Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նա գործունեությունը կշարունակի ԱԺ-ում՝ փոխարինելով արդեն ԿԸՀ նախագահ դարձած «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին:
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ ձեզ՝ ձեր վստահության և գնահատականի համար։ Ուզում եմ նշել, որ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և անկախ ձեզանից դուք միշտ մասնակցել եք իմ կառավարման գործընթացին՝ բարձրաձայնելով իմ թերացումները և դրական գնահատելով արվածը, որը ուժ և վստահություն է տվել ինձ նոր ծրագրերի իրականացման համար։ Այս ընթացքում մեր թիմով շատ ծրագրեր հասցրեցինք անել, բայց շատերն էլ մնացին անավարտ, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
Հավաստիացնում եմ, որ ես և իմ գործընկերները շարունակելու ենք բոլոր կիսատ թողած ծրագրերը և ավելին՝ օգտագործելով օրենքով ինձ տրված լիազորությունները, աշխատանքս օրենսդիրում միտված է լինելու ի նպաստ մեր քաղաքի զարգացմանը և պատվախնդիր գյումրեցու համար արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Չէ՞ որ Գյումրին բոլորիս Տուն-քաղաքն է»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։