներին, բայց հավատացած եմ, որ վերջիններս ճիշտ կկողմնորոշվեն, ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական առումներով: Կարեւորն այն է, որ ինչքան շատ մարդիկ մասնակցեն սփյուռքից, այնքան շատ մարդկանց է բաժին ընկնելու հոգալ երկրի ապագայի բեռը, ինչը մեկուսացումից ազատելու է այդ մարդկանց եւ նաեւ, ինչու չէ, երկիրըՙ Իսրայելը: 2015-ին 22 հազար ամերիկահրեաներ քվեարկեցին Համաշխարհային Սիոնիստական համագումարի «Բարեփոխումների շարժման» ներկայացուցիչների օգտին: Կարելի է ենթադրել, թե որքան ավելի մարդիկ կքվեարկեն առաջարկված այս ծրագրին, որն առավել մեծ հեռանկարներ է խոստանում:
Մնաց անդրադառնամ նաեւ Իսրայելում ապրող փոքրամասնություններին: Երկրում բնակվող արաբներն իրավացիորեն մտահոգվելու են ժողովրդագրական այս փոփոխության առիթով, ինչպես 1990-ականներին պաղեստինցիներն էին վրդովվել Ռուսաստանից հրեաների ներգաղթի մեծ ալիքի առթիվ: Բայց հույս ունեմ, որ ծրագիրը նոր միջոցներ գտնելու հնարավորություն կընձեռիՙ ստեղծելու համար երկու պետություն երկու հարուստ սփյուռք ունեցող ժողովուրդների համար:
Միգուցե առաջարկս «դյուրամարս» չէ, բայց ցանկանում եմ, որ մարդիկ որոշ ժամանակ հատկացնեն «ծամելու» եւ խորհրդածելու առաջադրված հարցերի շուրջ: