«Նոր մոտեցումներ Հայաստանի առաջին հանրապետության պատմությանը (1918-1920») ընդհանուր թեմայի շուրջ միջազգային համագումար է անցկացվելու նոյեմբերի 15-ից Սան Անտոնիոյում (Տեխաս, ԱՄՆ) գտնվող «Գրանդ Հյաթ» հյուրանոցում, հովանավորությամբ Հայկական ուսումնասիրությունների ընկերության (SAS) եւ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական բաժնի, տեղեկացնում է «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Համագումարը, որն անցկացվում է «Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների ասոցիացիայի» 52-րդ տարեկան հանդիպման (նոյեմբերի 15-ից 18-ը) շրջանակներում, բաղկացած է լինելու երկու մասից: «Առաջին հանրապետությունը միջազգային կոնտեքստում» խորագրի ներքո առաջին մասում, Լեյդն համալսարանից Ցոլին Նալբանդյանի նախագահությամբ, կարդացվելու է 3 զեկուցում: Ջորջ Բուռնությանը (Այոնա քոլեջից) անդրադառնալու է Հանրապետության տարածքային պահանջներին, Վարդան Մաթեւոսյանը (Նյու Յորքի Հայկ. ազգային կրթական կոմիտեից) Հարավային Ամերիկայում հանրապետության ճանաչմանը եւ Արի Շեքերյանը (Օքսֆորդ համալսարանից) օսմանյան-թուրքական եւ Ստամբուլի հայկական մամուլի արձագանքներին: Բացման խոսքով հանդես է գալու SAS-ի նախագահ Պետրոս Տեր-Մաթոսյանը (Նեբրասկա համալսարանից, Լինկոլն):
«Գենդերային եւ անձնային հատկություններն ու մշակույթն Առաջին հանրապետությունում» խորագրով երկրորդ նիստում, որին նախագահելու է Բարլոու Տեր Մկրտչյանը (Կալիֆոռնիայի պետհամալսարանից, Ֆրեզնո), ներկայացվելու են Սեդա Օհանյանի (ՀՀ ԳԱԱ-ից) «Հայ կանայք Ա. հանրապետության խորհրդարանում», Յակուբ Օսիեկի (Կրակովի Յագայլոյան համալսարանից) «Հայր Անտոնիո Դելպուչի այցը Հայաստան որպես փորձ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի եւ Վատիկանի միջեւ», Խաչիկ Մուրադյանի (Կոլումբիա համալսարանից) «Դառնալով Արամ: Հեղափոխական պետական գործչի ժառանգությունը» եւ Խորեն Գրիգորյանի (ՀՀ ԳԱԱ-ի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից) «Ա. Հանրապետության թղթադրամները» զեկուցումները: Փակման խոսքով հանդես է գալու Ռիչարդ Հովհաննիսյանը:
Նկար 1. Ցոլին Նալբանդյան