ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող
Բեղավոր հրեշ Իոսիֆ Ստալինը ժամանակին կարգախոս էր հրապարակ նետելՙ կադրե՛րն են վճռում ամեն ինչ: Բայց դա ոչ միայն չէր խանգարում, այլեւ մեծապես պայմանավորում էր պետության ու ժողովրդի կենսագործունեության անխտիր բոլոր ոլորտներում աչքի ընկնող գրեթե բոլոր կադրերի անխնա ոչնչացումը: Միլիոններին լցրել էին համակենտրոնացման ճամբարներ եւ նրանց ճակատագրերը զոհաբերում էին իրենց ստեղծած արատավոր բարքերին: Հանրահայտ փաստ էՙ խորհրդային տիեզերանավերի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը 1960-ականների կեսերին թեթեւ վիրահատությունից մահացավ, որովհետեւ 30-ականներին Լավրենտի Բերիայի դահիճները բանտում…նրա ծնոտը ջարդե՛լ էին: Հենց տասնամյակներ առաջ ջարդված ու անհաջող կպած ծնոտի ոսկո՛րը թույլ չտվեց, որ վիրահատությունից հետո այդ հանճարեղ գիտնականը… նարկոզից ե՛տ գա:
Ինչո՞ւ եմ հիշեցնում այս մասին: Որպեսզի զգուշացնեմՙ շա՜տ զգույշ պիտի լինել, որ այս հետհեղափոխական էյֆորիայի մեջ, պատկերավոր ասած, կուրաբար չջարդենք ա՛յն կորոլյովների ծնոտները, ովքեր դեռ կարող են շատ եւ շատ օգուտներ բերել մեր պետությանն ու ժողովրդին: Բոլոր նախորդ հեղափոխությունների ժամանակ հաղթածների ու պարտվածների ատելությունը միմյանց նկատմամբՙ բնակա՛ն է համարվել: Բայց ատելությո՛ւնն էլ պետք է չափ ու սահման ունենա: Ինչ խոսք, ով նախկին իշխանությունների ժամանակ ձեռքերը կեղտոտել էՙ ներման հույս չպիտի՛ ունենա: Բայց նա, ով պետության կամ երկրի մյուս քաղաքացիների գրպանը չի՛ մտել (իսկ այդպիսիները, այդ թվում նաեւ պետական ապարատի աշխատակիցների շրջանում, նո՛ւյնպես քիչ չեն), իր ճակատագրի համար անհանգստանալու հիմքեր չպե՛տք է ունենա:
Ինչպես ՀՀՇ-ի իշխանազրկման շրջանումՙ այժմ մեզանում գնալով ծավալվում է առնետավազքը ՀՀԿ-ից: Չեմ հասկանումՙ դրանում ուրախանալու կամ չարախնդալու ի՞նչ կա: Ֆրանսիական առածն ասում էՙ չկա կին, որ ամուսնուն դավաճանած լինի միայն մե՛կ անգամ: Այսօր ՀՀԿ-ից Նիկոլ-ականների ճամբարն անցածները վաղը նույն հաջողությամբ կդավաճանեն նաեւ… ներկա վարչապետի՛ն:
Ի դեպ, երբեւէ ՀՀԿ-ական չեմ եղել, սակայն նախկին իշխանությունների օրոք հասարակության ու պետության մեջ այս կամ այն դիրքին հասած ոչ-քիչ ազնիվ մարդիկ եմ ճանաչում, որոնց այսօրվա առանձին կարճամիտներ անհարկի քարկոծո՛ւմ են: Ամեն արժող-չարժող ներկա իշխանությունների մասին թեկուզեւ աննշան քննադատական խոսք ասող ՀՀԿ-ականներին հեգնում է, թե ձեր օրոք լա՞վ էր, բա ինչո՞ւ այն ժամանակ ձայն չէիք հանում: Հասկացա՛նք, այն ժամանակ վա՛տ էր: Ուզում եք հիմա՞ էլ վատ լինի: Ասենքՙ մարդը այն ժամանակ չի համարձակվել որեւէ դժգոհություն արտահայտել: Հիմա էլ Նիկոլ Փաշինյանով իբրեւ թե հայիլ-մայիլ եղածների պաշտամունքից վախենալո՞վ լռի: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այս հեղափոխությունը, եթե հիմա էլ թեկուզեւ մե՛կ հոգի պետք է շարունակի վախենալ… իր կարծիքն արտահատելիս: Մանավանդ, Աստված գիտեՙ Փաշինյանի հասցեին զանազան սրտազեղումները որքանո՞վ են անկեղծ: Բոլոր ՀՀԿ-ականներին մեկ արշինով չափելը տխմարության գագաթնակետն է, իսկ նոր իշխանություններին նվիրվածություն ցույց տալու ձգտումով քծնելըՙ պարզապես նողկալի: Անցյալներում ձախողված բազմաթիվ մարդիկ կան, որ հետհեղափոխական Հայաստանում ինքնահաստատվելու ուրիշ ոչինչ չունեն, բացի նախկիններին փրփրաերախ հայհոյե՛լը:
Ուստի ճիշտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականություն իրականացնելիս լուսատարիներով հեռո՛ւ մնա նախկիններին տեղի-անտեղի հայհոյողներից, եթե այդպիսիների մեջ նույնիսկ իր մտերիմները կամ կուսակիցները լինեն: Ով վրեժից, կույր ատելությունից, նոր իշխանություններին դուր գալու կամ զանազան պաշտոնների տիրանալու մարմաջից դրդվածՙ նախորդներին հայհոյում է, տեղ չպիտի՛ ունենա հետհեղափոխական Հայաստանի իշխանության որեւէ օղակում: Հակառա՛կը, կարելի է համարձակորեն զանազան պաշտոնների առաջ քաշել այն բոլոր նախկին կադրերին, ովքեր ի վիճակի են եւ ցանկություն կհայտնեն օգուտ բերել մեր պետությանն ու ժողովրդին, եթե այդպիսիները այս կամ այն հարցում նույնիսկ վարչապետի հետ համաձայն չե՛ն: Ի՞նչ կա որ: Ինքը, վարչապետը, ամենեւին իրեն անսխալական չի՛ համարում: Ազգային Ժողովի հոկտեմբերի 24-ի նիստում հենց ի՛նքը շեշտեց, թե հստակորեն գիտակցում է, որ չի՛ կարելի կրկնել ՀՀՇ-ի սխալըՙ «թող մեզանից լինի, թեկուզեւ պոլի փայտ լինի»: Նաեւ ա՛յդ մտայնությունն էր, որ ձախողման հասցրեց մեր նախորդ երեք առաջին դեմքերին: Ուստի հարկավոր է այսուհետ ավելի վճռականորե՛ն ճանապարհից դեն նետել նման անարժեք «պոլի փայտերը»: Նրանք վատ սովորություն ունեն մտնելու պետական մեքենայի անիվների… ճաղաշարերի մեջ: Իսկ դրանից այդ մեքենան պարզապես… խափանվու՛մ է…